0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Դմիտրի Սելյուկը՝ «Փյունիկում» իր նոր դերի, ակումբի զարգացման և առաջիկա ծրագրերի մասին

«Փյունիկի» մամուլի ծառայությունը զրուցել է ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով նորանշանակ խորհրդական Դմիտրի Սելյուկի հետ։

Հարցազրույցի ընթացքում խոսել ենք «Փյունիկում» նրա նոր դերի, ակումբի զարգացման և առաջիկա ծրագրերի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի հետ նրա կապի ու «Փյունիկում» աշխատելու որոշման մասին։

- Պարոն Սելյուկ, նախ բարի գալուստ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ։ Ի՞նչն էր գլխավոր գործոնը, որը Ձեզ համոզեց ընդունել «Փյունիկի» առաջարկը։ Ի՞նչ տեսաք այս ակումբում։

- Ինձ ընդհանրապես դուր է գալիս տարբեր մարտահրավերներ ընդունելը։ Գիտե՞ք, ես դա արդեն մի քանի անգամ արել եմ։ Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա այս ակումբի հետ ինձ շատ բան է կապում։ Ժամանակին «Փյունիկում» էր Հենրիխ Մխիթարյանը, որի հետ որոշակի ժամանակահատված աշխատել եմ և ներկայացրել նրա շահերը։ Ի վերջո, հենց ես էի նրա տեղափոխությունը «Շախտյոր» կազմակերպել և պայմանագիր կնքել նրա հետ։

Եղել է նաև Էրիկ Վարդանյանը։ Ես ամեն ինչով օգնել եմ նրան։ Ցավոք, նրա ստացած վնասվածքը թույլ չտվեց լիարժեք կարիերա կառուցել։ Նա շատ տաղանդավոր և բացառիկ ֆուտբոլիստ էր, և կարծում եմ՝ կարող էր հասնել շատ մեծ բարձունքների։ Իզուր չէր, որ նա «Բարսելոնայում» էր։

Բայց, ցավոք, հիմա Էրիկն աշխատում է մրցակիցների ճամբարում։ Այնուամենայնիվ, նա շարունակում է ինձ համար շատ մտերիմ մարդ մնալ։ Ինչո՞ւ, որովհետև մենք ընկերություն ենք անում, շփվում ենք։ Նա զանգահարեց և շնորհավորեց ինձ «Փյունիկ» գալու կապակցությամբ։

Ինձ համար սա հետաքրքիր մարտահրավեր է։ Ես երկար ժամանակ աշխատել եմ Դոնեցկի «Մետալուրգում» Օլեգ Արտուշևիչ Մկրտչյանի հետ, իսկ Հայաստանի հետ ինձ շատ բան է կապում։

Այդ պատճառով, երբ առաջարկ ստացա՝ «Փյունիկում» ինչ-որ բան անել, զարգացնել ակումբի ռազմավարությունը՝ հատկապես սպորտային ուղղությամբ, բնականաբար, ասացի, որ պատրաստ եմ դա անել։

Երբ ես լսեցի այս նախագծի մասին, որտեղ պետք է շատ բան փոխել և անել այնպես, որպեսզի ակումբը ֆինանսական առումով առողջ լինի, իսկ մարզական արդյունքները՝ բարձր մակարդակի վրա, ես պատրաստակամություն հայտնեցի ստանձնել այդ աշխատանքը։ Թեև դա հեշտ չէ անել, ինձ համար շատ ավելի հանգիստ կլիներ, օրինակ, Բարսելոնայում կամ Մոնակոյում ապրել, գնալ ֆուտբոլի և դիտել «Բարսելոնայի» խաղերը։ Բայց ես, ինչպես ասում են, ինքս ինձ վրա վերցնում եմ այն պատասխանատվությունը, որը պետք է իրականացնեմ «Փյունիկում»։

Տեսե՛ք, ես կարծում եմ, որ «Փյունիկը» հետագայում պետք է մշտապես հանդես գա եվրոպական մրցաշարերում։ Ընդհանրապես, այս պահին Հայաստանում ֆուտբոլի մակարդակը աճում է։ Դա նաև մրցակցության շնորհիվ է։ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ուրարտու», «Ալաշկերտ» և մյուս թիմերը։ Արդեն ձևավորվել է բավականին ուժեղ հնգյակ։

Օրինակ՝ «Արարատ-Արմենիան»՝ հարգանքի արժանի աշխատանք է արել։ Նրանք դուրս եկան Եվրոպա լիգա և, եթե ճիշտ եմ հասկանում, կվաստակեն մոտ 12 միլիոն։ Կարծում եմ՝ դա նրանց համար բավական ուրախալի է։

«Փյունիկը», իմ պատկերացմամբ, պետք է խաղա եվրոպական մրցաշարերում։ Կարևոր չէ՝ սկսի Կոնֆերենցիաների լիգայից, թե Եվրոպա լիգայից, բայց ի վերջո, պետք է փորձել հասնել Չեմպիոնների լիգա։

Ես գիտեմ, թե ինչպես դա անել։ Ես մեկից ավելի ակումբում եմ աշխատել որպես ճգնաժամային կառավարիչ, բայց չեմ ասի, որ հիմա «Փյունիկը» ճգնաժամային իրավիճակում է։

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ «Փյունիկից» և՛ երկրպագուները, և՛ ղեկավարությունն ավելի շատ բան են ակնկալում։ Հատկապես միջազգային ասպարեզում և հատկապես՝ ֆինանսական հատվածի առողջացման առումով։

Ես կարծում եմ՝ ակումբը պետք է ոչ միայն մարզական, այլև ֆինանսական առումով ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի կարողանանք ներգրավել երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնք հետագայում կարող են վաճառվել և եկամուտ բերել ակումբին։

- Դուք արդեն աշխատել եք հայ ֆուտբոլիստների հետ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է հայկական ֆուտբոլի գլխավոր առավելությունն ու թերությունը։

- Ես այնպիսի հայ ֆուտբոլիստների հետ եմ աշխատել, որոնք Հայաստանի համար ոչ տիպիկ են։ Օրինակ` Հենրիխ Մխիթարյանը։ Հենրիխը գործնականում ապրում էր մարզաբազայում, անընդհատ մարզվում էր և միշտ առանձնանում էր իր աշխատասիրությամբ։ Այդ պատճառով էլ տեսե՛ք՝ քանի տարեկան է նա, բայց մինչ օրս շարունակում է խաղալ։

Կովկասյան թիմերին այս խնդիրը վերաբերում է։ Ոչ միայն Հայաստանին, այլև Վրաստանին։ Հայ ֆուտբոլիստները, այսպես ասած, երբեմն մի փոքր ծույլ են, մի փոքր ոչ պրոֆեսիոնալ, մի փոքր սիրում են լավ ուտել, մի փոքր էլ չեն սիրում վազել։ Իսկ ժամանակակից ֆուտբոլն աթլետիկ է։ Հետևաբար, հենց այս բոլոր հարցերն էլ պետք է շտկենք։ Բայց հիմա, կարծում եմ, երիտասարդ սերունդն արդեն մի փոքր այլ է՝ այլ մտածելակերպով։

Եվ կարծում եմ, որ, օրինակ, երիտասարդ տղաներին, ովքեր, հուսանք, ցանկանում են աշխատել, մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ֆիզիկական պատրաստվածությանը, ճիշտ սննդակարգին և այլն։

Երբեմն նույնիսկ առաջին հայացքից տեսնում ես, որ ֆուտբոլիստը չափից ավելի ծանր է վազում։ Այդ պատճառով, ինչպես ասում են, այս հարցին նույնպես շատ լուրջ ու ճիշտ մոտեցում ենք ցուցաբերելու։

Ժամանակին, օրինակ, Յայա Տուրեի և այլ ֆուտբոլիստների դեպքում, երբ ես աշխատում էի «Մոնակոյում», երկու ամիս շարունակ հատուկ ուշադրություն էր դարձվում ճիշտ սննդակարգին։ Նրանց բացատրում էին, ցույց էին տալիս, թե որքան կարևոր է ճիշտ սնվելը և այլն։ Հասկանո՞ւմ եք, շատ բաներ մենք նույնպես կփորձենք ներդնել և իրականացնել։ Ամեն ինչ՝ քայլ առ քայլ։

Գիտե՞ք, ժամանակին, երբ «Մանչեսթեր Սիթին» գնեցին նախագահ Խալդունը և շեյխ Մանսուրը, կարելի է ասել, ես նույնպես կանգնած էի այդ գործընթացի ակունքներում։ Մենք հենց այդ ժամանակ էլ քննարկում էինք բազմաթիվ նման հարցեր, որովհետև Յայան առաջին բարձրակարգ ֆուտբոլիստներից էր, ով միացավ թիմին, իսկ հետո արդեն մյուսները եկան։ Այնտեղ Սիլվան նստած էր կողքին և հետևում էր։ Տեսավ, որ Յայան գնաց, ինքն էլ գնաց, հետո՝ Ագուերոն և այդպես շարունակ։ Բայց ինչի՞ մասին եմ հիմա խոսում։ Գիտե՞ք, սա նույնպես նախագիծ էր։ Սկզբում ոչ ոք չէր հավատում այդ նախագծին, որովհետև նրանք այնտեղ էին, բայց նույնիսկ չէին մտածում Չեմպիոնների լիգայի մասին։

- Ինչպես Դուք նշեցիք, «Փյունիկը» մեծ պատմություն ունեցող ակումբ է։ Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի այդ պատմությունը լինի ոչ միայն հպարտության առիթ, այլև ապագայի հիմք։

- Ես հիմա չեմ ուզում բարձրագոչ խոսքեր ասել։ Պետք է աշխատել ակումբի ղեկավարության հետ և ճիշտ համակարգ կառուցել։ Իսկ երբ համակարգը ստեղծվի, այն արդեն ինքնուրույն կաշխատի, և հետագայում պարզապես անհրաժեշտ կլինի փոքր փոփոխություններով կամ լրացումներով այն զարգացնել։ Ամենակարևորը` համակարգ ստեղծելն է։

Օրինակ՝ ես կարծում եմ, որ վատ է, երբ ակումբի սեփական ակադեմիայի սաները լիարժեք չեն օգտագործվում։ Կցանկանայի, որ «Փյունիկ Ակադեմիան» ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստեր և նրանց հնարավորություն տար տեղափոխվել հիմնական թիմ։ «Սարդարապատում» ֆուտբոլիստ կա, որը վարձակալությամբ «Փյունիկից» է և թիմում ամենաշատ գոլերն է խփել։ Նա «Փյունիկի» ֆուտբոլիստ է, պարզապես վարձակալությամբ է հանդես գալիս։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա «Փյունիկում» չէ։ Բայց կտեսնենք։

Որոշակի ծրագրեր ու պատկերացումներ արդեն կան, և հիմա մենք կսկսենք այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենալ։ Ես ցանկանում եմ, որ երկկողմանի կապ լինի, և երկրպագուները մամուլի ծառայության միջոցով ինձ հարցեր ուղղեն։ Ես պատրաստ եմ երկու շաբաթը մեկ պատասխանել երկրպագուների բոլոր հարցերին՝ որքան էլ դրանք կոշտ կամ նույնիսկ, տհաճ լինեն։

Տեսե՛ք, ես մարդ եմ, ով եկել է աշխատելու մաքուր և թափանցիկ։ Երբ մարդիկ զբաղվում են այն գործով, որը սիրում են, արդյունքը միշտ գալիս է։ Ես դրանում անգամ չեմ կասկածում։ Այդ պատճառով, տեսե՛ք, ոմանք կարող են մտածել, որ հիմա այստեղ ինչ-որ բան եմ անելու, ինչ-որ մեկին բերելու եմ և այլն։ Բայց ես հակառակն եմ ասում։ Հնարավոր է՝ ես ինչ-որ ֆուտբոլիստի բերեմ, որի տրանսֆերային արժեքը, ենթադրենք, կես միլիոն է, բայց ես նրան ակումբ կբերեմ անվճար։ Ես կփորձեմ, մենք կզարգացնենք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց հետագայում, հնարավոր է, նաև վաճառենք։

Մենք աշխատելու ենք, և կաշխատի ակադեմիան, կաշխատի մարզչական շտաբը, կաշխատեն սկաուտական ծառայությունները։ Բոլոր ուղղություններով աշխատանք պետք է տարվի։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ, օրինակ, իմ նախկին ֆուտբոլիստներից շատերը կամ ինձ հետ նախկինում աշխատած մարդիկ այսօր տարբեր ակումբներում զբաղեցնում են բարձր պաշտոններ և այլն, հնարավոր է՝ մենք կազմակերպենք նաև ընկերական հանդիպումներ իսպանական և նիդերլանդական ակումբների հետ։

Օրինակ՝ Ջորդի Կրոյֆը հիմա «Այաքսի» տեխնիկական տնօրենն է։ Նա նույնպես նախկինում իմ ֆուտբոլիստն է եղել, խաղացել է մեզ մոտ՝ Դոնեցկի «Մետալուրգում»։ Այդ պատճառով մենք շատ բաներ ենք անելու, որոնք, հուսով եմ, «Փյունիկը» նոր մակարդակի կհասցնի։

Բայց սկզբում միշտ, երբ, ինչպես ասում են, նոր բնակարան ես մտնում, պետք է ինչ-որ տեղ մաքրել, ինչ-որ բան կարգի բերել։ Հետևաբար, հնարավոր է՝ ինչ-որ փուլում ինչ-որ մեկը նեղանա մեկ ուրիշից, բայց առանց դրա չի լինում։ Ե՛վ երկրպագուները, և՛ ակումբի աշխատակիցները պետք է հասկանան, որ առաջ շարժվելու համար երբեմն անհրաժեշտ են փոփոխություններ։

- Պարո՛ն Սելյուկ, եկեք խոսենք առավելագույնս ուղիղ։ Ո՞նց եք տեսնում «Փյունիկի» առավելագույն ներուժը եվրոպական ասպարեզում։

- Պարզապես ես ձեզ կասեմ, որ այստեղ, երևի, կրկին պետք է աշխատանք տանել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ինձ մի փոքր անհանգստացնում է այն, ինչ հիմա տեսնում եմ։ Վերջերս սկսել եմ ավելի շատ հետևել հայկական ֆուտբոլին, և, օրինակ, ինձ մտահոգում է ենթակառուցվածքների հարցը։ Անհրաժեշտ են մարզադաշտեր, անհրաժեշտ են մարզումային խաղադաշտեր։

Ինչո՞ւ եմ սա ասում։ Որովհետև թիմերի մեծ մասը, բնականաբար, Երևանում է։ Բայց պետք է նաև մարդկանց մեջ սեր սերմանել ֆուտբոլի նկատմամբ, տարբեր միջոցառումներ կազմակերպել, երկրպագուներին ներգրավել։ Որովհետև երբեմն նայում ես հանդիպումներին ու, մեղմ ասած, տրիբունաները դատարկ են։

Այդ պատճառով այստեղ անհրաժեշտ է համատեղ լուծում՝ Ֆեդերացիայի հետ միասին։ Հուսով եմ՝ հիմա, Ֆեդերացիայի նախագահի ջանքերի շնորհիվ, և այն հանգամանքով, որ Հայաստանը Վրաստանի հետ միասին ստացել է երիտասարդական աշխարհի առաջնության անցկացման իրավունքը, կարելի է օգտվել այս հնարավորությունից։ Պետք է կառուցել մարզադաշտեր, ստեղծել համապատասխան մարզումային խաղադաշտեր և այլն։ Թեկուզ դրանք պատկանեն, օրինակ, Ֆեդերացիային։

- Ինչպես Դուք նշեցիք, այս պաշտոնը ստանձնել եք «Փյունիկում» ինչ-որ բան փոխելու համար։ Ձեր կարծիքով՝ մեկ տարի անց երկրպագուն ի՞նչ փոփոխություն պետք է նկատի «Փյունիկում»։

- Շատ փոփոխություններ կնկատեն։ Գուցե նույնիսկ կես տարի անց։ Բայց հիմա ժամանակի խնդիր կա։ Բանն այն չէ, որ ես չգիտեմ՝ ինչպես անել ամեն ինչ կամ ինչ պետք է փոխել և ինչով փոխարինել։ Պարզապես ֆուտբոլում իրավիճակն այնպիսին է, որ կան տրանսֆերային պատուհաններ, և հիմա մենք կփորձենք աշխատել այդ հնարավորությունների շրջանակում։

Բնականաբար, թիմն արդեն կա, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ ամեն ինչ կսկսի զրոյից՝ ապացուցելու համար, թե ինչի է ընդունակ։ Մենք կտեսնենք, կգնահատենք՝ ով ինչպես է նվիրվում աշխատանքին, որքան պրոֆեսիոնալ է։ Կնայենք ամեն ինչ՝ ով ավելորդ քաշ ունի, ով ինչպես է վազում և այլն։ Մարզչական շտաբն էլ հետևելու է այս ամենին, որոշումներ է կայացնելու և համապատասխան քայլեր է ձեռնարկելու։

Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա ամեն ինչ միայն կբարելավվի և առաջ կգնա։ Որտեղ ինչ-որ բան պետք լինի ուղղել՝ կուղղենք, որտեղ ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն լինի՝ կփոխենք։ Բայց ընդհանուր առմամբ, գլխավոր ուղղությունը, բնականաբար, թիմի որոշակի երիտասարդացումն է։ Մենք տեսնում ենք նաև, որ անհրաժեշտ է ինչ-որ չափով բարձրացնել թիմի միջին հասակը, քանի որ բարձրահասակ ֆուտբոլիստներ գրեթե չկան։ Բայց այս ամենը մենք կքննարկենք մարզչի հետ, և կարծում եմ՝ մարզիչն էլ իր ցանկություններն ու առաջարկները կներկայացնի։ Կաշխատենք քայլ առ քայլ։

- Եվ վերջին հարցը, Դմիտրի Դմիտրիևիչ, մի փոքր հռետորական է։ Ինչո՞ւ «Փյունիկի» երկրպագուները պետք է հավատան ակումբի նոր փուլին՝ Ձեր գալով։

- Ես այնպիսի մարդ եմ, որի համար հեղինակությունը շատ ավելի կարևոր է, քան գումարը։ Ես ապահովված մարդ եմ, բայց ինձ համար հեղինակությունն է կարևոր։ Ես, այսպես ասած, իմ հեղինակությունն եմ դնում այս աշխատանքի վրա։ Տեսե՛ք, ես չգիտեմ՝ ինձ մինչև վերջ կհաջողվի՞ հասցնել այս նախագիծը, թե՞ ոչ։ Կյանքը ցույց կտա, կտեսնենք։ Բայց մի բանում ես ընդհանրապես չեմ կասկածում՝ երկրպագուները շատ արագ կտեսնեն արդյունքները։

Եվ որտեղ էլ որ ես եղել եմ, բոլոր ակումբներում, ես ձեզ կասեմ՝ օրինակ, Դոնեցկի «Մետալուրգը»։ Օլեգ Արտուշևիչ Մկրտչյանը հիմա կարող է ձեզ պատմել, որ դա հաջողված նախագիծ էր։ Այնտեղ խաղացած ֆուտբոլիստներին նայեք՝ Յայա Տուրե, Հենրիխ Մխիթարյան և այլն։ Այնտեղ էր նաև Ջորդի Կր ոյֆը, Էրոլ Բուլութը, որն այժմ եղել է «Ֆեներբահչեի» մարզիչ, և շատ ուրիշ ֆուտբոլիստներ։ Ի դեպ, նույնիսկ Եղիշե Մելիքյանն է խաղացել Դոնեցկի «Մետալուրգում»։ Այսինքն՝ դա հաջողված նախագիծ էր։

Կարծում եմ՝ «Փյունիկը» որոշակի պատճառներով է դիմել ինձ։ Կարծում եմ՝ նրանք գիտեն և հասկանում են դա։ Ես արդեն ավելի վաղ ասել եմ, որ ակումբի զարգացումը, այն, որ ֆուտբոլիստները կարողանան դուրս գալ միջազգային մակարդակ, կարևորագույն նպատակներից մեկն է, որը կցանկանայի տեսնել։ Կարծում եմ՝ սա կարևոր է ոչ միայն ակումբի ղեկավարության, այլև, իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար։ Հետևաբար, կարծում եմ՝ մենք աստիճանաբար կփորձենք այս ամենն իրականացնել։ Բայց շատ կարևոր է, որպեսզի ամբողջ թիմը՝ ակումբի Գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանի գլխավորությամբ, գործի որպես մեկ միասնական մեխանիզմ։

Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ ամեն ինչ լինելու է թափանցիկ։

Վերջին նորություններ