0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք մեր առաջիկա մրցակցին. «Բալթիկա» ՖԱ

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը «Բալթիկան» է Կալինինգրադից: Ակումբը հիմնադրվել է անցյալ դարի 50-ականների սկզբին։ Տասնամյակի վերջում «Բալթիկան» իրավունք է ստացել խաղալ ԽՍՀՄ երրորդ կարևորագույն դիվիզիոնում։ 1990-ականներին ակումբին հաջողվել է կտրուկ բարձրացնել իր վարկանիշը։ 1993 թվականին «Բալթիկան» դուրս է եկել երկրորդ լիգա, իսկ 1995 թվականին իր նորամուտը նշել բարձրագույն դիվիզիոնում և առաջնության արդյունքներով զբաղեցրել 7-րդ տեղը։ Պրեմիեր լիգայում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո կալինինգրադցիները լքել են այն ֆինանսական դժվարությունների պատճառով։

1998 թվականին կալինինգրադցիները իրենց ուժերն են փորձել միջազգային մրցաշարում՝ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում՝ հաղթահարելով այնտեղ երկու փուլ։

Այժմ «Բալթիկան» ելույթ է ունենում Առաջին լիգայում։ Վերջին երեք մրցաշրջանում Կալինինգրադի թիմը հավակնում էր անցումային հանդիպումներին, որոնք հնարավորություն են տալիս բարձրանալ ուժեղագույն դիվիզիոն։ 

2021 թվականի հոկտեմբերին «Բալթիկայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սերգեյ Իգնաշևիչը՝ 2000-2010-ականներին ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը։ Նա աշխատել է բանակայինների շտաբում կարիերան ավարտելուց հետո, ապա գլխավորել Մոսկվայի «Տորպեդոն»։

2022/23 մրցաշրջանում «Բալթիկան» անցկացրել է 19 անընդմեջ անպարտելի, ռեկորդային խաղերի շարք` 20 տուրում վաստակելով 41 միավոր։ Ռուսական ակումբն առաջնության ամենաարդյունավետ թիմն է և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Կալինինգրադի թիմի կենտրոնական հարձակվող Գեդեոն Գուզինան 20 խաղում 11 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը։

ԽՍՀՄ և Ռուսաստանի շատ հայտնի ֆուտբոլիստների կարիերան կապված է «Բալթիկայի» հետ։ Այսպես օրինակ, հայտնի ռուս ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակն այս ակումբի կազմում անցկացրել է 2003/04 մրցաշրջանը։ Հետագայում նա դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթի և Սուպերգավաթի հաղթող, կրել է Ռուսաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, պաշտպանել Բունդեսլիգան, անգլիական Պրեմիեր լիգան և Չեմպիոնշիփը ներկայացնող թիմերի գույները։

«Բալթիկայում» են հանդես եկել «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստներ Արամ Ոսկանյանը և Արտակ Ալեքսանյանը։ 2001/02 մրցաշրջանում Ոսկանյանը երևանյան ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Ալեքսանյանը «Փյունիկի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 47 անգամ և աչքի ընկել 2 գոլով` 2009/10 և 2010/11 մրցաշրջաններում։

Եզրային ձախ հարձակվող Իշխան Գելոյանը, որը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին, «Բալթիկայի» կազմում անցկացրել է 110 խաղ։

Մեդիա դաշտում Կալինինգրադի ակումբը ներկայանում է ոչ պակաս փայլուն, քան ֆուտբոլում։ «Բալթիկան» դիմավորում է մրցակիցներին  հատուկ «արտ-զոնաներով», որոնք նվիրված են լինում տվյալ ակումբի պատմությանը կամ այն ​​տարածաշրջանին, որոնք նրանք ներկայացնում են: Օրինակ՝ Վլադիկավկազի «Ալանիային» ակումբը դիմավորել է ազգային երաժշտությամբ և օսական ազգային հագուստով: Մարզադաշտում նույնիսկ իսկական արծիվ է հայտնվել։

«Բալթիկայի» հետ հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին ու կմեկնարկի ժամը 17:00-ին։

Վերջին նորություններ