0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Բանանց» խաղին ընդառաջ

15 մայիս, 17:00, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 33-րդ տուր

1-ին շրջան (Տուր 6). 29.08.2018 «Բանանց» - «Փյունիկ» 4-2 Գոլեր՝ Մոհամեդ Կոնատե, 27 (0-1), Վիտալի Ստեժկո, 46, ինքնագոլ (1-1), Էրիկ Վարդանյան, 66, 11մ (1-2), Իգոր Ստանոևիչ, 71 (2-2), Վահագն Այվազյան, 78 (3-2), Վալմերսոն Գարսիա, 84 (4-2)

2-րդ շրջան (Տուր 15). 04.11.2018 «Փյունիկ» - «Բանանց» 2-0 Գոլեր՝ Ալիկ Առաքելյան, 7 (1-0), Ալիկ Առաքելյան, 84 (2-0)

3-րդ շրջան (Տուր 24). 31.03.2019 «Բանանց» - «Փյունիկ» 1-1 Գոլեր՝ Վահագն Այվազյան, 2 (1-0), Ռումյան Հովսեփյան, 90+2 (1-1)

Աստիճանաբար ավարտին է մոտենում Հայաստանի 2018/19թթ. Բարձրագույն խմբի առաջնությունը, որն արդեն մոտ է իր հանգուցալուծմանը: Գործնականում չեմպիոնի կոչման համար պայքարում մնացել են 3 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Բանանցը»: Այս պահին մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է «Փյունիկը», որին 3 միավորով է զիջում երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան»: Լավագույն եռյակը վաստակած 50 միավորով եզրափակում է «Բանանցը», որը նաև մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Փյունիկը» շարունակում է իր հաղթարշավը և նախորդ տուրում մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթելով «Արցախին»՝ տարավ իր 6-րդ անընդմեջ հաղթանակը: Դա մեր թիմի լավագույն արդյունքն է վերջին 4 մրցաշրջաններում: Առավել քանակի հաղթանակների շարք «Փյունիկն» ունեցել է 2014/15թթ. առաժմ իր վերջին չեմպիոնական մրցաշրջանում, երբ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ մեր թիմը տարել էր 9 անընդմեջ հաղթանակ և 12 խաղ անպարտելի էր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջիկա՝ 33-րդ տուրում տեղի կունենա ինչպես տուրի, այնպես էլ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը, որը չեմպիոնական մրցավազքում կարող է շատ բան վճռել. «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Բանանցին»: Խաղի կարևորությունն, անշուշտ, շատ մեծ է և երկու կողմերի համար էլ բախտորոշ նշանակություն ունի:

Այս մրցաշրջանում թիմերը 3 անգամ արդեն հանդիպել են իրար հետ և առայժմ մեկական հաղթանակ են տարել «Փյունիկն» ու «Բանանցը», իսկ մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Ընդ որում, միմյանց միջև խաղերում հավասար են նաև խփված գոլերի տարբերությունը՝  5-5:

Ընթացիկ առաջնությունը «Փյունիկը» շատ հաջող սկսեց՝ մեկնարկային 3 խաղերում տանելով 3 անընդմեջ հաղթանակ ու 5-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը և հենց «Բանանցը» կարողացավ ընդհատել մեր թիմի հաղթանակների շարքը: Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում կայացած այդ խաղում, «Փյունիկը» նախ Մոհամեդ Կոնատեի, ապա Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ լինելով հաշվի մեջ, ցավոք, պարտվեց 4-2 հաշվով:

Թիմերի հաջորդ հանդիպումը կայացավ նախորդ տարվա նոյեմբերի 3-ին, Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում, որտեղ Ալիկ Առաքելյանի դուբլը վճռեց հանդիպման ելքը և «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ 2-0 հաշվով: Ավելորդ չէ նշել, որ մինչ այդ հանդիպումը մեր թիմը շուրջ 1 ամիս հաղթանակ չէր տարել՝ առաջնության 5 հանդիպումներում խփելով ընդամենը 1 գոլ:

«Բանանցի» դեմ մեր թիմի առայժմ վերջին հանդիպումը կայացել է այս տարվա մարտի 31-ին, Բարձրագույն խմբի 24-րդ տուրի կենտրոնական խաղում: Հանդիպման հենց սկզբում Վահագն Այվազյանի խփած գոլի շնորհիվ «Բանանցը» մինչև խաղավերջ հաշվի մեջ առջևում էր, սակայն փոխարինման մտած Ռումյան Հովսեփյանը ավելացված ժամանակի 2-րդ րոպեին հուժկու հարվածով հավասարեցրեց հաշիվը և փրկեց «Փյունիկին» պարտությունից: Ավելորդ չէ նշել, որ մեր թիմն ունեցավ մի քանի լավ պահեր, սակայն այդ օրը գերազանց էր գործում «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը:

Ինչպես նախապես նշված էր, «Փյունիկ» - «Բանանց» առաջիկա հանդիպումը պետք է կայանար Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում, սակայն հետագայում փոխվեց հանդիպման վայրն ու ժամը: Խաղը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 17:00-ին:

Նշենք, որ մեր թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի համար «Բանանցի» դեմ հանդիպումը կլինի 50-րդ խաղը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Վերջին նորություններ