0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«ՖՖ Կալմար». Յուրահատկությունը, խաղացողներն ու մարտավարությունը

Հուլիսի 27-ին մեր թիմը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը։ Մրցակիցը Շվեդիայի համանուն քաղաքից «Կալմարն» է։

Ակումբը հանդես է գալիս երկրի Բարձրագույն լիգայում և 2005 թվականից երբեք չի լքել այն:

Ակումբը հիմնադրվել է 1910 թվականին և 1949 թվականին առաջին անգամ հայտնվել է շվեդական Բարձրագույն խմբում։ 1955-1975 թվականներին «Կալմարը» դուրս է մնացել առաջնությունից և վերադարձել միայն 1976 թվականին ու հաջորդ մրցաշրջանում պայքար մղել բրոնզե մեդալների համար։ 80-90-ական թվականներին թիմը հիմնականում հանդես է եկել հզորությամբ երկրորդ լիգայում։ Ակումբը պարբերաբար հայտնվում էր գլխավոր մրցաշարում և տանում նշանակալի հաղթանակներ՝ արծաթե մեդալ 85 թվականին (այն ժամանակ թիմի երկու անդամներ՝ Բիլի Լենսդաունը և Պիտեր Կարլսոնը դառնում են լավագույն ռմբարկուներ) և նվաճում Շվեդիայի երկու գավաթ՝ 1981 և 87 թվականներին։

Նոր դարասկզբին «Կալմարը» հաղթահարում է ֆինանսական դժվարությունները և փոխում կառավարման կառուցվածքը։ 2000-ականների կեսերից ակումբն արդեն պատրաստ էր պայքարել տիտղոսների համար։ 2006/07 մրցաշրջանում «Կալմարը» դառնում է արծաթե մեդալակիր և գավաթակիր, իսկ 2008-ին հասնում այս պահին իր հիմնական հաջողությանը՝ չեմպիոնությանը։
Մեր մրցակիցը Շվեդիայի 14 ակումբներից մեկն է, որին հաջողվել է հաղթել և՛ առաջնությունը, և՛ գավաթը։ 

2022 թվականից ակումբը մարզում է Հենրիկ Յենսենը։ 38-ամյա դանիացի մասնագետը մենեջերի իր կարիերան սկսել է 2013 թվականին ու դրա մեծ մասն անցկացրել հայրենի քաղաքում: 2018 թվականից Յենսենն աշխատել է «Միտդյուլանդի» համակարգում՝ որպես երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ, ինչպես նաև հիմնական թիմի գլխավոր մարզիչ, նա հաղթել է Դանիայի պատանեկան առաջնությունը։ Հենրիկ Յենսենի գլխավորությամբ «Կալմարն» անցած մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում՝ 30 տուրերում վաստակած 51 միավորով և 41-27 գոլերի տարբերությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն Միլետա Ռայովիչն է։ 24-ամյա դանիացի հարձակվողը 16 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Բարձր արդյունավետություն է ցուցադրում նաև ֆինն եզրային Սիմոն Սկրաբը, որը 4 անգամ գրավել է դարպասը և նույնքան անգամ օգնել խաղընկերներին։

Ըստ Transfermarkt-ի՝ վերոնշյալ խաղացողներից յուրաքանչյուրի տրանսֆերային արժեքը կազմում է 1 մլն եվրո: Այս ցուցանիշը գերազանցում է միայն Կարլ Գուստաֆսոնը, որը ներկայումս բացակայում է վնասվածքի պատճառով։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1,2 մլն եվրո: Շվեդ հարձակվողը «Կալմարի» երեք խաղացողներից մեկն է, որը ներկայացնում է իր ազգային հավաքականը: Մյուս երկու խաղացողներն են Սակու Յուլատուպան Ֆինլանդիայից և Դավիդ Քրիստիան Օլավսսոնը Իսլանդիայից։ «Կալմարի» ֆուտբոլիստների միջին տարիքը 24,9 է։

Ամենից հաճախ թիմը օգտագործում է 4-3-3 խաղային դասավորությունը: Պաշտպանվելիս «Կալմարը» ձգտում է տոտալ ճնշում գործադրել տուգանային հրապարակում և դրա մատույցներում, որպեսզի վաղ փուլում կոտրի մրցակիցների գրոհը: Վիճակագրության համաձայն՝ մենապայքարներում հաղթանակների տոկոսը 51 է։

Մրցակցի պատմությանը, թիմի կազմին և մարտավարական առանձնահատկություններին ծանոթանալուց հետո անհամբեր սպասում ենք նրանց հետ հանդիպմանը:

Վերջին նորություններ