Ալեքսանդր Տիմչիկը և Բոգդան Միխայլիչենկոն՝ Ուկրաինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են, ովքեր իրենց ֆուտբոլային կարիերայի ձևավորման կարևոր ժամանակահատվածն անցկացրել են Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ՝ Կամենսկի «Ստալ» թիմում:
Մենք Հայաստան – Ուկրաինա խաղից հետո տղաների հետ զրուցեցինք Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու առանձնահատկությունների մասին և հետաքրքրվեցինք նրանցից՝ համատեղ աշխատանքի ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերից:
- Տղաներ, շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ հետ զրույցի համար և շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Բայց այսօր կխոսենք Եղիշե Մելիքյանի մասին: Ի՞նչն է նրան յուրահատուկ դարձնում, որպես մարզիչ:
Բոգդան Միխայլիչենկո. – Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի տարիքում (20 տարեկանում, խմբ.) հայտնվեցի հենց Եղիշե Մելիքյանի մոտ: Այդ ժամանակ մեր թիմում կային շատ երիտասարդ ֆուտբոլիստներ և այդ մարզիչը լավ է աշխատում երիտասարդների հետ: Մի կողմից՝ նա լավ է մոտիվացնում, մյուս կողմից՝ լավ տակտիկ է: Ցանկանում է խաղալ կոմբինացիոն և հարձակողական ֆուտբոլ: Մեզ համար դա շատ կարևոր էր: Եվ, իհարկե, նա մեզ շատ էր վստահում:
Ալեքսանդր Տիմչիկ. – Մեծ ֆուտբոլին մենք ծանոթացել ենք հենց Եղիշե Մելիքյանի շնորհիվ: Գրեթե առաջին խաղից սկսած նա մեզ ընդգրկել է մեկնարկային կազմ: Նա մշտապես աջակցել է, ասում էր՝ մենք երիտասարդ ենք ու արագաշարժ և ոչ մի բանով վատը չենք մյուսներից: Վստահություն էր տալիս նաև այն, որ ամեն խաղում մենք չէինք կենտրոնանում մրցակցի խաղաոճի վրա, այլ փորձում էինք թելադրել մեր ֆուտբոլը՝ կառուցված մարզչի համոզմունքների վրա։
- Իսկ ի՞նչ էր Մելիքյանը ձեզ ասում խաղերից առաջ: Ինչպե՞ս էր տրամադրում խաղին:
Բոգդան Միխայլիչենկո. – Նա յուրաքանչյուր խաղից առաջ պատմում էր ինչ-որ պատմություններ կյանքից: Նա կարողանում էր էներգիա տալ, մենք խաղադաշտ էինք դուրս գալ անհավանական ձևով մոտիվացված: Հիշում էմ, որ խաղերից առաջ մենք տարբեր սխեմաներ էինք փորձարկում: Դրա համար խաղերից առաջ նա հաճախ էր կրկնում այս նախադասությունը՝ «Մենք ունենք A պլան, B պլան և C պլան»:
Ալեքսանդր Տիմչիկ. – Մելիքյանը շատ լավ հոգեբան է և նա մեզ ստիպեց հավատալ մեր ուժերին, բայց ինչպես նշեց Բոգդանը՝ նրա մոտ միշտ կար խաղի մասին հասկացություն: Ես նույնպես հիշում եմ նրա այդ արտահայտությունը՝ պլան A-ի, B-ի և C-ի մասին: Եթե ինչ-որ բան չէր ստացվում, ապա մենք միշտ գիտեինք, թե ինչ անել և որտեղ փոխանցել, նույնիսկ առանց նայելու: Դա հանգստացնում էր մեզ և տալիս էր վստահություն:
Կամենսկի «Ստալի» կազմը (2017թ.): Ներքևի շարքում, ձախից երկուսը՝ Բոգդան Միխայլիչենկոն և Ալեքսանդր Տիմչիկն են:
- Տղաներ, կապը պահպանո՞ւմ եք մարզչի հետ: Ցանկանո՞ւմ եք ինչ-որ բան մաղթել նրան:
Բոգդան Միխայլիչենկո. – Այո, նա հետևում է մեզ և տեղյակ է մեր ելույթներից: Մենք խաղից առաջ հանդիպեցինք հյուրանոցում և հիանալի զրույց ունեցանք: Գիտեմ, որ հիմա նրա մոտ ամեն ինչ լավ է ընթանում: Ցանկանում եմ նրան մաղթել, որպեսզի իր առջև դնի միայն բարձր նպատակներ և շարունակի զարգանալ: Նա շատ մեծ ամբիցիաներ ունի և վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի:
Ալեքսանդր Տիմչիկ. – Եղիշե Մելիքյանը որպես մարզիչ դեռ բավականաչափ երիտասարդ է և բարձր ամբիցիաներով ունի: Երեկ նա մեզ ասաց, որ ամեն օր սովորում է և յուրացնում է մի նոր բան: Ես մաղթում եմ նրան բարձր պարգևներ և երկարատև հաջող մարզչական կարիերա: