Այս մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից առաջ զրուցեցինք «Փյունիկ Աղջիկներ» թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բարեղամյանի հետ: 25-ամյա երիտասարդ մասնագետը նախորդ մրցաշրջանում կանանց թիմի հետ դարձավ Առաջին խմբի հաղթող և միացավ ուժեղագույնների պայքարին: Այս պահին «Փյունիկ Աղջիկներ» թիմը Բարձրագույն խմբի առաջատարն է:
Մեր մամուլի ծառայությունը Արմեն Բարեղամյանի հետ խոսել է թիմի մարզավիճակի, կայունությունը պահպանելու և այլ թեմաների մասին:
Պարոն Բարեղամյան, ի՞նչ մարզավիճակում է գտնվում թիմը, ինչպե՞ս կգնահատեք նախապատրաստական շրջանը:
Թիմը գտնվում է օպտիմալ մարզավիճակում: Ընկերական խաղերում ֆուտբոլիստները ցույց են տվել, որ պատրաստ են առաջնության վերսկսմանը, նախապատրաստական շրջանը գնահատում եմ լավ:
Նոր մրցաշրջանից առաջ «Փյունիկ Աղջիկներ» թիմի կազմը գրեթե 90%-ով փոփոխվեց, կայի՞ն խոչընդոտներ խաղակցվածության հետ կապված:
Սկզբում, բազմաթիվ բարդությունների էինք հանդիպում թե՛ խաղերի, թե՛ մարզումների ժամանակ: Ժամանակի ընթացքում աղջիկների ջանքերով և մարզչական շտաբի աշխատանքի շնորհիվ կարողացանք շտկել համագործակցության խնդիրը:
Ի՞նչ գնահատական կտաք մարզչական շտաբի աշխատանքին:
Հաղթանակներում, ինձանից բացի, շտաբի բոլոր անդամներն էլ ունեն հավասար ներդրում: Ընտրության հարցում չեմ սխալվել և գնահատականն էլ, բնականաբար, դրական է:
Պարոն Բարեղամյան, ակնհայտ է, որ թիմում մթնոլորտը չափազանց լավ է, հատուկ աշխատանք տանո՞ւմ եք այդ ուղղությամբ:
Եթե նույնիսկ վերջին տեղում լինեինք, միևնույն է մթնոլորտը հանդերձարանում չէր փոխվի: Մեր աղջիկներից շատերը ժամանակին եղել են թիմակիցներ, դա ևս որոշակի դեր է խաղում: Ես էլ իմ հերթին փորձում եմ միջավայրը ավելի դրական դարձնել, պարբերաբար հավաքույթների ու խաղացողների հետ խաղադաշտից դուրս հանդիպումների միջոցով:
Ընդամենը 3 գնդակ ենք բաց թողել առաջնությունում, կայունությունը ևս խոսուն է:
Կայունության գլխավոր գործոնը այն է, որ մեր պաշտպանները չափազանց փորձառու են: Համակարգված ֆուտբոլի շնորհիվ այս պահին առաջնությունում 3 գնդակ ենք բաց թողել:
Մեր թիմում խաղաժամանակ են ստանում 13 տարեկանից մինչև կարիերայի մայրամուտում գտնվող ֆուտբոլիստներ, ինչպե՞ս է ստացվում 3 տարբեր սերունդների ներկայացուցիչներին հաջողությամբ ինտեգրել մեկ խաղային համակարգի մեջ:
Ամեն ինչ կախված է խաղի ընթացքից ու դրա կարևորությունից: Լինում են խաղեր, որտեղ ստիպված պետք է ռոտացիայի գնալ: Ամեն դեպքում, իմ աշխատելաոճն է այդպիսին, ես խաղաժամանակ եմ տրամադրում բոլորին ու համոզված եմ՝ նրանք կարդարացնեն սպասելիքները:
Աշնանային հատվածում մեկ ամիս թիմը պաշտոնական հանդիպում չէր անցկացրել: Որքանո՞վ են ազդում հետաձգված խաղերը արդյունքների վրա:
Հետաձգված խաղերը ազդեցություն ունենում են, խոսքը միայն արդյուքների մասին չէ. լավ կլիներ, որ առաջնությունը անցներ կայուն կերպով և այդքան մեծ տարբերություն չլիներ տուրերի միջև: Այնուամենայնիվ, գիտեմ, որ պատճառը հավաքականներ են, և շատ թիմեր չեն կարող խիտ օրացույցով անցկացնել իրենց հանդիպումները, այն էլ՝ Բարձրագույն խմբում:
Անի Ղուկասյանը ծանր վնասվածք էր ստացել, ի՞նչ կասեք վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին, պատրա՞ստ են նրանք շարք վերադառնալուն:
Հիմնական կազմից երկու ֆուտբոլիստ վնասվածք ուներ, սակայն այս տարի բոլորը վերադարձել են շարք, և առանց խնդիրների անցկացրել ենք նախապատրաստական շրջանը: Կազմ-պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը:
Ի՞նչ կասեք գլխավոր մրցակցի՝ «Լեռնային Արցախի» մասին, անչափ հետաքրքիր մրցավազք է չեմպիոնության համար:
Ուրախ եմ, որ կա թիմ ում հետ չեմպիոնության համար պայքարում ենք հավասարը հավասարի: Սա միանշանակ օգնում է աղջիկներին զգոնությունը չկորցնելու հարցում և միանշանակ մոտիվացիա է հաղորդում, քանի որ գիտես՝ թիկունքում մրցակից կա:
Առաջնությունում մրցում ենք 4 թիմի հետ, պարբերական հանդիպումներ անցկացնելը հե՞շտ է, թե՞ բարդ:
Իհարկե, ավելի բարդ է: Նույն մրցակիցների հետ հանդիպում ենք 5 անգամ, և գնալով ավելի դժվար է դառնում նրանց հաղթելը: Մարզիչները վերլուծում են, փակում բոլոր թույլ կողմերը ու ավելի բարդ է դառնում անակնկալներ մատուցելը:
Ժամանակակից ֆուտբոլում, երբեմն ավելի շատ գոլեր խփում են կիսապաշտպանները, քան կենտրոնական հարձակվողները: Մեզ մոտ նույնպես այդպես է:
Մաքուր 9 համար չենք ունեցել աշնանային հատվածում, և տրամաբանական է, որ գոլերը բաժանվել են մնացած դիրքերի ֆուտբոլիստների միջև: Ինձ համար դա խնդիր էր, որը համալրումների միջոցով կփորձենք լուծել: Ամեն ինչ կանենք, որպեսզի այս մրցաշրջանում ձեռք բերենք խաղացողների, որոնք հանդես են գալիս այդ դիրքում:
Մերի Էսիֆուլ. ի՞նչ կասեք մեր նորեկի մասին
Մերին բավականին լավ է հանդես եկել Հայաստանի առաջնություններում, բացի դրանից, փորձառու է միջազգային մակարդակում: Առայժմ, նա արդարացնում է սպասելիքները մարզումների ընթացքում և ընկերական խաղերին, մնացածը ցույց կտա ժամանակը:
«Փյունիկ Աղջիկներ» թիմն այսքան հաջողություններ է գրանցել, կա՞ որևէ փիլիսոփայություն, որով շարժվում եք առաջ:
Մեր աղջիկներն առաջնության ընթացքում ցույց են տվել մինչև վերջ պայքարելու իրենց կարողությունը: Հենց դա է ընկած մեր փիլիսոփայության հիմքում: