0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ինչո՞ւ արժե գալ Աբովյան և այցելել տեղի մարզադաշտը

Հուլիսի 13-ին «Փյունիկը» նոր մրցաշրջանը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում էստոնական «Նարվա Տրանսի» հետ խաղով։ Մեզ համար առանձնահատուկ տնային այս հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Խաղին ընդառաջ մենք կպատմենք քաղաքի մշակութային հարստության և մարզադաշտի պատմության առանցքային պահերի մասին։

Քաղաքի ներկայիս տարածքում նախկինում եղել է Էլար գյուղը։ Այստեղ 1960-ական թվականների պեղումների ժամանակ հայտնաբերվել է Արգիշտի Ա թագավորի ուրարտական սեպագիր գիրը, որն ապացուցում է՝ տարածքը մ.թ.ա. IV դարի վերջից բնակեցված է եղել։ 

1961 թվականին գյուղը վերանվանվել է ի պատիվ հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի։ 1963 թվականին այն ստացել է քաղաքի կարգավիճակ։ Այժմ կենտրոնական հրապարակում Խաչատուր Աբովյանի արտասովոր հուշարձանն է (1978, Ս․Բաղդասարյան, Ս․ Բարխուդարյան)։

Սարալանջ թաղամասում է գտնվում Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծ արձանը, որը 301 թվականին քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։ Քանդակի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Հուշարձանը տեղադրվել է Աբովյանում 1976 թվականին և համարվում է քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկը։ Հետաքրքիր է, որ քանդակի հերոսը նայում է մարզադաշտին, իսկ երկրպագուները կարող են տեսնել նրան արևմտյան տրիբունայից։

Աբովյանի կենտրոնում է գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Տաճարը օծվել է 2013 թվականի մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։  Ճարտարապետը Հայաստանի վաստակավոր գործիչ Արտակ Ղուլյանն է։ Տաճարի բարձրությունը 50 մ է, կառուցման ընթացքում քարի փորագրությամբ զբաղվել է ավելի քան 40 վարպետ։

Աբովյանի գլխավոր մարզական օբյեկտը հենց մարզադաշտն է։ Հենց այստեղ էլ հուլիսի 13-ին «Փյունիկը» կհյուրընկալի «Նարվա Տրանսին»:

Մարզադաշտը բացվել է 1966 թվականին։ Կես դար շարունակ այն կրում էր «Կոտայք» անվանումը։ Այդ ժամանակ տանտերը ԽՍՀՄ առաջնության ու գավաթի խաղարկության մասնակից համանուն ակումբն էր, որը իսկ հետո նաև անկախ Հայաստանի առաջնության տնային հանդիպումներն նույնպես այստեղ էր անցկացնում։ 

2006 թվականին ակումբի լուծարումից հետո մարզադաշտը ձեռք է բերել ներկայիս անվանումը և դարձել այլ թիմերի տունը։
Վերջին տարիներին մարզադաշտը վերանորոգվել և վերաբացվել է 2022 թվականին։ Այժմ  ստադիոնը տեղավորում է 3100 հանդիսական։ Այն կարող է ընդունել Հայաստանի առաջնության խաղեր, ինչպես նաև միջազգային որոշ հանդիպումներ։
Հայկական ակումբների եվրագավաթային հանդիպումները նախկինում արդեն անցկացվել են այս մարզադաշտում։ 

2008 թվականի հուլիսի 23-ին «Փյունիկն» նույն մարզադաշտում անցկացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը։ Այդ ժամանակ մեր ակումբի մրցակիցը կիպրական «Անորտոսիսն» էր, որը դիմակայության երկու խաղերում էլ հաղթանակ էր տարել։

1998 թվականին Հայաստանի ազգային հավաքականն այստեղ երկու ընկերական հանդիպում է անցկացրել։ Օգոստոսի 18-ին ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Լիբանանին, իսկ նոյեմբերի 21-ին՝ Էստոնիային (2:1):

Աբովյանի մարզադաշտը նաև Հայաստանի ռեգբիի ազգային հավաքականի տնային մարզադաշտն էր։ 2000-ականներին թիմը գրանցել է իր պատմության ամենամեծ հաղթանակները՝ 2004 թվականին 48:0 հաշվով Իսրայելի նկատմամբ և 2008 թվականին 25:0 հաշվով Սերբիայի նկատմամբ:

Մեր բոլորիս սիրելի ակումբի խաղը Կոնֆերենցիաների լիգայում հիանալի հնարավորություն է ճանաչել Աբովյան քաղաքը և այցելել Վ․ Թումասյանի անվան մարզադաշտ՝ եվրագավաթային խաղերի մեր նոր տունը։

Վերջին նորություններ