Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»։ Մեր թիմը տևական ժամանակ անց դաշտի տիրոջ կարգավիճակով վերադարձել էր Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ։
Առաջին հարվածը կատարեցին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, երբ տուգանային խաղարկումից հետո Անան Մենսահի գլխով հարվածը շեղ ընթացավ։ Դրանից հետո «Փյունիկը» պատասխանեց Մատաս Վարեյկայի և Ալեմաոյի հարվածներով, որոնք արդյունք չբերեցին մեր թիմին։
23-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը․ Մատաս Վարեյկան աջ թևից ներխուժեց տուգանային հրապարակ, շրջանցեց մրցակցի պաշտպան Յուրի Մարտիրոսյանին ու գնդակն ուղարկեց Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը՝ 1։0։
Այնուամենայնիվ, հաշիվը երկար չպահպանվեց. 28-րդ րոպեին դաշտի կենտրոնում Պետրոս Ավետիսյանը մեկ հպումով գնդակը փոխանցեց առջևում հերթապահող Սարգիս Մեթոյանին, ով էլ ձերբազատվելով Անտոն Բրատկովի հսկողությունից, ուժեղ հարվածով հաշիվը դարձրեց 1։1։
Խփած գոլից հետո «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ակտիվացան և մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն Ստանիսլավ Բուչնևը վստահ գործեց դարպասում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում մեր թիմը կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, երբ Ալեմաոն ստանդարտից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն այն հետ մղեց Վալերիո Վիմերկատին:
Նռնագույնները ևս մեկ պահ ստեղծեցին խաղի 68-րդ րոպեին: Հյուրերի տուգանային հրապարակում Սանի Բուհարին ազատ էր մնացել և աջ ոտքով փորձեց գրավել դարպասի հեռավոր աջ անկյունը, սակայն նորից Վալերիո Վիմերկատին հասցրեց հետ մղել գնդակը, որն էլ հսյտնվեց Միխայիլ Կովալենկոյի մոտ, սակայն արդեն ռուս ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը գծի վրայից հանեց «Ալաշկերտի» պաշտպանը:
«Փյունիկի» հաջորդ հանդիպումը Հայաստանի Սուպերգավաթի շրջանակում է: Մեր թիմը այն կվիճարկի «Արարատ-Արմենիայի» հետ ապրիլի 9-ին «Հանրապետականում»: