0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Չեմ կարող» խոսքը ինձ համար գոյություն չունի». Արաքսյայի պատմությունը` քրտանաջան աշխատանքի, հաջողության ու ֆուտբոլի հանդեպ սիրու

Մեր օրերում կանանց ֆուտբոլը պրոֆեսիոնալ սպորտաձև է, որի զարգացման վրա աշխատում են աշխարհի առաջատար ակադեմիաները: Այս պրոցեսի մեկնարկը անհնար կլիներ առանց փոխադարձ հարգանքի ու նախապաշարմունքերի հաղթահարումի:

Մեր այսօրվա հերոսուհին Արաքսյա Սարիբեկյանն է՝ «Փյունիկ 2015-6» և  «Փյունիկ 2016-4» թիմերի գլխավոր մարզիչը, միջազգային կարգի մրցավարը ու նախկինում փայլուն ֆուտբոլիստը: Արաքսյա այն մարդկանցից մեկն էր, որը երկու տասնամյակ առաջ Հայաստանում փոխեց պատկերացումը կանանց ֆուտբոլի մասին ու դուրս բերեց այն նոր մակարդակի: Սարիբեկյանը մեզ պատմեց իր փորձի, աշխատանքի սկզբունքերի ու մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին:

Ինչու ֆուտբոլ և ինչպես սկսվեց ամեն ինչ

Արաքսյան միշտ շատ ժամանակ է հատկացրել կրթությանը. նա եղել է դպրոցի լավագույն աշակերտուհին, միաժամանակ բանաստեղծություններ է գրել ու զբաղվել նկարչությամբ: Քոլեջում նա սովորել է մենեջմենթի մասնագիտությամբ, կարևորել լեզուների իմացությունը և ձգտել զբաղվել դիզայնով: Սակայն բացահայտելով, որ առարկաների մեջ չկա կանանց ֆուտբոլ, Արաքսյան գնացել է տնօրենի մոտ, որից հետո էլ որոշվել է քոլեջում աղջիկների համար մրցաշարեր կազմակերպել։

«Ես միշտ խաղում էի տղաների հետ, սիրում էի վոլեյբոլ, թենիս և սեղանի թենիս: Բայց ֆուտբոլը մի նոր և դժվար բան էր, հետևաբար՝ հետաքրքիր»:

Արաքսյան իր առջև նպատակ է դրել փոխել մարդկանց վերաբերմունքը կանանց ֆուտբոլի և մարզուհիների նկատմամբ, ապացուցել, որ աղջիկը կարող է լինել ուժեղ, անկախ և պրոֆեսիոնալ։

«Բոլորը մտածում էին, որ տղա կդառնանք, կսկսենք կռվել։ Երբ ընկերներս իմանում էին, որ ես ֆուտբոլ եմ խաղում, ասում էին. «Այդ ինչպե՞ս։ Դու այնքան լավ աղջիկ ես, լավ ես սովորում, գրագետ ես խոսում...» Իսկ ես պատասխանում էի, որ այդ ֆուտբոլն է ինձ լավը դարձնում, քանի որ ես զարգանում եմ և դառնում ավելի ուժեղ»։

Խաղացողի, մարզչի ու մրցավարի կարիերա

Արաքսյան հանդես է եկել «Քոլեջ» թիմում, ազգային հավաքականում ու հանդիսանում է Հայաստանի կանանց ֆուտբոլի պատմության ուժեղագույն սերունդներից մեկի ներկայացուցիչը։ Լինելով գործող ֆուտբոլիստ՝ Արաքսյան որոշել է համատեղել նաև մարզչի ու մրցավարի գործը` խաղը տարբեր տեսանկյուններից տեսնելու, հոգեբանական ու տակտիկական կողմերը վերլուծելու համար։ Նա կարծում է, որ այդ փորձի շնորհիվ իր կարիերայի ընթացքում խաղի լավագույն որակն է ցուցադրել. «Ես սկսեցի ամեն ինչ տեսնել, զգալ և հասկանալ խաղադաշտում»։

13 տարի Արաքսյան աշխատել է որպես հրահանգիչ The Open Fun Football Schools ծրագրում, որի նպատակն էր զարգացնել մասսայական ֆուտբոլը։

«Շատ դժվար էր մարզերում։ Շատերը, երբ տեսնում էին, որ աղջիկը պետք է դասախոսի տղամարդ ուսուցիչների, ծիծաղում ու ընդդիմանում էին։ Մենք զբաղվում էինք մարզիչների և երեխաների ուսուցմամբ, և հասանք նրան, որ ֆուտբոլը ներառվեց դպրոցական ծրագրում»։

Արաքսյան 24 տարեկանում աքիլեսյան ջլի պատռվածք է ստացել. «Դա այն պահն էր, երբ ես սկսեցի իմ ֆուտբոլային ուղին զրոյից: Մարզիչը չէր հավատում, որ ես կարող եմ խաղալ։ Ես լացում էի, բարկանում, հուսահատվում, բայց նույնիսկ երբ պառկած էի վիրակապված ոտքով, երազում էի ֆուտբոլի մասին։ Ես ուզում էի վերադառնալ և շատ արագ ապաքինվեցի»։

Վնասվածքից հետո Արաքսյան հրավեր է ստացել ազգային հավաքականից, սակայն որոշել է իր տեղը զիջել երիտասարդ ֆուտբոլիստի։ Շուտով Արաքսյան որոշել է կենտրոնանալ մարզչի և մրցավարի աշխատանքի վրա։ 2009 թվականին նա դարձել է ՖԻՖԱ-ի մրցավար, դատել եվրոպական կանանց ֆուտբոլի հիմնական մրցաշարեր, ինչպես նաև տղամարդկանց թիմերի խաղեր։

«Երկար ժամանակ ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է մրցավար լինել։ Բայց որոշեցի, որ եթե ինձ համար դժվար է, ուրեմն պետք է փորձել։ Հիմա ես բոլորին ասում եմ՝ կյանքում մեկ անգամ պետք է դատել որևէ հանդիպում, որպեսզի հասկանաս թե՛ մարզչին, թե՛ խաղացողին»։

Վերհիշում ենք կարիերայի հետաքրքիր պահերը

«Հիշում եմ, երբ առաջին անգամ տղամարդկանց խաղ էինք վարում (կանանց մրցավարական թիմը-խմբ): Երկրպագուներից մեկը բղավեց. «Ի՞նչ եք անում այստեղ: Ձեր տեղը խոհանոցն է»։ Հանդիպումից հետո ֆուտբոլիստներն ու մարզիչները պատրաստ էին ծափահարել մեզ, քանի որ մենք շատ լավ աշխատանք էինք կատարել։ Իսկ այդ երկրպագուն էլ սպասեց մեզ ու ներողություն խնդրեց։ Հետո սկզբունքային մրցակիցների հանդիպումներին հենց մեր թիմին էին ուղարկում, քանի որ մեզ հաջողվում էր պահպանել կարգապահությունը»։

Խոսում ենք կանանց ֆուտբոլի մասին

Արաքսյան մի քանի կողմից ուսումնասիրել է թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց ֆուտբոլը։ Նրան խնդրեցինք խոսել դրանց տարբերությունների մասին և առանձնացնել աղջիկների հետ աշխատելու առանձնահատկությունները։

«Տղաները մանկուց ֆուտբոլ են խաղում` ամենուր և միշտ: Իսկ աղջիկները երբեմն պարզապես նայում են ու սիրահարվում։ Հնարավոր է ավելի դժվար կլինի նրանց համոզել զբաղվել ֆուտբոլով, բայց երբ նրանք սկսում են, շատ լավ են անում դա: Եթե ​​աղջիկը սիրում է ֆուտբոլ, նա հասնում է իր նպատակներին»:

Արաքսյան շեշտում է, որ կարևոր է հենց սկզբից բացատրել աղջիկներին, որ նրանք կարող են լինել ուժեղ, ֆիզիկապես զարգացած և պահպանել իրենց ինքնությունը։ Նա իր կյանքում հաճախ է բախվել նախապաշարմունքների հետ, բայց միշտ գտել է դրանք հաղթահարելու միջոցը:

«Ես բոլորին` և՛ աղջիկներին, և՛ տղաներին, ասում եմ՝ եթե ինչ-որ բանից վախենում եք, պետք է փորձեք: Հակառակ դեպքում, վախը միշտ կհետապնդի ձեզ։ Ինձ համար «չեմ կարող» բառը գոյություն չունի։ Փորձի՛ր։ Եթե ստացվեց, ուրեմն քոնն է, եթե չստացվեց, ամեն դեպքում քեզ փորձը մնա։ Պետք չէ երկմտել»։

«Երբ ես ուզում էի հանձնվել, ինքս ինձ հարցնում էի. «Ինչո՞ւ: Չէ՞ որ ես ուժեղ եմ, ես ֆուտբոլիստ եմ»: Ես երկու դիպլոմ ունեմ, բայց ֆուտբոլն ինձ ամեն ինչ է տվել։ Նրա հետ եմ բացահայտել աշխարհը»:

Արաքսյան դրական է գնահատում երկրում կանանց ֆուտբոլի զարգացումը, կարծում է, որ մեր ակումբների ակադեմիաներում այժմ ուժեղ սերունդ է զարգանում, որը մի քանի տարի անց կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենաուժեղը։ «Այնտեղ աղջիկներ կան, որոնց խաղին սիրահարվում ես։ 6 տարեկանից կամ 10 տարեկանից են սկսում աշխատել, ու գնում են առաջ»։

Անդրադառնալով «Փյունիկի» ակադեմիային` Արաքսյան նշում է, որ վերջին տարիներին դրական փոփոխություններ են տեղի ունեցել. «Այժմ մեր ակադեմիան աշխատում է և՛ աղջիկների, և՛ տղաների համար՝ կառուցելով նոր ենթակառուցվածքներ։ Սա նշանակում է, որ ապագայում էլ ավելի լավ է լինելու»։

Մարզչական աշխատանքի սկզբունքների մասին

Արաքսյան 2018 թվականից աշխատում է «Փյունիկի» ակադեմիայում: Նա եղել է աղջիկների թիմի գլխավոր մարզիչն ու մարզչի օգնականը, իսկ այժմ մարզում է 2015 և 2016 թվականներին ծնված տղաներին։

«Երբեք չեմ մոռանում, որ աշխատում եմ երեխաների հետ, չեմ արգելում արտահայտել իրենց զգացումունքները, չեմ նախատում սխալների համար, ասում եմ, որ սիրում եմ նրանց։ Եվ միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ կարող են մրցակցել միմյանց միջև, բայց ընկերներ են և պետք է հարգեն միմյանց»։

Յուրաքանչյուր մարզումից հետո Արաքսյան և իր սաները շրջանաձև նստում են խոտածածկին և մի քանի րոպե զրուցում: Դա թույլ է տալիս քննարկել այն ամենն, ինչ անհասկանալի է մնացել պարապմունքի ընթացքում։ Արաքսյան պատասխանում է հարցերին և հարցնում երեխաների ինքնազգացողության մասին. «Այս ամենի շնորհիվ ես սովորում եմ։ Երեխաները կարող են ձեզ այնպիսի գիտելիքներ տալ, որոնք այլ տեղում չեք ստանա»:

Արաքսյան շատ է կարևորում երկխոսությունն ու նրբանկատությունը։ Նա ասում է, որ նույնիսկ մեծ մարդկանց ներսում ապրում է փոքր երեխա և նա զգում է, որ որոշ մարդկանց կողքին կարող է ազատ լինել, լացել և ծիծաղել:

 Զրույցի վերջում Արաքսիայից հետաքրքրվեցինք, թե ինչ կմաղթի ինքն իրեն և բոլոր կանանց։

«Ես կմաղթեի բոլոր կանանց և ինքս ինձ հասկացված լինել։ Եթե ​​քեզ ընդունում են ու լսում, դու ամենաերջանիկն կինն ես»։

Վերջին նորություններ