0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

13 հունիս, 18:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 22-րդ տուր

 1-ին խաղաշրջան (Տուր 7). 17.09.2019 «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» 1-2

Գոլերը՝ Դենիս Մահմուդով, 12 (0-1), Արաս Օզբիլիզ, 59 (0-2), Անդրանիկ Քոչարյան, 82 (1-2)

2-րդ խաղաշրջան (Տուր 16). 29.02.2020 «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» 2-0

Գոլերը՝ Արաս Օզբիլիզ, 33, 11մ. (1-0), Կառլեն Մկրտչյան, 41 (2-0)

Նախորդ տուրում «Փյունիկը» անցումային խմբի 7-10-րդ տեղերի համար խաղում սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց «Ուրարտուին»։

Դա առաջնությունում «Փյունիկի» երրորդ անընդմեջ պարտությունն էր։ Ավելի անհաջող հանդիպումների շարք մեր թիմը վերջին անգամ ունեցել է 2017/18թթ. առաջնության աշնանային հատվածում, երբ «Փյունիկը» Ալեքսեյ Երյոմենկոյի գլխավորությամբ 5 անընդմեջ պարտություն էր կրել։

«Ուրարտուի» դեմ խաղում իրենց նորամուտը Բարձրագույն խմբում նշեցին մեր թիմի երիտասարդ խաղացողներ՝ Սևակ Ասլանյանը և Դանիել Աղբալյանը, իսկ «Փյունիկի» կազմում միակ գոլի հեղինակ դարձած Էրիկ Ազիզյանը խփեց իր անդրանիկ գոլը ինչպես «Փյունիկում» անցկացրած պաշտոնական խաղերում, այնպես էլ Բարձրագույն խմբի առաջնությունում։

Ինչպես հետխաղյա ասուլիսի ժամանակ նշեց մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին, առաջնության մնացած խաղերում շեշտը կդրվի փորձարկել երիտասարդ խաղացողներին, ովքեր առաջիկայում կհամալրեն «Փյունիկի» գլխավոր թիմը։

Բարձրագույն խմբի 22-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Գանձասար-Կապանի» հետ, որը զբաղեցնում է 9-րդ տեղը և 5 միավորով զիջում է «Փյունիկին»։

Նշենք, որ ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» բացի «Երևանից», առավել հաջող է հանդես եկել նաև «Գանձասար-Կապանի» դեմ խաղերում՝ երկու խաղաշրջաններում էլ տանելով հաղթանակ։

Թիմերի միջև կայացած առաջին խաղաշրջանի խաղում, «Փյունիկը» կարողացավ առավելության հասնել 2-1 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկան Դենիս Մահմուդովը և Արաս Օզբիլիզն, ով այդ խաղում բացեց իր գոլերի հաշիվը «Փյունիկում»։

Երկրորդ խաղաշրջանի հանդիպումը կայացավ այս տարվա փետրվարի 29-ին, որը առաջնության գարնանային հատվածի մեր թիմի առաջին խաղն էր։ Առաջին կեսում Արաս Օզբիլիզի հստակ իրացրած 11 մետրանոցի և Կառլեն Մկրտչյանի հեռահար հարվածով խփած հիանալի գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց 2-0 հաշվով։ Ի դեպ, դա մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու առաջին խաղն էր «Փյունիկի» ղեկին։

Ավելացնենք, որ «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղը կկայանա վաղը՝ հունիսի 13-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 18։30-ին։

Հանդիպումը կսպասարկի Արտեմ Գասպարյանը։

Վերջին նորություններ