
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկի» սան Լևոն Վարդանյանը վերադարձել է երևանյան ակումբ «Նոայում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։
Լևոնը ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է մեր մարզադպրոցում։ Վարդանյանը իր նորամուտը գլխավոր թիմում նշել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Երևանի» հետ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում:
«Լևոնի մեջ տեսնում եմ լուրջ մոտեցում, աշխատասիրություն և նպատակասլացություն: «Նոայում» նրա մոտ լավ էր ստացվում պայքարի մեջ մնալ հիմնական կազմում տեղի համար: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս մրցակցության մեջ իրեն ինչպես կդրսևորի։ Հուսով եմ՝ կարդարացնի մեր սպասելիքները»,-ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
2022/23 մրցաշրջանը 19-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայում»՝ 34 խաղում դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Վարդանյանը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 60 հանդիպում երկրի գլխավոր առաջնություններում։ 2022-ին նա մեր թիմի հետ նվաճել է նաև Հայաստանի առաջնության գավաթը։
«Ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու առթիվ։ Իմ և «Փյունիկի» առջև մեծ նպատակներ են դրված, կփորձեմ ուրախացնել ձեզ իմ գոլերով»,- նշեց Լևոն Վարդանյանը՝ դիմելով երկրպագուներին։
Մեր սանը հրավեր է ստացել նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականից ու մասնակցել 3 հանդիպման։
Շնորհավորում ենք ֆուտբոլիստին վերադարձի առթիվ և մաղթում բազում հաղթանակներ մեր գույներով: