
Մեկ տարվա դադարից հետո «Փյունիկը» վերադառնում է Չեմպիոնների լիգա: Մեր ակումբը գլխավոր եվրագավաթի որակավորման փուլում է ռեկորդային 14-րդ անգամ: Նախորդ երկու մրցաշրջաններում մեր թիմը հայկական մյուս ակումբներից ամենահեռուն է գնացել եվրոպական մրցաշարերում:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» 2022/23 մրցաշրջանում հասել է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, ինչպես նաև հաղթանակ տոնել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Սրանք դեռևս բացառիկ ցուցանիշներ են հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ:
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում մեր մրցակիցը Բելառուսի գործող չեմպիոն Մինսկի «Դինամոն» է: Նախորդ դարում Մինսկի «Դինամոն» չեմպիոն է դարձել ԽՍՀՄ Բարձրագույն խմբում, ինչպես նաև, եվրոպական երկու ամենահեղինակավոր մրցաշարերում հասել է մինչև քառորդ եզրափակիչ:
Խորհրդային Միության փլուզումից հետո մայրաքաղաքային թիմը 8 անգամ դարձել է երկրի չեմպիոն, բացի դրանից, 2014/15-ին ու դրան հաջորդող մրցաշրջաններում հասել է մինչև Եվրոպա լիգայի խմբային փուլ:
Ինչպես «Դինամոն» միացրեց շարժիչը 1980-ականներին, որտեղ հասավ, և երբ սկսվեց ու ավարտվեց բելառուսական ակումբի հեգեմոնիան: «Փյունիկի» մամուլի ծառայությունը Չեմպիոնների լիգայում առաջիկա հանդիպումից առաջ ուսումնասիրել է մրցակցի ակունքները և առանձնացրել ամենահետաքրքիրը:
Ակումբի ստեղծումը
Մինսկի «Դինամոն» ստեղծվել է 1927 թվականի հունիսի 18-ին: Բելառուսական թիմը 1937 թվականից 3 անգամ անընդմեջ չեմպիոն է դարձել իր երկրում: Մայրաքաղաքային թիմը 1940-ին ստացել է վարպետների թիմի կարգավիճակ և ձեռք բերել ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք:«Դինամոյի» հեղինակավոր մարզադաշտը Բելառուսում
1934 թվականին Բելառուսում պաշտոնապես բացվել է Ազգային Օլիմպիական մարզադաշտը, որտեղ մրցելույթներ են ունենում բացառապես Մինսկի «Դինամոն» և Բելառուսի ազգային հավաքականը: ՈւԵՖԱ-ի կողմից 4 աստղի վարկանիշ ունեցող մարզադաշտը առաջին անգամ վերակառուցվել է 1939 թվականին, սակայն շատ կարճ ժամանակ անց ավերվել է՝ պատերազմի հետևանքով: Նախորդ դարում, մայրաքաղաքային մարզադաշտը մի քանի անգամ վերակառուցվել է, արդյունքում 50.000 նստատեղերի թիվը նվազել է՝ հասնելով 22.246-ի:
1980 թվականին այս մարզադաշտը ընդունել է ամառային Օլիմպիական խաղերի 6 հանդիպում, ինչպես նաև Խորհրդային Միության տարիներին այստեղ են անցկացվել մինչև 18 և 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հանդիպումներ: 2008/09 , 2011/12 և 2012/13 մրցաշրջաններում այստեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներ է անցկացրել Բորիսովի ԲԱՏԷ-ն:«Դինամո Մինսկը» հարազատ և մեծ պատմություն ունեցող իր մարզադաշտից զրկված է այս եվրագավաթային հանդիպումների ընթացքում: ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել բելառուսական ակումբների հանդեպ և նրանք ելույթ են ունենում այլ երկրներում, որտեղ միևնույն է կասեցված է երկրպագուների մուտքը մարզադաշտ:
ՈւԵՖԱ-ի կիրառած պատժամիջոցների հետևանքով մեր արտագնա հանդիպումը (հուլիսի 10, 22:45) «Դինամոյի» ազգային Օլիմպիական մարզադաշտի փոխարեն կայանալու է Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքի մարզադաշտում:
Պատմական չեմպիոնություն ԽՍՀՄ-ում
Մինսկը ներկայացնող թիմը վայրիվերումներով է մասնակցել ԽՍՀՄ առաջնությոններին՝ պարբերաբար Բարձրագույն խմբից նահանջելով Առաջին խումբ: Ժամանակի ընթացքում դինամոյականները բարձրացրել են իրենց խաղամակարդակը` ստվերելով 1953-ին ու 1956-ին Առաջին խմբում գրանցած չեմպիոնությունները:
Խորհրդային Միության Բարձրագույն խմբում 1982-ին Կիևի «Դինամոն» և Մոսկվայի «Սպարտակը» թելադրողի դերում էին: Մինսկի «Դինամոն» այդ տարի լրջորեն միացել էր չեմպիոնական մրցավազքին և կարողացավ պատմություն կերտել: Առաջնությունում ծանր և լարված պայքարի վերջնարդյունքում, նրանք վաստակել էին 47 միավոր ու թիկունքում էին թողել Կիևի «Դինամոյին»: Այդ հաղթանակը գլխավոր եվրագավաթի ուղեգիր ապահովեց բելառուսների համար, և ինչպես պարզ էր դառնալու հետո, նրանք պատվով էին ներկայացնելու ԽՍՀՄ-ը գլխավոր եվրոպական մրցաշարում:
Ճակատագիր դարձած քառորդ եզրափակիչները
ԽՍՀՄ Բարձրագույն խմբում չեմպիոն դառնալուց հետո՝ 1983/84 մրցաշրջանում, «Դինամոն» մասնակցեց Եվրոպայի գավաթին (ներկայիս՝ Չեմպիոնների լիգա): Ըստ ձևաչափի` թիմերը սկսում էին պայքարը 1/16-րդ եզրափակիչից: Խորհրդային Միության գործող չեմպիոնն այդ ժամանակ հաղթահարել էր երկու փուլ՝ շրջանցելով շվեյցարական «Գրասհոպերին» ու հունգարական «Ռաբային» (այժմ` «Դյոր»):
Քառորդ եզրափակիչից բելառուսական թիմը չի կարողանում շարունակել հաջող ընթացքը: Ռումինիան ներկայացնող Բուխարեստի «Դինամոն» ծանր պայքարում՝ դիմակայությունում 2:1 հաշվով հաղթանակ է տոնում և շարժվում առաջ:
Սակայն դինամոյականներից Վիկտոր Սոկոլը 6 գոլով դառնում է այդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
1984/85 մրցաշրջանում «Դինամոն» ՈւԵՖԱ-ի գավաթում (այժմ Եվրոպա լիգա) կրկնեց նախորդ տարվա արդյունքները: Նախ, Մինսկը ներկայացնող թիմը հաղթահարեց ֆիննական ՀԻԿ-ի արգելքը՝ երկու խաղում 10 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Հետագայում, դինամոյականները հաղթահարեցին Լիսաբոնի «Սպորտինգի» և լեհական «Վիդզեվի» արգելքը: Մայրաքաղաքային թիմի համար վերջին կանգառն այս մրցաշարում կրկին քառորդ եզրափակիչն էր, որտեղ նրանք ճանապարհը զիջեցին Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Ժելեզնիչարին»:
