0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» պարտություն կրեց Չարենցավանում

Միջազգային խաղերով պայմանավորված կարճատև դադարից հետո վերսկսվեց Fastex Պրեմիեր լիգայի առաջնությունը։ Հերթական տուրում «Փյունիկը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին», որին նախորդ տուրում սեփական հարկի տակ հաղթել էր 5։1 հաշվով։

Արդեն 2-րդ րոպեին դաշտի տերերն առաջին սպառնալից պահը ստեղծեցին «Փյունիկի» դարպասի մոտ, երբ Սաբա Սիդամոնիձեի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, ապա վրա հասած Կաուա Ֆերեյրան փորձեց գրավել դարպասը, սակայն Հենրի Ավագյանը հրաշալի ռեակցիա դրսևորեց՝ փրկելով մեր թիմին վերահաս գոլից։

12-րդ րոպեին «Փյունիկն» ունեցավ հիանալի հնարավորություն բացելու խաղի հաշիվը։ Մատաս Վարեյկան երկար ուղերթով շարժվեց առաջ, մոտեցավ «Վանի» տուգանային հրապարակին ու կարող էր գնդակը փոխանցել ամբողջովին ազատ մնացած Խավի Մորենոյին, սակայն փորձեց ինքը եզրափակել և հարվածեց ուղիղ դարպասապահ Գոռ Մանուկյանի վրա։

27-րդ րոպեին Հենրի Ավագյանն այս խաղում երկրորդ անգամ «Փյունիկին» փրկեց անախորժությունից, երբ հրաշքով հետ մղեց Յուսուֆ Իբրահիմի մոտ տարածությունից կատարած հարվածը։

Մինչև ընդմիջման գնալը, «Վանի» ֆուտբոլիստներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Սերգեյ Վակուլենկոն, ով այդ մրցավեճում իր 100-րդ խաղն էր անցկացնում Fastex Պրեմիեր լիգայի առաջնություններում, սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոններն ու մրցավար Վարդան Մանուկյանը նշանակեց 11 մետրանոց հարված։ Այն հստակ իրացրեց Պետրոս ԱՖաջանյանը՝ 1։0։

64-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ չեղարկեց գոլը։

Նշենք, որ երկրորդ կեսում «Փյունիկի» կազմում փոխարինման մտավ Լուկաս Վիլելան, ով նախորդ տարվա օգոստոսին ստացած ծանր վնասվածքից հետո առաջին խաղն անցկացրեց մեր թիմում։

81-րդ րոպեին Մարիուս Նուբիսին մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, չկարողացավ օգտվել հիանալի հնարավորությունից ու շեղ հարվածեց։

Խաղի վերջնամասը «Փյունիկն» անցկացրեց 10 հոգով. մրցավարի հետ վիճելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ մեր թիմի ավագ Ալեքսանդր Միլկովիչն ու հեռացվեց խաղադաշտից։

Ստանալով քանակական առավելություն, «Վանի» ֆուտբոլիստներին հաջողվեց խաղավարտից 5 րոպե առաջ կրկնապատկել իրենց առավելությունը։ Գոլի հեղինակ դարձավ Էրիկի Բենտոն։

Այդուհանդերձ, հանդիպման ավելացված ժամանակում Մարիուս Նուբիսին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել մեր թիմին չհաջողվեց։ «Փյունիկը» զիջեց 1։2 հաշվով ու մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում։

Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 25-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Գանձասարին»։ 

Վերջին նորություններ