
Հոկտեմբերի 13, 23:00, Վիլնյուս, ԼՖՖ մարազադաշտ
Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, 4-րդ տուր
«Ժալգիրիս - «Փյունիկ» 2-1
Գոլերը՝ Ֆաբիան Ուրեգա, 23 (1-0), Ռենան Օլիվեյրա, 42 (2-0), Արաս Օզբիլիզ, 78, 11մ. (2-1)
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության H խմբի չորրորդ տուրում «Փյունիկը» Վիլնյուսում հյուրընկալվել էր Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»:
Նախորդ տուրում մեր թիմը սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «կանաչա-սպիտակավունների» նկատմամբ և 6 միավորով հավասարվել էր խմբի առաջատար «Բազելին»:
Նշենք, որ մեր խմբի մյուս խաղում իրար հետ մրցեցին «Սլովանը» և «Բազելը», որտեղ արձանագրվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3: Դա նշանակում էր, որ «Ժալգիրիսի» նկատմամբ հաղթանակի դեպքում՝ մեր թիմը լուրջ հայտ կներկայացներ խմբից դուրս գալու համար:
Խաղասկիզբը ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները, սակայն առաջին կեսում տանտերերին հաջողվեց երկու անգամ գրավել «Փյունիկի» դարպասն, ինչը չէր մտնում մեր թիմի պլանների մեջ: Նախ 23-րդ րոպեին եզրային նետումից հետո, մեր պաշտպանները սեփական տուգանային հրապարակում աչքաթող արեցին Ֆաբիան Ուրեգային, ով ընթացքից կատարած հարվածով բացեց խաղի հաշիվը: Իսկ ընդմիջումից առաջ, «Ժալգիրիսը» կրկնապատկեց իր առավելությունը, երբ 42-րդ րոպեին Ռենան Օլիվեյրան մոտ 20 մետրից կատարած դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0:
Երկրորդ կեսում «Ժալգիրիսը» կարող էր մեծացնել հաշվի տարբերությունն, իսկ դրվագներից մեկում գնդակը հետ մղվեց մեր թիմի հորիզոնական դարպասաձողից: «Փյունիկը» պատասխանեց Արտակ Դաշյանի տուգանայինից կատարած ուժգին հարվածով, բայց «Ժալգիրիսի» դարպասապահ Էդվինաս Գերտմոնասը մի կերպ հետ մղեց գնդակը: Եղիշե Մելիքյանը փորձեց փոխարինումներ կատարելով բեկում մտցնել խաղի մեջ և ասպարեզ դուրս բերեց Դամե Դիոպին և Արաս Օզբիլիզին: Այդ փոփոխությունը տվեց իր արդյունքը: 77-րդ րոպեին Նեմանյա Լյուբիսավլևիչը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Դամե Դիոպի նկատմամբ, իսկ նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Արաս Օզբիլիզը:
Կրճատելով հաշվի տարբերությունը, մեր թիմի մոտ հույսեր արթնացան փրկել խաղը և ոչ-ոքի կորզել, սակայն հանդիպման մնացած ժամանակում «Փյունիկի» բոլոր փորձերն ապարդյուն էին:
Մեր թիմը խմբային փուլում կրեց իր երկրորդ պարտությունը, սակայն վաստակած 6 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:
Խմբային փուլի իր հաջորդ խաղը «Փյունիկը» կանցկացնի հոկտեմբերի 27-ին՝ Բրատիսլավայում հյուրընկալվելով «Սլովանին»: