0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Վարազդատ Հարոյանը վերադարձավ «Փյունիկ»

Ուրախ ենք տեղեկացնել, որ երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել մեր ակումբի լավագույն սաներից, 32-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը։ 

Անցնելով «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցը, Հարոյանը 2008 թվականին իր կարիերան սկսել է Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Պատանի» թիմում։ 2009 թվականի ապրիլի 7-ին, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Կիլիկիայի» դեմ (3:0) պատասխան խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկում»։ Հաջորդ մրցաշրջանում Վարազդատն ամրապնդվեց մեր թիմի հիմնական կազմում և աստիճանաբար դարձավ «Փյունիկի» առանցքային խաղացողներից։ 

Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական խաղերում նա «Փյունիկում» մասնակցել է 181 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։ 

2016 թվականի ամռանը Հարոյանը տեղափոխվել է իրանական «Փադիդե» ակումբ, որտեղ 1 տարի հանդես գալուց հետո, կարիերան շարունակել է Եկատերինբուրգի «Ուրալում»։ Հետագայում հայ ֆուտբոլիստը խաղացել է ռուսական «Տամբովում», ղազախական «Աստանայում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։ 2021-22 թթ. Վարազդատ Հարոյանը ելույթ է ունեցել իսպանական «Կադիսում», որտեղ անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ՝ դառնալով Իսպանիայի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը։ 

2021 թվականի տարեվերջին ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցմամբ՝ Վարազդատ Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 

Հարոյանի նախորդ թիմը՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ է ունեցել 2024 թվականի փետրվարից։ 

Վարազդատ Հարոյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011 թվականի օգոստոսին Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 89 հանդիպում և խփել 4 գոլ։ 2021 թվականից նա հանդիսանում մեր ընտրանու ավագը։ 

Բարի գալուստ տուն, Վարազդատ։

Վերջին նորություններ