0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ամեն ինչ հնարավոր է». Կանանց ֆուտբոլում ձեռքբերումներ գրանցած Նելլի Ստեփանյանը պատմում է իր ուղու մասին

«Ֆուտբոլը աղջկա համար չէ» արտահայտությունը առաջինն է, որը լսել է մեր այսօրվա հերոսուհին ու նրա սերնդի բազմաթիվ աղջիկներ, երբ որոշում են կայացրել զբաղվել մի սպորտաձևով, որը թվում էր` ստեղծված էր բացառապես տղաների համար: Այդ որոշումից տարիներ անց՝ 2003-ին, ձևավորվեց մեր պատմության կանանց առաջին ազգային հավաքականը, որը արժանապատիվ խաղեր էր անցկացնում ու նույնիսկ պատմական արդյունքի է հասել Եվրո-2013-ին` հաղթահարելով խմբային փուլի արգելքը և դուրս գալով Էլիտ-ռաունդ: Ցավոք, կարճ ժամանակ անց այդ հավաքականը լուծարվել է և վերակազմավորվել ընդամենը 3 տարի առաջ:

 Նելլի Ստեփանյանը, որը այդ տարիներին առաջատար խաղացող էր հայկական ակումբներում և ազգային հավաքականում, շարունակել է իր ճանապարհը չնայած ամենի ու իր աշխատանքով ճանապարհ հարթել բազմաթիվ աղջիկների համար: 

Կանանց տոների առթիվ մեր ակումբի մամուլի ծառայությունը  պատմում է «Փյունիկ 2014-1» և «Փյունիկ 2012-2» թիմերի գլխավոր մարզիչ Նելլի Ստեփանյանի անցած ուղու մասին:

Ինչպես ընտրեց ֆուտբոլը

Մեր այսօրվա հերոսուհուն առաջին անգամ ֆուտբոլի է ուղեկցել հայրը, որը ինքն է մարզել աղջկան 5 տարեկանից։ Նելլին իր ամբողջ մանկությունն անցկացրել է տղաների հետ խաղալով, իսկ 16 տարեկանում հրավիրվել է «Նաիրի» կանանց թիմ, որտեղ նրա համար օրինակ ու ոգեշնչման աղբյուր է դարձել իր առաջին պրոֆեսիոնալ մարզիչը։

«Մարզիչ Օնիկը մեծ հարգանք էր առաջացնում՝ որպես մարդ և մասնագետ: Նա մեզ էր փոխանցում ֆուտբոլի մասին իր գիտելիքները, և մենք փորձում էինք վերցնել այն ամենն, ինչ կարող էինք»:

Վերհիշելով սկզբում ունեցած դժվարությունները՝ Նելլին պատմում է, որ մայրն ու մորեղբայրները դեմ են եղել, որ երիտասարդ աղջիկը հաճախի ֆուտբոլի, և միայն հայրն է աջակցել նրան այդ հարցում։ Հեշտ չէր նաև ուսումնական գործընթացը կազմակերպելը․ գյուղից, որտեղ ապրում էր Նելլին, ճանապարհը դեպի բազա շատ երկար էր տևում տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով։ Սակայն դա այն խոչընդոտը չէր, որի պատճառով նա կարող էր թողնել պարապմունքները։

Կարիերայի զարգացումը

Նելլիի մոտ շատ վառ է տպավորվել առաջին մրցաշարը։ Դա Բելառուսում անցկացվող «Կաշվե գնդակ»-ի առաջնությունն էր կանանց թիմերի համար, որտեղ մեր հերոսուհին վերջնական արդյունքներով ճանաչվել է լավագույն ռմբարկու ու ստացել մրցանակ։ «Դա առաջին անգամ էր, որ այդքան հեռու էի տնից, իմ երկրից, այն ժամանակ ինձ համար դժվար էր։ Բայց պարզվեց, որ շատ կարևոր ու հետաքրքիր է նման մրցաշարում տարբեր թիմերի հետ խաղալն ու փորձ ձեռք բերելը։ Մենք ամեն խաղից հետո կատարելագործվում էինք»:

«Նաիրիից» հետո Նելլին հանդես է եկել «Կիլիկիա» և «Շենգավիթ» թիմերում, ապա տեղափոխվել «Քոլեջ» ակումբ, որի հիմքերի վրա էլ ապագայում պետք է ձևավորվեր Հայաստանի կանանց ազգային հավաքականը։

«Այնտեղ շատ լուրջ էին մոտենում կանանց ֆուտբոլի զարգացմանը: Մենք մասնակցեցինք Չեմպիոնների լիգային, խաղացինք Ֆրանկֆուրտի թիմի հետ։ Ցավոք, այդ ժամանակ մենք զիջեցինք, բայց միայն պատկերացրեք,այնտեղ էին խաղում Գերմանիայի հավաքականի աստղերը»։ 

Նելլին մեր ազգային հավաքականում խաղացել է Մհեր Միքայելյանի գլխավորությամբ, ապա՝ Սամվել Ադամյանի։ 2010-ականների երկրորդ կեսը Հայաստանում կանանց ֆուտբոլի ծաղկման շրջանն էր։ «Մեր թիմը շատ ուժեղ էր: Մենք գրանցում էինք հաղթանակներ, խաղում ոչ-ոքիներ մեզանից կարգով բարձր թիմերի հետ, կռիվ էինք տալիս, բայց խոշոր հաշվով պարտություն թույլ չէինք տալիս»:

Մրցավարի և մարզչի կարիերան

2009 թվականին Նելլին սկսում է ուսումնասիրել մրցավարի մասնագիտությունը։ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի արտոնագիր ստանալուց հետո նա որոշում է կենտրոնանալ մրցավարի աշխատանքի վրա և ավարտում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

Նելլին արագ հմտանում է նաև այս գործում ու մինչև 43 տարեկանը դատում Հայաստանի առաջնության և միջազգային մրցաշարերի հանդիպումներ, այնուհետև թողնում է մրցավարի գործունեությունը և որոշում առաջին քայլերն անել մարզչական գործում: Մինչև 2017 թվականը ստանալով մարզչական B կարգ՝ նա միանում է «Փյունիկին», որտեղ դառնում է կանանց թիմի երրորդ մարզիչը։ Այնուամենայնիվ, Նելլիի համար միշտ առաջնային է եղել երիտասարդ տղաների հետ աշխատանքը:

«Ես հասկացա և տեսա ամեն ինչ կանանց ֆուտբոլում: Բայց ինձ համար շատ ավելի հարմար է տղաների հետ աշխատելը, միգուցե իմ կոշտ բնավորության պատճառով: Չեմ բացառում, որ մի օր կմարզեմ կանանց թիմ, եթե կոնկրետ առաջարկներ լինեն ու եթե հստակ պատկերացում ունենամ, թե ինչպես պետք է արդյունավետ փոխանցեմ իմ փորձը և կիրառեմ գիտելիքներս։ Սակայն հիմա իմ հիմնական աշխատանքը տղաների թիմերն են»։

«Փյունիկ» ակադեմիայում աշխատանքը

«Ես «Փյունիկ» աշխատանքի եմ անցել այն ժամանակ, երբ ակադեմիան ղեկավարում էր Արմեն Գյուլբուդաղյանցը։ Մենք ունեինք լավ կազմակերպված, հստակ կառուցված համակարգ. բոլորը հասկանում էին, թե կոնկրետ ինչ և ինչպես պետք է անեն։ Արմենը մեզ ծրագրեր էր տրամադրել, և մենք քրտնաջան ու հետևողական աշխատանք կատարեցինք: Մեր ակումբը մյուս թիմերից առանձնանում էր իր մոտեցմամբ, մասնագետների պատրաստմամբ ու մարդկանց հանդեպ վերաբերմունքով։ Այս մակարդակը պահպանվեց նաև ղեկավարության փոփոխությունից հետո։ Մեր ակումբի բոլոր մարզիչները պարբերաբար բարձրացնում են իրենց որակավորումը, օրինակ ես արդեն ստացել եմ A կարգի որակավորում և երկու տարուց պատրաստվում եմ Pro կարգի որակավորում ստանալ, որպեսզի էլ ավելի ընդլայնեմ գիտելիքներս ու դրանք փոխանցեմ սաներիս, հասցնեմ նրանց ազգային հավաքականի մակարդակի։ Ինքնազարգացման համար միշտ էլ տեղ կա»։

