
«Փյունիկի» ակադեմիայի սաներ Սերգեյ Հարությունյանը և Կարեն Հովակիմյանը զինվորական ծառայության ընթացքում հանդես կգան ԲԿՄԱ-ում:
Սերգեյ Հարությունյանը 2016 թվականից հաճախել է մեր մարզադպրոց ու ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Փյունիկ-3-07» թիմում։ Նա դարձել է Հայաստանի Մ-18 տարեկանների առաջնության հաղթող և կրկնակի գավաթակիր։ 2023 թվականի մարտին Սոչիում անցկացված մրցաշարում ճանաչվել է մրցաշարի լավագույն պաշտպան։ Սերգեյը խաղացել է նաև Հայաստանի Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։ 2023 թվականին մեր ֆուտբոլիստը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի կազմում հաղթել է Մալթայում անցկացված ՈւԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարում, իսկ նույն տարվա աշնանը մասնակցել է Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության ընտրական փուլին։ 2024 թվականի ամռանը Սերգեյը «Փյունիկի» Մ-18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» հետ հանդիպումներին։ Նախորդ մրցաշրջանում Սերգեյ Հարությունյանը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրել է 21 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ։
Կարեն Հովակիմյանը ևս իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է մեր ակադեմիայում՝ 5 տարեկանից։ 2023/24 թթ. մրցաշրջանում «Փյունիկ 2007»-ի հետ դարձել է Հայաստանի Մ-18 տարեկանների առաջնության հաղթող և գավաթակիր, իսկ 2024 թվականին մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» հետ հանդիպումներին։ Կարենը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։ 2022-23 թթ․ մեր ֆուտբոլիստը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ 2024 թվականի ամռանը Կարենն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Փյունիկի» հետ։ Նախորդ մրցաշրջանում Կարեն Հովակիմյանը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում մասնակցել է 22 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ։
Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին հաջող մրցելույթներ նոր ակումբի կազմում։