0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» ավելացված ժամանակում հաղթեց «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 4-րդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվեց «Արարատին»։

Ինչպես հայտնի է, օգոստոսի 16-ին առաջնության 3-րդ տուրում նախատեսված «Փյունիկ» - «Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել էր մարզադաշտում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, ուստի մեր թիմը 12 օր հարկադրված մնացել էր առանց խաղերի։

Առաջնությունում «Վանի» դեմ կայացած նախորդ խաղի համեմատ «Փյունիկի» մեկնարկային կազմում կատարվել էր երկու փոփոխություն․ շարք էին վերադարձել վնասվածքներից ապաքինված պորտուգալացի Ֆիլիպե Ալմեյդան և Արտակ Դաշյանը։

Հանդիպման առաջին 45 րոպեներն անցան գրեթե առանց լուրջ գոլային պահերի, և «Փյունիկի» ձեռնարկած բոլոր փորձերը հիմնականում դեմ էին առնում մրցակցի ամուր ու երկշերտ պաշտպանությանը։ Կարելի է ասել, որ խաղի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան միայն ընդմիջումից հետո։

Առաջին լուրջ սպառնալիքը մեր թիմն «Արարատի» դարպասի մոտ ստեղծեց 50-րդ րոպեին, երբ Վիտին աջ եզրով ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց հսկողությունից դուրս մնացած Իման Գրիֆիտին, իսկ վերջինիս հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում։

Մեկ րոպե անց նույն Վիտիի փոխանցումից հետո Իման Գրիֆիտի համար կրկին աչքի ընկնելու հնարավորություն ընձեռվեց, սակայն նիդերլանդցին չկարողացավ հաջող արձագանքել գնդակին։

55-րդ րոպեին «Արարատի» տուգանային հրապարակում միջադեպ գրանցվեց Վարազդատ Հարոյանի և Յասոնաս Պիկիսի միջև, ինչից հետո մեր թիմի նախկին պաշտպանի նյարդերը տեղի տվեցին, ու մրցավար Վարդան Վարդումյանն անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց Հարոյանին՝ միաժամանակ արարատցիներին պատժելով 11-մետրանոց հարվածով։ Գնդակին մոտեցավ հենց Պիկիսը, որի հարվածից հետո հիանալի խաղաց «Արարատի» դարպասապահը՝ սլացիկ ցատկով հետ մղելով կիպրացու հարվածը։

Այդ պահին մտավախություն առաջացավ, որ կարող է կրկնվել այս տարվա ապրիլին թիմերի միջև կայացած վերջին հանդիպման սցենարը, երբ «Փյունիկը», ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, որոնց գումարվեց նաև Էդգար Մալաքյանի չիրացրած 11-մետրանոց հարվածը, խաղավերջում դաժանորեն պատժվեց ու զրկվեց թանկարժեք 3 միավորից։

Խաղի ավարտին գնալով ավելի քիչ ժամանակ էր մնում, սակայն, ի վերջո, Արտակ Օսեյանի կատարած փոխարինումներն՝ ի ուրախություն մեր թիմի, կարողացան շրջադարձային լինել այս խաղում։

Հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստ Մուսսա Կանտեից անդրադարձած գնդակին տիրեց Գևորգ Տարախչյանը, որը, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, սառնասրտորեն գրավեց մրցակցի դարպասը, ու մրցավարը VAR-ի օգնությամբ արձանագրեց խփած գոլը՝ 0։1։ Ի դեպ, Գևորգն առաջնության մեկնարկային երեք խաղերում, դուրս գալով փոխարինման, դառնում է գոլի հեղինակ։

Իսկ եզրափակիչ սուլիչից անմիջապես առաջ մեր թիմի ձեռնարկած արագ հակագրոհի արդյունքում Էդգար Մալաքյանը գնդակը փոխանցեց Վյաչեսլավ Աֆյանին, և վերջինս դիպուկ հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը՝ 0։2։ Հատկանշական է, որ 20-ամյա շնորհալի այս ֆուտբոլիստը, որը մեր ակադեմիայի սան է, իր առաջին գոլը խփեց «Փյունիկի» գլխավոր թիմում։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 7 միավոր ու այս պահին ընթանում է մրցաշարային աղյուսակի վերնամասում։

Վերջին նորություններ