 Նելլիից հետաքրքրվեցինք` ինչ հատկանիշներ պետք է ունենա լավ մարզիչը:

«Մարզիչը կրթում է երեխաներին ու պետք է հասկանա, որ նրանցից յուրաքանչյուրին ժամանակ է պետք ընկալման համար, ոստի մարզիչը պետք է լինի համբերատար ու սիրող»։

«Ես երեխաներին ասում եմ՝ հարգեք միմյանց, խաղադաշտում ընտանիք եղեք: Սա արդյունքի հասնելու միակ ճանապարհն է։ Նրանց զարգացումն իմ նպատակն է»։

Նելլին վստահ է, որ ֆուտբոլիստը պետք է բազմակողմանի կրթություն ստանա. «Շատ կարևոր է սովորել լեզուներ՝ անգլերեն, իսպաներեն, իտալերեն և այլն: Դա անհրաժեշտություն է ժամանակակից աշխարհում: Ինքը՝ Նելլին, խոսում է ռուսերեն և անգլերեն։ 

Քննարկում ենք կանանց դժվարությունները ֆուտբոլում

Նելլին կարծում է, որ որպես տղամարդկանց ֆուտբոլի կին մարզիչ չի բախվել թերագնահատման գործընկերների կամ սաների ծնողների կողմից։ «Ես արդեն 33 տարի ֆուտբոլում եմ։ Կարծում եմ՝ իմ մասին գիտեն Հայաստանի մարզիչների մի մասը և շատ ծնողներ»։

Սակայն, ըստ Նելլիի, երկրում կանացի ֆուտբոլի ընկալման հետ կապված դեռ դժվարություններ կան։ «Երևի մտածելակերպի պատճառով որոշ ծնողներ չեն կարող պատկերացնել, որ աղջիկը կարող է լավ խաղալ և հաջողության հասնել խաղադաշտում: Նրանք չգիտեն, թե ինչպես է աշխատում համակարգը և չեն էլ փորձում պարզել դա»:

Նելլիից հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդ կտա այն աղջիկներին, որոնք ֆուտբոլում դժվարությունների են հանդիպում։ «Ես շատ բաների միջով եմ անցել, բայց շարունակել եմ մարզվել, ցուցադրել լավ խաղ և տեղ եմ գտել ազգային հավաքականում: Ամեն ինչ հնարավոր է: Փորձեք:

 

Ֆուտբոլում կինը պետք է լինի ագրեսիվ և ուժեղ, ոչնչից չվախենա: Մեր հայկական բնավորությանը հատուկ են արժանապատվությունն և հաստատակամությունը, որը պետք է դրսևորվի նաև խաղադաշտի սահմաններում։ Հետևելով աղջիկներին` կարող եմ ասել, որ նրանք չեն վախենում քրտնաջան աշխատանքից և շատ դեպքերում ավելի շատ են սիրում ֆուտբոլը, քան տղաները»:

Մեր զրույցի վերջում Նելլի իր մաղթանքներն ուղարկեց բոլոր կանանց ու իհարկե, ինքն իրեն:

«Ես կյանքին դրական եմ նայում, հավատում եմ, որ լավ է լինելու։ Ուզում եմ, որ Հայաստանում մարդիկ երջանիկ լինեն, զարգանան ու տարբեր ոլորտներում հաջողությունների հասնեն։ Թող պատերազմներ չլինեն, և մենք կարողանանք ապրել խաղաղության և ուրախության մեջ»:

Հեղինակ ու լուսանկարներ՝ Գրիգոր Ավագյան

Վերջին նորություններ