Մինչև Խորհրդային Միության փլուզումը, «Դինամոն» 1987/88 մրցաշրջանում մասնակցեց Եվրոպայում վարկանիշով 3-րդ մրցաշարին և հասավ մինչև քառորդ եզրափակիչ: Այդ տարի դինամոյականները իրենց ճանապարհին շրջանցեցին թուրքական «Հենչերբիրլիգին» և իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Մղձավանջ դարձած քառորդ եզրափակիչները Մինսկի «Դինամոյին» հետապնդեցին նաև այդտեղ. մայրաքաղաքային թիմը ծանր պայքարում՝ դիմակայությունում 1:2 հաշվով զիջեց բելգիական «Մեհելենին»:
Հեգեմոնիայի սկիզբն ու ավարտը Բելառուսում
Խորհրդային Միության փլուզումից հետո, «Դինամոն» հաստատում է իր հեգեմոնիան արդեն ազգային առաջնությունում: 1992-ից մինչև 1997 թվականները մայրաքաղաքային թիմը 6 անգամ դառնում է երկրի չեմպիոն, 2 անգամ` գավաթակիր, մեկ անգամ էլ` Սուպերգավաթակիր:
Ինչպես ընդունված է ֆուտբոլում, երկարատև հաջողությունները մի օր ավարտվում են. «Դինամոն» 21-րդ դարի սկզբում ընդամենը մեկ անգամ՝ 2004-ին, հռչակվում է չեմպիոն և 19 տարով հրաժեշտ տալիս ազգային առաջնության գլխավոր գավաթին:
«Դինամոն» եվրագավաթային աշուն է նվիրել Բելառուսին
2014 թվականին Բելառուսում փոխչեմպիոն դառնալուց հետո, մայրաքաղաքային թիմը ձեռք է բերում Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Մինսկի «Դինամոն» պայքարը սկսում է որակավորման 2-րդ փուլից. դինամոյականների ճանապարհին հաջորդաբար հայտնվում են ֆիննական «Մյուպա-47»-ը, ռումինական «Կլուժը» և պորտուգալական «Նասյոնալը»: «Դինամոն» առանց խնդիրների հաղթում է խոշոր հաշիվներով և ուղիղ թռիչքով մեկնում Եվրոպա լիգայի խմբային փուլ:
Բելառուսական թիմը ընդգրկվում է մեկ խմբում` «Ֆիորենտինայի», ՊԱՕԿ-ի և ֆրանսիական «Գենգանի» հետ: Մրցակիցները համեմատաբար ավելի փորձառու էին և այստեղ «Դինամոն» վաստակում է ընդամենը 4 միավոր` խմբում զբաղեցնելով վերջին տեղը:
Բելառուսների համար հիշարժան է իտալական «Ֆիորենտինայի» հետ վերջին տուրի հանդիպումը, որտեղ նրանք 10 հոգով կարողացան հաղթանակի հասնել 2:1 հաշվով:Հաջորդ մրցաշրջանում «Դինամոն» բացառիորեն նույն ճանապարհով կրկին հայտնվում է Եվրոպա լիգայի խմբային փուլում: Որակավորման երկրորդ և երրորդ փուլերում մայրաքաղաքային թիմը հաղթահարում է բուլղարական «Չեռնո Մորեի» և շվեյցարական «Ցյուրիխի» արգելքը: Արդեն որակավորման փլեյ-օֆֆում Մինսկի ներկայացուցիչները դժվարին մրցակից ունեին՝ հանձին ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի»: Բելառուսները պատմական հաղթանակի են հասնում նրանց նկատմամբ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում:
Կրկնվում է նաև նախորդ մրցաշրջանի խմբային փուլի սցենարը. բելառուսական թիմը խմբում միակ հաղթանակը տանում է նախավերջին տուրում՝ Պլզենի «Վիկտորիայի» հետ խաղում: 10 հոգով մնացած դինամոյականները հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին հաղթանակ են կորզում` վաստակելով իրենց առաջին 3 միավորը:
Այնուամենայնիվ, Մինսկը ներկայացնող թիմը մրցաշարն ավարտում է վերջին տեղով՝ վաստակած 3 միավորով:
Ռեկորդակիրներ
«Դինամոյի» պատմության լավագույն ռմբարկուն Էդուարդ Մալոֆևեն է` 103 գոլով: ԽՍՀՄ առաջնության 1970/71 մրցաշրջանում Մալոֆևեը ցույց է տվել չլսված արդյունավետություն` 16 գոլով դարձել էր Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու:
Մինսկի «Դինամոյի» գույներով ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը Սերգեյ Գոցմանովն է, որը 387 խաղ է անցկացրել դինամոյականների կազմում
19 տարի անց նրանք վերադառնում են
2023 թվականին մայրաքաղաքային թիմը հիշեցրեց իր մասին՝ 19 տարի անց դառնալով երկրի չեմպիոն: Բելառուսում առաջնության ձևաչափը գարուն-աշուն է: 28 խաղից 22-ում դինամոյակնները հաղթանակ գրանցեցին, ինչպես նաև գրանցեցին 3-ական ոչ-ոքի ու պարտություն: Այս հաջողության ճանապարհին թիմի ղեկին էր Վադիմ Սկրիպչենկոն, որը բազմափորձ մարզիչ է Բելառուսում:Ավարտված մրցաշրջանում առաջնության լավագույն ռմբարկուն Վլադիսլավ Մորոզովն էր` 16 գոլով: 23-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին, և ինչպես պարզվեց հետո՝ վերջին մրցաշրջանն էր «Դինամոյի» կազմում:
Շատ գոլեր, կրակոտ ֆուտբոլ. ո՞վ է Մինսկի «Դինամոյի մարզիչը»
Մինսկի «Դինամոն» 2022 թվականից մարզում է 48-ամյա Վադիմ Սկրիպչենկոն: Փորձառու մասնագետի գլխավորությամբ մայրաքաղաքային թիմը 19 տարի անց դարձել է Բելառուսի չեմպիոն, ինչպես նաև վերադարձել Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենավարկանիշային մրցաշար՝ Չեմպիոնների լիգա:
Սկրիպչենկոն ԲԱՏԷ-ում 3 տարի շարունակ օգնել է Վիկտոր Գոնչարենկոյին, որի հետ հռչակվել է Բելառուսի եռակի չեմպիոն, ինչպես նաև օգնել թիմին հաջող մասնակցություն ունենալ եվրագավաթներում: Որպես գլխավոր մարզիչ` Սկրիպչենկոն առաջին հաջողությանը հասել է «Մինսկ» ակումբի հետ՝ հաղթելով Բելառուսի գավաթի խաղարկությունում:
Հետաքրքրական է, որ Վադիմ Սկրիպչենկոն 2018/19 մրցաշրջանում մարզել է Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիան»: 48-ամյա մարզիչը երկար տարիներ աշխատել է նաև Ռուսաստանում՝ ընդգկրված լինելով «Կուբանի», «Ուրալի», «Անժիի» և «Կրիլյա Սովետովի» համակարգերում:
Այս մասնագետի սիրելի և հաճախ կիրառելի դասավորություններից է 4-3-3-ը: Սկրիպչենկոն դավանում է հարձակողական ֆուտբոլ: Չեմպիոնական մրցաշրջանում Մինսկի «Դինամոն» աչքի էր ընկել 72 գոլով, վերջին անգամ նմանատիպ տպավորիչ ցուցանիշ ցուցադրել էր ԲԱՏԷ-ն՝ 7 տարի առաջ (73 գոլ):
Ներկայիս կազմը
Մինսկի «Դինամոյի» կազմի միջին տարիքը 29-ն է: Բելառուսական թիմից 5 ֆուտբոլիստ հրավիրվում է ազգային հավաքական` Սերգեյ Պոլիտեվիչ, Արտեմ Բիկով, Ալեքսանդր Սելյավա, Ֆեդոր Լապուխով, Իլյա Չերնյակ:
