Հայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» ընդունեց «Ուրարտու-2»-ին։
Այս խաղից առաջ Ստեփան Հարությունյանի թիմը մեկնարկային երկու տուրերից հետո 6 միավորով ընթանում էր առաջատարների թվում ու լավ տպավորություն էր թողել նախորդ խաղերում։
Հաշվետու հանդիպման առաջին իրական պահը ստեղծեցին մեր ֆուտբոլիստները, երբ Վալերի Համբարձումյանը, շրջանցելով մրցակցի խաղացողին, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն բարձր հարվածեց՝ չօգտագործելով հիանալի հնարավորությունը։
Ընդմիջումից հետո «Փյունիկ Ակադեմիայի» կազմում երկու անգամ կարող էր աչքի ընկնել Վարդան Մելիքյանը, սակայն երկու դեպքում էլ իր թիմին փրկեց «Ուրարտու-2»-ի դարպասապահ Նուբար Գիշյանը։
66-րդ րոպեին Վալերի Համբարձումյանին վայր գցելու համար մեր թիմը վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք, և հենց տուժողն էլ, հստակորեն իրացնելով այն, խփեց ընթացիկ առաջնությունում իր 4-րդ գոլը։
Այդուհանդերձ, «Փյունիկ Ակադեմիային» չհաջողվեց տոնել երրորդ անընդմեջ հաղթանակը. խաղավարտից 2 րոպե առաջ մրցակցի կազմում փոխարինման մտած Ալեքս Մանուկյանը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ 1:1։
«Փյունիկ Ակադեմիան» վաստակեց 7 միավոր և այս պահին ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում։
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 19-ին՝ արտագնա խաղում մրցելով «Բենտոնիտի» հետ։