Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր Չարենցավանի «Վանին»։
Հարկ է նշել, որ նախորդ առաջնությունում չարենցավանյան ակումբը «Փյունիկի» հետ պայքարում էր լավագույն քառյակ մտնելու ու եվրագավաթային ուղեգրին տիրանալու համար, և նախավերջին տուրում նույնիսկ կարողացավ տանը 3։2 հաշվով հաղթել «Փյունիկին», չնայած մեր թիմն արդեն ապահովել էր 4-րդ տեղը։
Այդուհանդերձ, հաշվետու խաղում «Փյունիկը» վերելքով հանդես եկավ ու թերևս իր լավագույն խաղն անցկացրեց ընթացիկ առաջնությունում։
Արդեն 5-րդ րոպեին Խավի Մորենոյի շեշտակի հարվածից հետո «Վանի» դարպասապահ Դանիլա Բոկովը սլացիկ ցատկով գնդակը հանեց անկյունային։
27-րդ րոպեին «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը․ Սերգեյ Վակուլենկոն սեփական կիսադաշտից լայնակի փոխանցումով գրոհի նետեց Մարիուս Նուբիսիին, ով էլ մրցակցի դարպասապահի ու պաշտպանի անհամաձայնեցված գործողության արդյունքում կարողացավ գնդակն ուղարկել «Վանի» դարպասը՝ 1։0։ Խփած գոլով կամերունցի հարձակվողը բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում։
38-րդ րոպեին Ալեմաոն հաշվենկատ փոխանցումով գնդակն ուղարկեց Գևորգ Տարախչյանին, իսկ վերջինս էլ արագությամբ ձերբազատվելով պաշտպանից, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու հաշիվը դարձրեց 2։0։
Ընդամենը 3 րոպե անց «Փյունիկն» արդեն 3 գոլի առավելություն ստացավ. «Վանի» ֆուտբոլիստ Դավիթ Կիրակոսյանի սխալ փոխանցումից հետո, գնդակին տիրեց Մարիուս Նուբիսին ու խաբս տալով պաշտպանին, կարողացավ դարպասապահի ոտքերի արանքով գնդակն ուղարկել դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում կրկին անհամաձայնեցված գործեցին «Վանի» ֆուտբոլիստներն, ինչի արդյունքում Գևորգ Տարախչյանը շրջանցելով դարպասապահին, գրավեց դատարկ դարպասն ու նույնպես դարձավ դուբլի հեղինակ։
61-րդ րոպեին արդեն գործի մեջ մտավ Հենրի Ավագյանն, ով այս խաղում ստանձնել էր թիմի ավագի պարտականությունները։ Լուկաս Բրունեի ուժեղ հարվածից հետո Հենրին հուսալի գործեց ու փրկեց մեր թիմին։
Դրանից հետո հյուրերը ևս երկու վտանգավոր պահ ստեղծեցին «Փյունիկի» դարպասի մոտ, սակայն մի դեպքում Լուկաս Բրունեի շրջադարձ հարվածից հետո Հենրի Ավագյանը մեծ դժվարությամբ կարողացավ գնդակը հանել անկյունային, ապա Դավիթ Կիրակոսյանը քիչ մնաց մոտ տարածությունից գրավեր մեր թիմի դարպասը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։
Անմիջապես «Փյունիկը» կարող էր պատժել մրցակցին. Փոխարինման մտած Մատաս Վարեյկան մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, կարող էր գնդակը փոխանցել ավելի հարմար դիրքում գտնվող Գևորգ Տարախչյանին ու օգնել թիմակցին դառնալու հեթ-տրիկի հեղինակ, սակայն լիտվացի ֆուտբոլիստը փորձեց ինքնուրույն եզրափակել գրոհն ու շատ անհաջող հարվածեց։
Փոխարենը հեթ-տրիկ ձևակերպեց մեր մյուս հարձակվողը՝ Մարիուս Նուբիսին, ով այս խաղում վերագտել էր նշանառությունը։ Նիկոլաոս Կայնուրգիոսի գերազանց փոխանցումից հետո Նուբիսին գլխի անկասելի հարվածով հաշիվը դարձրեց 5։0։
Խաղավերջում «Վանի» ֆուտբոլիստներին հաջողվեց «թրջել» հաշիվը։ Կառլեն Հովհաննիսյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Պետրոս Աֆաջանյանի դեմ և հենց տուժողն էլ դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը։
«Փյունիկը» հաղթեց 5։1 հաշվով ու շարունակում է կրնկակոխ հետապնդել լավագույն քառյակի թիմերին։
Այս տուրից հետո միջազգային խաղերով պայմանավորված՝ թիմերը կգնան կաճատև դադարի, որից հետո հոկտեմբերի 18-ին՝ «Փյունիկը» կրկին կհանդիպի «Վանին», այս անգամ՝ Չարենցավանում։