0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ուրարտու» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

11 օգոստոս, 19:30, Երևան, «Ուրարտու» մարզադաշտ, 2-րդ տուր

Վաղը «Փյունիկը» իր մրցելույթները կսկսի Հայաստանի 2019/20թթ. Բարձրագույն խմբի նոր մեկնարկած առաջնությունում։ Մեր թիմը արտագնա խաղում կհյուրընկալվի մրցաշրջանի սկզբում վերանվանված «Ուրարտուին» (նախկին «Բանանց»)։

Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկությունում մեր թիմի՝ որակավորման 3-րդ փուլ դուրս գալու հետ պայմանավորված, հետաձգվել էր 1-ին տուրի «Փյունիկ» - «Լոռի» խաղը։ Եթե նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» առաջնությանը ներգրավվեց 3-րդ տուրից, քանի որ կրկին դուրս էր եկել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ, ապա այս անգամ մեր թիմի մասնակցությամբ 2-րդ տուրի մրցավեճը չհետաձգվեց։ Այս հանդիպումից 4 օր անց, մեր թիմը Անգլիայում կանցկացնի Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ փուլի «Վուլվերհեմփթոնի» դեմ պատասխան խաղը։

Նշենք, որ «Ուրարտուի» դեմ հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 11-ին, «Ուրարտու» մարզադաշտում և կսկսվի ժամը 19։30-ին։ Խաղը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը։

Նախորդ առաջնությունում թիմերի միջև կայացած 4 խաղերում երկիշխանություն էր. մեկական հաղթանակ տարել էին «Բանանցն» ու «Փյունիկը» (4-2, 0-2) և երկու հանդիպում ավարտվել էր ոչ-ոքի (1-1, 1-1): Գնդակների տարբերությունը նույնպես հավասար էր՝ 6-6։ Մեր թիմի համար հատկապես ճակատագրական եղավ 4-րդ խաղաշրջանի հանդիպումը, երբ արձանագրված ոչ-ոքին «Փյունիկին» զրկեց կարևոր 2 միավորից, որը չեմպիոնության արժեք ունեցավ։    ։

Նախորդ առաջնության համեմատ կադրային առումով զգալիորեն փոխվել է մեր թիմի կազմը: Մրցաշրջանից առաջ մեր թիմի շարքերը համալրել են 11 նոր խաղացողներ, որոնցից՝ Անտոն Բելովը,  Անտոնիո Ստանկովը, Ստանիսլավ Եֆիմովը, Ալեքսանդր Գալիմովը, Մարկո Բուրզանովիչը և Սթիվեն Ալֆրեդը վաղը կայանալիք հանդիպմանը մասնակցելու դեպքում իրենց նորամուտը կնշեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

Ավելացնենք, որ դեռևս նախորդ առաջնության 4-րդ խաղաշրջանից սկսած, «Փյունիկը» Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ 8 խաղ անընդմեջ առաջնությունում անպարտելի է։

Վերջին նորություններ