0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Սողոմոնյանի հարցազրույցը «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին

«Փյունիկ» ՖԱ-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը հարցազրույց է տվել «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին՝ խոսելով չեմպիոնական մրցաշրջանի և ակումբի առաջիկա ծրագրերի մասին։

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

 

- Երբ չեմպիոն հռչակվեցիք, ի՞նչ զգացողություններ ունեցաք, առավել ևս, որ «Արարատի» հետ չեմպիոնական հանդիպումը չափազանց ծանր ստացվեց։ Ընդ որում, այսքան տարիներ չարչարվելուց հետո վերջապես հասաք Ձեր նպատակին։ «Փյունիկի» նախորդ տարիների չեմպիոնությունն այսպիսին չէր, սա ուրիշ արձագանք ունեցավ։

- Այո, 5-րդ տարին է, ինչ ես «Փյունիկը» ձեռք եմ բերել։ Իհարկե, այս հաջողությանը շատ էինք սպասում, և այն, որ մենք վերջապես հասանք չեմպիոնության, համոզված եմ, որ սա ոչ միայն խաղացողների, այլև ամբողջ ակումբի համատեղ ջանքերի արդյունք է։ Վարչակազմը բոլոր հարցերը լուծել է բարձր մակարդակով։ Մարզչական շատ լավ շտաբ ունենք Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։ Դարպասապահների և ֆիզպատրաստության մարզիչներն իրենց պարտականություններն անթերի են կատարել։ Երկրպագուների դերն էլ շատ մեծ էր։ Մեր ակումբի երեխաները, երբ խաղեր չէին ունենում, նույնպես միանում էին երկրպագուներին ու մեծապես աջակցում թիմին։ Ամենակարևորն այն է, որ մեր հանդերձարանում շատ լավ մթնոլորտ էր: Բոլորն իրար թիկունք էին կանգնում։ Նույնիսկ «Արարատի» հետ վերջին խաղից առաջ ֆուտբոլիստներն ասել են․ «Ինչ մեզ անհրաժեշտ է եղել, Դուք ամեն ինչով ապահովել եք։ Հիմա մեր հերթն է։ Մենք պատրաստ ենք չեմպիոնության»։ Իմ կարծիքով՝ հենց այդ ամենը մեր թիմին հասցրեց չեմպիոնական բարձունքին։

- Այնպես էր դասավորվել, որ վերջին 2 տուրում պետք է մրցեիք «Արարատի» և «Ալաշկերտի» հետ, ովքեր պայքարում էին 3-րդ տեղի համար ու ովքեր փորձառու և բարձրակարգ խաղացողներ ունեին, պատվախնդիր էին և պատվերով նրանց հաղթելն ամենևին հեշտ խնդիր չէր։ Դուք մտավախություն չունեի՞ք։

- Իրոք, «Արարատի» հետ խաղը շատ ծանր էր։ Մենք չէինք ուզում խնդրի լուծումը հետաձգել «Ալաշկերտի» հետ խաղին, որովհետև հասկանում էինք, որ երկուսն էլ լավ թիմեր են։ «Արարատի» հետ հանդիպումն էլ փաստեց, որ պրոֆեսիոնալ ու անչափ լավ պատրաստված թիմ է։ Մենք գիտեինք, որ դժվար է լինելու և պատրաստվում էինք։ Մինչև վերջին վայրկյանը լարված խաղ էր գնում, մինչև մրցավարը հանդիպման ավարտը չազդարարեց, մենք բոլորս իրոք անչափ լարված էինք։ Ինձ թվում է՝ միայն այսպիսի դժվարությունները հաղթահարելով դու կարող ես դառնալ չեմպիոն։ Դժվարությամբ ձեռք բերածը միշտ ուրիշ արժեք է ունենում։ Ինձ շատ դուր եկավ մեր տղաների հոգեբանական տրամադրվածությունը, դժվարությունները հաղթահարելու պատրաստակամությունը։ Եթե հեշտությամբ հասնես չեմպիոնության, դա չի գնահատվի այնպես, ինչպես հարկն է։ Ցավոք, երբեմն լինում է, որ նման հարցերը նաև դաշտից դուրս են լուծվում։ Դա օգուտ չի բերի։

Չպետք է մոռանալ նաև եվրագավաթային հանդիպումները, որոնցում ավելի դժվար է լինելու։ Իսկ իմ գլխավոր նպատակն այն է, որ մեր հայկական ֆուտբոլը բարձրացնենք եվրոպական մակարդակի։ Շատ կարևոր է, որ երեխաների հետ աշխատանքները ճիշտ հունի մեջ դնենք, որպեսզի ամեն տարի Հայաստանում մի քանի լավ ֆուտբոլիստներ ի հայտ գան։ Ես տեսնում եմ, որ մեր մատաղ սերունդը տաղանդավոր է։ Հյուրերը գալիս ու տեսնում են, որ մեր ազգը ֆուտբոլային գեներ ունի։ Բացի այդ, Հայաստանում տարին 10 ամիս կարելի է ֆուտբոլ խաղալ։ Երեխաները ֆուտբոլը շատ են սիրում, հետևաբար ամեն ինչ մեզնից է կախված։ Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպենք, իր արդյունքները կտա։ Ես լավատեսորեն եմ տրամադրված մեր ֆուտբոլի ապագայի հանդեպ։ Այդ առումով «Փյունիկի» չեմպիոն դառնալը շատ կարևոր է մեր ակումբի համար։ Ես ավելի շատ դրա համար եմ ուրախանում։ Իհարկե, հաճելի է, որ թիմը դարձավ չեմպիոն։ Բայց ես մի քիչ ավելի խորն եմ նայում։ Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզվելուց հետո ֆուտբոլը Հայաստանում ամենավերջին պլան մղվեց։ Ոչ ոք չի ուզում ներդրում կատարել։

- Պրեմիեր լիգայի մեր թիմերից մեծամասնության սեփականատերերն ու հովանավորները, ճիշտ է, մեր հայրենակիցներն են, բայց արտերկրից են, հիմնականում Ռուսաստանից՝ «Փյունիկը», «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան», «Նոան», «Վանը»։ «Արարատի» հովանավորները շվեյցարացի մեր հայրենակիցներն են։ Փաստորեն, միայն «Ալաշկերտի» սեփականատերն ու հովանավորը՝ Բագրատ Նավոյանն է, որ տեղի գործարար է։

- Իրոք, մեր թիմերի մեծամասնության սեփականատերերը դրսից են։ Մենք հիմա ենթակառուցվածքների հետ կապված մեծ խնդիրներ ունենք։ Օրինակ՝ եթե խաղադաշտեր ունենայինք, ես «Փյունիկում» ավելի շատ երեխաներ կպահեի։ Այդուհանդերձ, մենք արդեն սկսել ենք մասնաճյուղեր բացել մարզերում։ Այս տարի արդեն սկսել են շատ լավ գործել 2 մասնաճյուղ, մեկը՝ Բերդավանում, մյուսը՝ Նոյեմբերյանում։ Հաջորդ տարի ուզում ենք մասնաճյուղեր բացել նաև Դիլիջանում, Ստեփանավանում։ Ես եկել եմ այն եզրակացության, որ շրջանների երեխաներն ավելի մեծ շարժառիթ ունեն զբաղվելու ֆուտբոլով, քան Երևանում։ Նրանց հոգեբանությունը լրիվ ուրիշ է և ավելի համարձակ են, վախի զգացողություն չունեն, անընդհատ պայքարում են, ինչն ընդգծվում է խաղադաշտում։ Հիմա ֆուտբոլով առաջին դիրքեր են դուրս գալիս այնպիսի փոքր պետություններ, ինչպիսիք են Դանիան, Իսլանդիան, որն ընդամենը 350000 բնակչություն ունի և որոնց կլիմայական պայմաններն ամենևին ֆուտբոլային չեն։ Ես սկսեցի ուսումնասիրել դրանց ֆենոմենը։ Ինձ համար ամենահետաքրքիրը Ուրուգվայն է, որը Հայաստանի պես փոքր պետություն է և ընդամենը 3,5 միլիոն բնակչություն ունի։ Մինչև հիմա Ուրուգվայի հավաքականը 2 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և Լատինական Ամերիկայի առաջնությունների չեմպիոնության քանակով ռեկորդակիր է։ Ուրուգվայցիները 15 անգամ են դարձել Հարավային Ամերիկայի չեմպիոն, արգենտինացիները՝ 14 անգամ, բրազիլացիները՝ 9 անգամ։ Դա հենց այնպես չի, փոքր ազգերը պատմության ընթացքում միշտ պայքարող են եղել։ Նրանց դեմ որևէ մեկը չի համարձակվում դուրս գալ, որովհետև եթե մեկին սպանես, իր հետ առնվազն կտանի 3-4 հոգու։ Մեր պատմությունն էլ հարուստ է նման բաներով։ Եթե ճիշտ մոտեցում ցուցաբերենք, մենք ապագա կունենանք։ Իմ կարծիքով՝ երեխաները բնավորություն են ձեռք բերում մինչև 12 տարեկանը, հետևաբար մենք նրանց հետ առաջին հերթին պետք է զբաղվենք դրանով, զարգացնենք մտածելակերպը։ Նրանք պետք է հենց այդ տարիքից վարժվեն կարգապահությանը, աշխատասիրությանը, կամք ձեռք բերեն, ձգտեն հասնել իրենց նպատակին։ Մենք շատ ենք ուսումնասիրում Նիդեռլանդներում, Բելգիայում, Դանիայում երեխաների հետ մարզումային գործընթացները։

- Հետաքրքիր է, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները չե՞ն անդրադարձել Ձեր բիզնես գործունեությանը, արդյոք բացասական հետևանքներ չե՞ն ունենա մեր ֆուտբոլի վրա։

- Իհարկե, ֆինանսական տեսանկյունից վիճակն արդեն վատացել է։ Բայց ֆուտբոլում միայն ֆինանսները չեն, այլ ճիշտ և պրոֆեսիոնալ մոտեցումները։ Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում և Ռուսաստանում, ցավալի է։ Ինձ թվում է՝ այս իրավիճակի ամենավատ կողմն այն է, որ նոր մարդիկ չեն գա ֆուտբոլ, ներդրումներ չեն կատարի։ Դժվարությունները շատ են, ռիսկերը՝ մեծ։ Միաժամանակ այն, որ Ռուսաստանը, Բելառուսը, ինչ-որ տեղ նաև Ուկրաինան չեն մասնակցում եվրոպական մրցումներին, դա ինչ-որ առումով Հայաստանին որոշակի առավելություն է տալիս։ Հիմա անչափ կարևոր է նաև լեգեոներների խնդիրը։ Ճիշտ է, մենք ունենք ակադեմիա, բայց այսօր խաղում լեգեոներների քանակը կրճատելը մեծ սխալ կլինի։ Այլ հարց է, որ հարկավոր է ավելի բարձրակարգ լեգեոներների հրավիրել։ Ես կողմ եմ, որ հրավիրվի 5-6 ուժեղ լեգեոներ, որ նրանց կողքին մեր տղաները աճ գրանցեն։ Թե չէ հայ ֆուտբոլիստների խաղերին մասնակցության քանակը արհեստականորեն ավելացնելը ոչինչ չի տա։ Նրանք հասկանում են, որ նույնիսկ վատ խաղով հանդիպմանը մասնակցելու հնարավորություն կտան՝ լիմիտը լրացնելու համար։ Խաղին 3 հայ ֆուտբոլիստի պարտադիր մասնակցելու լիմիտն աայժմ պետք է պահպանել մինչև մեր կադրերը աճեցնենք։ Թե չէ շարժառիթ չի լինում։ Հայ ֆուտբոլիստը մտածում է, որ ինչ էլ լինի, իրեն խաղալու հնարավորություն են տալու ու ինքը ստանալու իր աշխատավարձը։ Իմ երազանքն է, որ մեր թիմում 11 խաղացողներն էլ լինեն հայ ֆուտբոլիստներ, ու այդ պարագայում էլ մենք չեմպիոն դառնանք։ Բայց առայժմ դրանից շատ հեռու ենք, քանի որ մեր ընտրությունը քիչ է։ Ես շատ ուրախ եմ, որ մեր թիմից հավաքական է հրավիրվել Հովհաննես Հարությունյանը։ Նա շատ աշխատասեր է և դեռ աճ կգրանցի։

- «Փյունիկն» իրավունք ստացավ հանդես գալու Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկությունում։ Ի՞նչ եք կարծում, թիմն այս կազմով կկարողանա՞ հաջող հանդես գալ և ի՞նչ նպատակներ եք հետապնդելու։

- Մեր նվազագույն նպատակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս գալն է։ Կարծում եմ՝ այս կազմով այդ խնդիրը հնարավոր է լուծել։ Եթե կարողանանք Եվրալիգայի փուլ դուրս գալ, դա հրաշալի կլինի։ Եթե հիշում եք, մեր թիմն առաջնության աշնանային փուլից հետո 8 միավորով հետ էր մնում «Արարատ-Արմենիայից»։ Բայց գարնանային փուլից առաջ մենք նպատակ էինք դրել հասնել և առաջ անցնել «Արարատ-Արմենիայից» ու չեմպիոն հռչակվել։ Դա մեզ հաջողվեց, ինչը նշանակում է, որ մեր թիմը մարտական ոգի ունի։ Ես ներքին համոզմունք ունեի, որ մենք կարող ենք դա անել։ Նույնիսկ անցյալ դեկտեմբերին, երբ մարզահագուստ պետք է պատվիրեինք այս ամառվա համար, 2-րդ մարզահագուստը ոսկեգույն պատվիրեցինք մեր 15-րդ չեմպիոնության առթիվ։

Մենք հասկանում ենք, որ Եվրոպայում թիմերի խաղամակարդակներն անհամեմատ բարձր են։ Հետևաբար մենք պետք է ուժեղացնենք խաղային որոշ դիրքեր։ Դրա համար մեկ ամիս ժամանակ ունենք։ Իսկ եթե Աստծու կամոք խմբային փուլ դուրս գանք, ապա պետք է 2 հավասարազոր կազմ ունենանք, որովհետև ինչպես ցույց տվեց «Ալաշկերտի» փորձը, շատ դժվար է մեկ կազմով հաջող հանդես գալ առաջնությունում և եվրոպական մրցասպարեզում։ Հուսով եմ, որ միջազգային ասպարեզում մեր ելույթներով նույնպես կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին։

- Իսկ այն տղաներն, ովքեր իրենց լավագույն կողմերով են դրսևորել, մնո՞ւմ են են, թե՞ հեռացողներ կլինեն։

Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվում են և այլ թիմերից առաջարկներ ունեն («Փյունիկն» արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և նա հեռացել է թիմից։ Երկկողմ համաձայնությամբ էլ խզվել է Գևորգ Ղազարյանի հետ պայմանագիրը, - խմբ․)։ Ցավոք, միջազգային ասպարեզում  մեր առաջնության վարկը բարձր չէ, և Հայաստանում աչքի ընկած ֆուտբոլիստները, եթե նույնիսկ ցածր պայմաններով առաջարկ են ստանում այլ երկրներից, ասենք՝ Ֆրանսիայից, Դանիայից, եվրոպական այլ երկրներից, նախընտրում են գնալ, ու մեզ համար նրանց պահելը հեշտ չէ։ Նրանք հասկանում են, որ ֆուտբոլային կյանքը շատ կարճ է, և ուզում են հասնել բարձր նպատակների և հայտնի դառնալ։ Ցավալի է, բայց փաստ, Հայաստանի առաջնությունը արտասահմանցի շատ ֆուտբոլիստների համար պարզապես ցատկահարթակ է։ Ես հասկացա, որ պետք է բարձրացնել հայկական ֆուտբոլի միջազգային վարկանիշը, ինչպես հավաքականի, այնպես էլ ակումբների մակարդակով, որպեսզի բարձրակարգ ֆուտբոլիստները չգան, լավ արդյունք ցույց տան, աչքի ընկնեն, ինչ-որ թիմից հրավեր ստանան ու թողնեն-հեռանան։ Խոսքը մեր տեղի ֆուտբոլիստների մասին չէ։ Մեր տղաներից ինչքան շատ գնան արտասահմանյան թիմեր, այնքան լավ։

- Հիմա ձեր առաջատար ֆուտբոլիստների հետ կապված վտանք կա՞, որ կարող են հեռանալ, ասենք՝ Սերժ Դեբլեն, Ուգո Ֆիրմինոն։

- 5-6 ֆուտբոլիստ կան, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտվում են ու նաև այլ թիմերից առաջարկներ ունեն։ Մենք բանակցություններ ենք վարում՝ երկարաձգելու նրանց պայմանագրերի ժամկետները։ Սերժ Դեբլեի պայմանագրի ժամկետն էլ է ավարտվել, Ուգո Ֆիրմինոյին պահելու տարբերակներ ունենք։

- Իսկ Արաս Օզբիլիսն ավարտե՞ց իր ֆուտբոլային կարիերան։

- Ոչ, Արաս Օզբիլիսը վերադառնում է։ Մենք նրա հետ խոսել ենք։ Ցավոք, անցյալ տարվա նոյեմբերին մայրն էր մահացել։ Մենք նրա հետ պայմանագիրը չենք խզել, և հիմա վերսկսել է մարզումներն, ու մեր թիմին միանալու է այս ամսվա վերջին։ Արաս Օզբիլիսը մարդկային առումներով էլ շատ լավ անձնավորություն է։

 

Վերջին նորություններ