Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 2-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վանին»։
Մեր թիմն առաջնության մեկնարկային տուրի՝ «Ուրարտուի» դեմ հանդիպման վերջին վայրկյաններին ցավալիորեն ձեռքից բաց էր թողել հաղթանակն ու զրկվել կարևոր 2 միավորից։ Այդ ամենից ելնելով՝ «Փյունիկը» պարտավոր էր այս անգամ սայթաքումներից զերծ մնալ ու անպայման տանել ընթացիկ առաջնությունում իր առաջին հաղթանակը։
Առաջ անցնելով՝ պետք է նշել, որ չարենցավանցիների դեմ ողջ խաղն ընթացավ մեր թիմի թելադրանքով ու շոշափելի առավելությամբ, ինչն արտացոլվեց լուսատախտակի վրա գրանցված հաշվով։
Խաղի 13-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը․ Կառլեն Հովհաննիսյանը հիանալի փոխանցումով գտավ Յասոնաս Պիկիսին, իսկ վերջինս, ձերբազատվելով մրցակցի պաշտպան Խավիեր Տորեսից, դիպուկ հարվածով գրավեց «Վանի» դարպասը։ Կիպրոսցի հարձակվողը բացեց իր գոլերի հաշիվը մեր թիմում։
Ընդմիջման գնալուց առաջ՝ 40-րդ րոպեին, Պիկիսն ու Հովհաննիսյանը փոխվեցին դերերով, և այս անգամ կիպրոսցու փոխանցումից հետո Կառլենը մոտ տարածությունից կրկնապատկեց խաղի հաշիվն ու խփեց իր առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում՝ 2։0։
Երկրորդ կեսում «Փյունիկին» հաջողվեց ևս մեկ գնդակ ուղարկել «Վանի» դարպասը։ 70-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանի գերազանց փոխանցումից հետո Սարգիս Մեթոյանը մեն-մենակ դուրս եկավ «Վանի» դարպասապահ Լուկաս Արսելիի դեմ, և նրա ոչ ուժեղ հարվածից հետո Արսելին անհաջող հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Գևորգ Տարախչյանը հաշիվը դարձրեց 3։0։ Գևորգն, իր հերթին, երկրորդ խաղում անընդմեջ փոխարինման դուրս գալով, կարողացավ դառնալ գոլի հեղինակ։
Խաղի մնացած ժամանակահատվածում Գևորգ Տարախչյանը ևս երկու անգամ կարող էր աչքի ընկնել, սակայն մի դեպքում նրա հարվածն աննշան շեղ ստացվեց, իսկ մյուս դրվագում գերազանց գործեց Լուկաս Արսելին։
Մեր թիմի կազմում գոլ խփելու մեկական լավ պահ ունեցան նաև փոխարինման մտած երկու հարձակվողները՝ Սարգիս Մեթոյանն ու Մոմո Յանսանեն։
Հատկանշական է, որ «Վանի» դեմ խաղում «Փյունիկի» գլխավոր թիմում իր նորամուտը նշեց մեր ակադեմիայի սան Հայկ Թաթոսյանը։ Ընդ որում, նա այս տարվա մարտին չարենցավանյան թիմի կազմում վարձավճարով հանդես գալու ընթացքում իր նորամուտն էր նշել Հայկական Պրեմիեր լիգայում։
«Փյունիկը» 3։0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ ու վաստակեց իր առաջին 3 միավորն ընթացիկ առաջնությունում։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ մրցելով առաջնության նորեկ «Սարդարապատի» հետ, որը մեկնարկային երկու խաղերում տարել է նույնքան հաղթանակ։