Այս մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից առաջ զրուցեցինք «Փյունիկի» ավագ Արտակ Դաշյանի հետ, որը պատմեց ուսումնամարզական հավաքի, թիմի տրամադրության մասին, անդրադարձավ մեր ակումբին միանալուց հետո իր գրանցած մեծ առաջընթացին ու խոսեց Եղիշե Մելիքյանի դերի մասին, ինչպես նաև ասաց` ինչ զգացողություններ է ապրել Թուրքիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո:
Արտակ, մրցաշրջանի վերսկսումից առաջ «Փյունիկը» մեկամսյա ուսումնամարզական հավաք անցկացրեց, ունեցավ ընկերական հանդիպումներ, կպատմե՞ս` ինչպե՞ս անցավ ուսումնամարզական հավաքը:
Ուսումնամարզական հավաքն անցավ լավ մակարդակի վրա, հիմա լավ մարզավիճակում եմ: Մարզումներից բացի, ընկերական հանդիպումներ անցկացրինք, որոնք մեծ դեր խաղացին` փորձարկումներ կատարելու տեսանկյունից, օգնեցին հասկանալ մեր ուժեղ ու թույլ կողմերը և աշխատել դրանց վրա: Այո, ունեցանք նաև պարտություններ, որոնք միշտ էլ տհաճ են, բայց դա թիմի տրամադրության վրա չի ազդել, քանի որ դրանք ընդամենը ընկերական խաղեր են, որոնց նպատակն այլ է:
Ի տարբերություն նախորդ տարիների, առաջնության գարնանային հատվածը վերսկսելու ենք առաջատարի կարգավիճակով, արդյո՞ք դա քեզ ու թիմին լրացուցիչ վստահություն է տալիս:
Մեզ համար նշանակություն չունի, քանի որ թիմը գնում է դեպի չեմպիոնության ու ամեն խաղում դուրս է գալու խաղադաշտ միայն հաղթանակի համար, որևէ դեր չի խաղում առաջին տեղում ենք, թե երկրորդ:
Մեկնարկելու ենք «Արարատ-Արմենիայի» ու «Ուրարտուի» դեմ հանդիպումներով:
Երկու թիմերն էլ համալրված են բարձրակարգ ֆուտբոլիստներով ու նրանք էլ, ինչպես և մենք, պայքարում են չեմպիոնության համար, և, բնականաբար, հասկանում ենք, որ հեշտ խաղեր չեն սպասվում:
Ի՞նչ դասեր է քաղել թիմը նախորդ մրցաշրջանից, երբ առաջնությունում դարձանք երկրորդը:
Հնարավոր չէ մի ամբողջ մրցաշրջան անցկացնել առանց սխալների, թերացումների, խաղերի ժամանակ նույնպես լինում են սխալներ, բայց կարևոր է միշտ վերլուծել, ուղղել սխալները, չնայել հետ ու առաջ շարժվել, այս մրցաշրջանում մենք այդպես էլ արել ենք:
Արտակ, «Փյունիկին» միանալուց հետո երկրորդ երիտասարդությունն ապրեցիր քո կարիերայում: Ո՞րն է քո գաղտնիքը:
«Փյունիկին» միանալուց հետո իմ կարիերայում դրական տեղաշարժերը շատ են: «Փյունիկի» հետ կարիերայիս լավագույն երկու տարիների ընթացքում զգացել եմ ակումբի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի վստահությունը, վերադարձել եմ հավաքական: Իսկ ես, իմ հերթին, ամեն ինչ արել եմ, որպեսզի առավելագույնս դրսևորեմ ինձ ու ապացուցեմ, որ իմ հարցում չեն սխալվել: Ինչ վերաբերում է մարզավիճակին, ապա կասեմ, որ միայն ճիշտ ու քրտանաջան աշխատանքի շնորհիվ կարող ես հասնել քո առավելագույնին:
Հետաքրքիր է, թե ինչո՞վ է առանձնանում Մելիքյանի աշխատանքը մյուս մարզիչներից, որը նպաստել է քո աճին:
Մելիքյանը մյուս մարզիչներից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր մրցակցի դեմ թիմին պատրաստում է յուրովի, վերլուծում է հակառակորդին` չանտեսելով ոչ մի մանրուք: Նա տակտիկապես շատ ճկուն մարզիչ է, որը օգնում է նաև ինձ ավելի լավ արդյունքների հասնել:
Եղիշե Մելիքյանին, հաճախ հարցազրույցներին հարց են ուղղում. «Դաշյանը չի հոգնո՞ւմ», և բոլորիս է այդ հարցն է հետաքրքրում:
Անկեղծ ասած` ինձ էլ է դա հետաքրքրում (ծիծաղում է-խմբ):
Բոլորիս համար ամենահուզիչ ու հիշվող պահը քո գոլն էր Թուրքիայի դարպասը, ի՞նչ զգացողություններ ես ունեցել այդ պահին:
Իսկապես աննկարագրելի զգացողություններ ապրեցի այդ պահին, բայց երբ խաղից հետո էմոցիաները մի փոքր սառում են, գիտակցում է գալիս, թե ում դարպասին ես խփել այդ գոլը ու հպարտության մեծ զգացում ես ապրում:
Եվ վերջում` ցանկացած երկրպագու, որ գոնե մեկ անգամ ներկա է գտնվել «Փյունիկի» խաղերին, կփաստի, որ դու երեխաների, պատանի ֆուտբոլիստների ամենասիրելին ես, քո խաղով ոգեշնչում ես մեր ակումբի հարույրավոր սաներին, որևէ խորհուրդ ունե՞ս նրանց համար:
Խորհուրդս այն է, որ իրենց առջև դնեն հստակ նպատակ, չկոտրվեն, չվախենան դժվարություններից ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնեն նրան, ինչի մասին երազում են: