0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը «Շերիֆի» դեմ պատասխան խաղից հետո

Եղիշե Մելիքյան․- Շնորհավորում եմ «Շերիֆին» հաղթանակի համար: Չեմ կարող ասել, որ նրանք արժանի չէին, հավասար խաղ էր: Հպարտ եմ, որ  այսպիսի թիմ ունեմ: Այսօր բախտը «Շերիֆի» կողմն էր: Բայց ոչինչ, մենք ինչ պլանավորել էինք, աշխատեց: Այո, դեռևս հարցեր կան առջևի գծում, սակայն ունենք այն, ինչ ունենք: Կարծում եմ` այս ֆուտբոլիստներով թիմը արժանի խաղ անցկացրեց` կազմակերպված ու կարգապահ: Ինչպես ես խոստացել էի, իմ ֆուտբոլիստները ճակատամարտում էին ամեն սանտիմետրի, ամեն գնդակի համար` չզիջելով ոչ մի տեղ: Բայց սա ֆուտբոլ է, ես շնորհակալություն եմ հայտնել թիմին հավատարմության ու նվիրվածության, կամքի ուժի համար: Այս թիմն ապագա ունի, հիմա ուղղակի մեծ ափսոսանք կա, որը կանցնի մի քանի օրից: Մենք լավ ապագա ունենք: Մենք կարող էինք ճիշտ պաշտպանվել ու պրեսինգի գնալ, ուղղակի չօգտագործեցինք մեր պահերը: Դրանք չէին կարող շատ լինել, քանի որ մենք խաղում էինք լուրջ մրցակցի, լավ պաշտպանների դեմ, որոնք մեզ շատ հնարավորություններ չտվեցին: Բայց մենք շանսեր ունեինք, որոնք չօգտագործեցինք: Առաջ ենք շարժվում, չենք կորցնում հավատը: Մենք կարողանում ենք ճիշտ պարտվել, ընդունում ենք դա, շնորհավորում մրցակցին, հետո կատարում հետևություններ: Կշարունակենք աշխատել: 

Դուք երեկ ասացիք` կմեռնենք կամ կհաղթենք այստեղ: Դուք գրեթե գուշակեցիք, քանի որ…

- Ես հասկացա, որ սա հաճոյախոսություն էր: Շատ շնորհակալություն: Մեր թիմը ամեն հնարավորն արեց, բայց ֆուտբոլը այդպիսինն է, մի փոքր բախտավորություն է պետք: Այնուամենայնիվ, ես հպարտ եմ նման թիմ ունենալու համար: Ես բողոքներ չունեմ իմ ֆուտբոլիստներից: Այսօր ավելի շատ հաղթեց մրցակցի փորձը: Մեր ֆուտբոլիստները մեծ պատասխանատվություն զգացին 11 մետրանոցները իրացնելիս: Բայց հոգ չէ, առաջ ենք շարժվում:

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ երկրպագուները տեղափոխվեցին այդ տրիբունա: Միգուցե դա խանգարե՞ց թիմին, արդյո՞ք դա ընդունելի է այս փուլում:

- Առանց այդ էլ ճնշում կար մեր ֆուտբոլիստների վրա, քանի որ նրանք մոտ էին պատմություն կերտելուն: Այդ ճնշումն ու պատասխանատվությունը իմ խաղացողները զգում էին և 11 մետրանոցները իրացնելիս պատասխանատվությունը ազդեց իրենց վստահության վրա, փորձն էլ չբավարարեց, այդ պահերին պետք է սառնասիրտ լինել: Բայց հոգ չէ, միգուցե այս փորձը կօգնի մեզ ապագայում: Մենք դեռ նման խաղեր կունենանք:

- Ինձ թույլ կտամ մի հարցով Ձեզ հետ չհամաձայնել. ձեր նման թիմերը չեն մահանում, քանի որ անկեղծ լինենք, դա իմ անձնական կարծիքն է, որ տակտիկապես մենք այսօր պարտվեցինք «Փյունիկին»: Դուք փակեցիք միջին գիծը, նրանք շփոթվեցին ու սկսեցին սխալներ անել փոխանցումների ժամանակ և այլն; Որքան ժամանակը մոտենում էր ավարտին, այնքան գնդակը ավելի լավ էիք վերահսկում: Այո, հաղթողը մեկն է, բայց Ձեր թիմը ավելի լավ էր խաղում:

- Շնորհակալություն: Ինձ շատ հաճելի է, որ մենք կարողացել ենք համակրանքի արժանանալ: Ես հավատում եմ, որ դուք երկրպագում եք Ձեր թիմին, բայց այսպիսի հաճոյախոսությունը շատ հաճելի է, քանի որ արժանի չէինք նման արդյունքի: Արդեն նշեցի, որ մեր խաղային պլանն աշխատեց: Մենք կարողացանք չեզոքացնել նրանց ուժեղ կողմը, ցանկանում էինք օգտագործել նաև նրանց թույլ կողմերը, բայց պահերը իրացնելու հետ կապված խնդիրներ ունենք: Ես ասացի «մեռնել կամ արդյունքի հասնել», որպեսզի մոտիվացնեմ թիմիս, բայց ես վստահ եմ, որ նման թիմը չի մեռնի ու կունենա լավ ապագա: Մենք դեռ ուրախացնելու ենք մեր երկրպագուներին, ներողություն եմ խնդրում, որ դա այսօր տեղի չունեցավ: 

Թույլ տվեք շնորհավորել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս գալու առթիվ, քանի որ դա նույնպես մեծ նվաճում է: Ինչպե՞ս կամփոփեք այս եվրոպական մրցաշրջանը ու ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցաշարից: Ի՞նչ տրամադրվածություն կա:

- Մեր հավատը բավարարում է այնքան, որ չկորցնենք մեր ոգին: Մենք պարտվում ենք, բայց չենք հանձնվում: Դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ երբ դու նպատակ ունես, սպորտում կարևոր է ընդունել պարտությունը ու չկորցնել ոգին, շարունակել հավատալ քո թիմին: Փառք Աստծո, մենք այդպիսինն ենք: Այո, դժվարությունները դեռևս առջևում են, այո դեռևս խնդիրներ կան, որոնց վրա մենք պետք է աշխատենք որպես թիմ: Ամենակարևոնն այն է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, պետք է տքնաջան աշխատել ու աշխատել և ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, ես ափսոսում եմ իմ ֆուտբոլիստներին, որոնք արժանի չէին նման օրվան, բայց դա դաս ու փորձ կլինի նրանց համար: Միգուցե այն, ինչ կորցրել ենք այսօր այստեղ, մի այլ վայրում գտնենք ու ամեն ինչ ստացվի Կոնֆերենցիաների լիգայում: Թող բոլոր անհաջողությունները մնան այստեղ ու Աստված տա, որ այսուհետ հաջողությունը մեզ ուղեկցի:

 

Վերջին նորություններ