0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Երկօրյա դասընթաց «Մոնակո» ՖԱ-ում․ Մարիա Սախինովան՝ եվրոպական ակադեմիաների նորարական մեթոդների մասին

Ինչպես հայտնի է, «Փյունիկը» Մոնակո քաղաքի համանուն ակադեմիայում մասնակցել է «Սկաուտական ստրատեգիան պատանեկան ֆուտբոլում» խորագրով երկօրյա դասընթացին, որը կազմակերպել էր Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA)։ 

Մեր ակադեմիայի մարզիչներն ուսումնասիրել են, թե ինչ նորարական մեթոդներ են կիրառում եվրոպական թոփ ակադեմիաներում։ Մեր ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է Մոնակոյից վերադարձած՝ «Փյունիկի» կանանց ֆուտբոլի զարգացման գծով պատասխանատու, մարզիչ Մարիա Սախինովայի հետ։

-Մարիա, ողջույն, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Մոնակոյից։

-Ողջույն, վերադարձել ենք դրական տպավորություններով, նոր գաղափարներով, քանի որ հնարավորություն ենք ստացել ծանոթանալ տարբեր եվրոպական ակումբների ներքին կառուցվածքին ու հասկանալ՝ ինչպես են նրանք աշխատում։ 

-«Սկաուտական ստրատեգիան պատանեկան ֆուտբոլում» անունը կրող դասընթացը բաղկացած էր երկու փուլից, փակագծերը կբացեք՝ ի՞նչ էր իրենից ներկայացնում այս երկօրյա ծրագիրը։

-Մեր թիմին ծանոթացրել են ակումբների ներքին կառուցվածքներին՝ մանրամասնելով, թե ինչպես են իրենք քայլ առ քայլ կառավարում իրենց ակադեմիաները, դրա հետ միաժամանակ նրանք ցույց տվեցին՝ ինչ արդյունքների ու հաջողությունների են հասել՝ որպես օրինակ ներկայացրին Կիլիան Մբապեի առաջընթացը «Մոնակոյում» ու նրա շարունակական աճն իրենց ակումբից հեռանալուց հետո։

-Իսկ բացեցի՞ն գաղտնիքներ՝ ի՞նչ մեթոդներով են հասցրել նրան կամ այլ սաներին համաշխարհային մակարդակի։

-Մեթոդները, իհարկե, չբացահայտեցին, պարզապես բացատրում էին, որ հիմնական պատճառն այն է, որ ցանկացած ֆուտբոլիստի այնտեղ վերաբերվում են որպես անհատականության, անընդհատ աշխատանք են տանում հասկանալու համար՝ արդյոք նա պատրաստ է այս փուլից անցում կատարել հաջորդ փուլ, թե ոչ: Ամենակարևորն այն է,որ այս ամենով զբաղվում է մի ամբողջ համակարգ, նրանց մոտ գրեթե բացառվում են սուբյեկտիվ որոշումները: Սա կոչվում է պրոգրեսիվ աշխատանք: 

-Իսկ ովքե՞ր էին բանախոսները։

-Ելույթ ունեցան հանրաճանաչ ակումբների ներկայացուցիչները, ինչպես օրինակ «Տոտենհեմի», «Սպորտինգի», «Մոնակոյի» ակադեմիաների ղեկավարները, ֆրանսիական ակումբը ամենահագեցած ինֆորմացիան մեզ տվեց, հատկապես սկաուտինգի վերաբերյալ։

 

-Կա՞ն բաներ, որոնք կցանկանաք առանձնացնել նրանց ելույթներից։

-Կային թիմեր,որոնք կարևորում էին ցուցանիշները, իսկ որոշներն էլ՝ մարդկային ռեսուրսները, աշխատողների ընտրության հարցում նրանք շատ բծախնդիր են, նշում էին, որ ավելի շատ կգերադասեն իրենց գործը հաճույքով կատարող թեկնածուներին, քան օրինակ շատ գիտելիքներ ունեցող որևէ մեկին։ Նրանք անդադար շեշտում էին, որ մեկ հոգի չի կարող որոշում կայացնել։ Երբ գործը հասնում է որևէ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելուն, այդ պրոցեսին մասնակցում են բոլոր սկաուտները։

-Դասընթացից բացի, դուք նաև շրջագայել եք «Մոնակո» ակումբի ակադեմիայում, ինչո՞վ էր առանձնանում և ի՞նչը զարմացրեց։

-Զարմացրեց, թե որքան ռեսուրսներ են ծախսում նրանք մեկ անհատի վրա: Պատանի ֆուտբոլիստները բնակվում են ակումբի ակադեմիայում, ծնողները նրանց տեսակցելու իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը 5 անգամ, իսկ տոն օրերին կարճ արձակուրդ են տալիս։ 

 Հետաքրքիր է նաև, որ բացի ամենօրյա մարզումներից, «Մոնակոյում» ըստ ֆուտբոլիստների դիրքերի՝ նրանց հետ աշխատում են առանձին մարզիչներ, այսինքն՝ հարձակվողների հետ մասնագիտացված այլ պարապմունք է արվում, կիսապաշտպանների հետ՝ այլ ու այդպես շարունակ։ Իմացանք նաև, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո դիտում է իր խաղը համակարգչով, վերլուծում այն և այդ նշումները համեմատում վերլուծաբանի կատարած աշխատանքի հետ։

-Հետաքրքիր է, իսկ կա՞ն մեթոդներ, որ մեր ակադեմիայում վաղուց կիրառում ենք։

-Իհարկե՛, սկաուտական և սելեկցիոն համակարգերը մեզ մոտ վաղուց գործում են, ունենք վերջերս ավելացած ֆիզիկական պատրաստվածությունը։ Միանշանակ որոշակի տարբերություններ կան, որովհետև, ինչպես նշեցի, «Մոնակոյի» ակադեմիայում երեխաները բացի բուն ֆուտբոլային մարզումներից, բնակվում են և նույնիսկ հենց այնտեղ էլ հաճախում են դպրոց։ 

-Մարիա, այսքան նոր գաղափարների մասին խոսեցիք, ի՞նչ բերեցիք դուք այնտեղից մեր ակադեմիա, որ հետագայում կփորձակենք մեզ մոտ։

Առաջնահերթը, թե ինչ մոտեցամբ կարելի է աշխատել ակումբի ակադեմիայի կառուցվածքի հետ՝ սկաուտական և սելեկցիոն տեսանկյունից։ Սովորել ենք նաև, որ ֆուտբոլիստի որակները և տեխնիկական հատկանիշները պետք է դիտարկել նաև հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները ու մենենջմենթական սկզբունքները։ Առաջիկայում, մեր ակադեմիային մարզիչներին կներկայացնենք շնորհանդես՝ այնտեղ ստացած մեր գիտելիքների վերաբերյալ և կկազմակերպենք քննարկումներ այդ գաղափարները այստեղ ադապտացնելու հարցով։

Վերջին նորություններ