Մայրաքաղաքային ակումբից ևս 9 ֆուտբոլիստ հրավիրվում են Բելառուսի տարբեր տարիքային հավաքականներ:
Մինսկի «Դինամոյի» ներկայիս կազմից ամենափորձառուն Արտեմ Բիկովն է, որը ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներ ցուցակում 13-րդ տեղում է (269 խաղ):
Բելառուսի Բարձրագույն խմբում 5 թիմեր ունեն հավասարաչափ լեգեոներներ (6), մեր մրցակիցը` Մինսկի «Դինամոն» այդ թիմերի ցանկում է;
Ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն նիգերիացի Ռայմոնդ Ադեոլան է` 5 գոլով
Մայրաքաղաքային թիմում մեծ հույսեր են կապում նաև ակադեմիայի սան Արտեմ Սոկոլովսկիի հետ: 17-ամյա կիսապաշտպանը «Դինամոյում» մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգային՝ հաղթահարելով առաջին փուլը: Իսկ արդեն գլխավոր թիմում, ընդանուր, նա դաշտ է դուրս եկել 7 անգամ և աչքի ընկել 2 գոլով:
Հայ ֆուտբոլիստները բելառուսական ակումբում
Մինչև այս պահը Մինսկի «Դինամոյում» խաղացել է 3 հայ ֆուտբոլիստ, որոնցից 2-ը տարբեր ժամանակներում հանդես են եկել նաև «Փյունիկում»: 2008 թվականին դինամոյականների գույները պաշտպանել է մեր նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, իսկ 2016-ին` մեր ակումբի սան Արթուր Եդիգարյանը: Այստեղ հանդես եկած հայ ֆուտբոլիստներից մեկն էլ Ռոբերտ Զեբելյանն էր, որը ընդամենը 9 խաղ անցկացնելով Մինսկի թիմում դարձել էր 2 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջան
Վերհիշեցնենք, որ Բելառուսում առաջնության ձևաչափը գարուն-աշուն է: Այս մրցաշրջանում թիմերն արդեն թիկունքում են թողել առաջնության կեսից ավելին: Մինսկի «Դինամոն» այս պահին առաջատար է Բելառուսի առաջնությունում: 15 խաղից հետո մայրաքաղաքային թիմը հավասար՝ 35-ական միավոր ունի «Տորպեդո-ԲելԱզ Ժոդինո» թիմի հետ և առաջ է անձնական ցուցանիշներով:
Վերջին 5 խաղում «Դինամո Մինսկը» տոնել է նույնքան հաղթանակ, որից մեկը գավաթի խաղարկություան անցումային 3-րդ ռաունդում (Բելառուսում փլեյ-օֆֆ-ից առաջ 3 անցումային փուլեր են). հատկանշական է, որ մայրաքաղաքային թիմը վերջին խաղերում հաղթել է լավագույն քառյակում գտնվող երկու թիմի՝ Գրոդնոյի «Նեմանին» և Բրեստի «Դինամոյին»: Բելառուսի գործող չեմպիոնը հաղթել է նաև ԲԱՏԷ-ին, որը այս պահին 10-րդ տեղում է: Ընդանուր առմամբ, վերջին 5 խաղում Մինսկի «Դինամոն» 18 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, սեփականն ընդունելով 2-ը:
Մեր առաջիկա մրցակիցն այս տարի ներքին առաջնությունում դեռ չի ճաշակել պարտության համը՝ 10 հաղթանակ, 5 ոչ ոքի: Դաշտի նոմինալ տեր թիմը արդեն հրապարակել է «Փյունիկի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպման հայտացուցակը: Հետաքրական է, որ վերջերս Մինսկի «Դինամոյի» հետ պայմանագիր է կնքել մեր նախկին ֆուտբոլիստ Ստիվեն Ալֆրեդը, որը 2019-ից մինչև 2021 թվականները պաշտպանել է մեր գույները: