0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Շիրակ» - «Փյունիկ» 0-2. Կարևոր հաղթանակ Գյումրիում (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրի շրջանակներում «Փյունիկը» Գյումրիում հյուրընկալվել էր «Շիրակին»:

Հանդիպման առաջին վտանգավոր պահը ստեղծեցին մեր ֆուտբոլիստները. Մոհամեդ Կոնատեի գլխով հարվածից հետո իր թիմին փրկեց «Շիրակի» դարպասապահը: Առաջին կեսում երկու թիմերն էլ մերթընդմերթ փորձում էին սպառնալ միմյանց դարպասին, սակայն գործն իրական գոլային պահերին չէր հասնում: Դաշտի տերերը առաջին կեսում քիչ թե շատ միակ վտանգավոր պահը ստեղծեցին 44-րդ րոպեին, երբ Դավիթ Ղանդիլյանի հարվածը նպատակին չհասավ:

Երկրորդ կեսի սկզբնամասում նույն Ղանդիլյանի վտանգավոր հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Առջևի գծում մեր թիմի գրոհներին սրություն հաղորդեց փոխարինման դուրս եկած Էրիկ Վարդանյան, ով փորձում էր լարվածության մեջ պահել «Շիրակի» պաշտպաններին:

73-րդ րոպեին դաշտի տերերի վտանգավոր գրոհից հետո, մեր թիմին նախ փրկեց Անդրիյա Դրագոևիչը, ապա Ռումյան Հովսեփյանը գնդակը հեռացրեց տուգանայինի մատույցներից: Ընդամենը 4 րոպե անց, Մաքսիմ Տրուսևիչի հիանալի փոխանցումից հետո Էրիկ Վարդանյանը դիպուկ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց «Փյունիկին»: Խփած գոլից շատ չանցած, մեր ֆուտբոլիստները կարող էին արագորեն խփել նաև երկրորդ  գնդակը, սակայն Ուսմանի փոխանցումից հետո Արթուր Միրանյանին մի փոքր չհերիքեց գնդակին հասնելու համար:

Իսկ 87-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց նաև կրկնապատկել խաղի հաշիվը. Էրիկ Վարդանյանը մեր թիմի կիսադաշտում մրցակցից խլելով գնդակը առաջ շարժվեց և գնդակը հասցեագրեց Ուսմանին, ով էլ իր հերթին հնարամտորեն գնդակը փոխանցեց ձախ թևից գրոհին միացած Սերգեյ Շևչուկին և վերջինս կարողացավ վերջակետ դնել հանդիպմանը:

«Փյունիկը» շատ կարևոր 3 միավոր վաստակեց Գյումրիում և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի վերնամասում:

Մրցաշարային աղյուսակը՝ այստեղ։

Վերջին նորություններ