0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» կմասնակցի ECA դասընթացին Թբիլիսիի «Դինամոյում»

Եվրոպական ակումբների ասոցացիայի նախաձեռնությամբ «Մոնակո» ՖԱ-ում, «Սևիլիայում», Վարշավայի «Լեգիայում» ու «Ռոմայում» կազմակերպված դասընթացներից հետո «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչները այս անգամ կմեկնեն Վրաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու Թբիլիսիի «Դինամոյում» հոկտեմբերի 19-ից 20-ը անցկացվելիք սեմինարին։

Երևանյան թիմի ակադեմիայից կգործուղվեն վերլուծաբան Վահրամ Դերմիշյանը, ֆիզպատրաստության գծով համակարգող Հայկ Ոսկանյանը և սելեկցիոներ Միքայել Խաշմանյանը։

Այցելության առաջին օրը մասնակիցները կծանոթանան վրացական ակումբի ակադեմիայի կառուցվածքին, որից հետո «Դինամոյի» ակադեմիայի տնօրեն հեղինակավոր մասնագետ Անդրես Կարասկոն, որը 11 տարի աշխատել է «Բարսելոնայի» ակադեմիայում, ներկաներին կպատմի տեղի դպրոցի փիլիսոփայության ու դրա կիրառման մասին։ Հյուրերը օրը կեզրափակեն մարզումային կենտրոնում շրջայցով, ինչպես նաև հետևելով առաջին ու երկրորդ թիմերի մարզումների ընթացքին։

Հոկտեմբերի 20-ը կլինի բավական հագեցած․ բանախոսները, նախ, կկիսվեն իրենց փորձով պատանի ֆուտբոլիստներին զարգացնելու իրենց մեթոդների վերաբերյալ ֆիզիկական ու տակտիկական տեսանկյուներից։ Այնուհետև, կլինի դասախոսություն երիտասարդ մարզիչների ընդունելության ու զարգացման թեմայով, իսկ ակադեմիայի թիմերի մարզումներին հետևելուց հետո մասնակիցները կունենան պանելային քննարկում։

Մեր մարզիչներին մաղթում ենք արդյունավետ ուղևորություն։

Վերջին նորություններ