Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Նարվա Տրանս» (2:0) խաղից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին՝ խոսելով հաղթական խաղի, մրցակցի խորը պաշտպանության և երկրպագուների աջակցության մասին:
«Կատարել էինք 26 հարված և ընդամենը 2 գոլ, սա չգոհացրեց ինձ, բայց, հաշվի առնենք, որ սա մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումն էր:
Թիմը գիտեր` ինչ էր անում, մինչև այս խաղը որոշակի խնդիրներ եղել են կառուցողական փուլում, բայց խաղից առաջ աշխատել էինք դրանց վրա: Հիմա պետք է մոռանալ այս հաղթանակը, պատրաստվել պատասխան խաղին, շարժվում ենք առաջ:
Հայաստանի առաջնությունում կտեսնեք, որ մեր դեմ խաղալու են նույն խորը պաշտպանությամբ, իհարկե, կլինեն խաղեր նաև առաջնությունից դուրս, որ մենք նույնպես կխաղանք այդպես, կախված մրցակցից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար: Զուգահեռ խաղերի փոխարեն նրանք ընտրել էին մեր հանդիպումը, և իսկապես այդ աջակցությունը օգնեց մեզ այսօր»,- ամփոփեց Եղիշե Մելիքյանը: