«Փյունիկի» ակադեմիայի մինչև 12 տարեկանների թիմը հատուկ հրավերով նոյեմբերի 13-ից 19-ը Մոսկվայում կմասնակցի «Բեսկովը ու նրա թիմը» 18-րդ մանկապատանեկան ամենամյա մրցաշարին:
Հովհաննես Բարբարյանի «Փյունիկ 2011» թիմը նախորդ մրցաշրջանում նվաճել էր Հայաստանի մինչև 13 տարեկանների գավաթը, ինչպես նաև հասել նույն տարիքային խմբի առաջնության եզրափակիչ: Պատանի ֆուտբոլիստները նման արդյունքներ էին գրանցել` մրցելով իրենցից մեկ տարով բարձր խմբում:
Ռուսաստանյան մրցաշարը անցկացվում է ի հիշատակ լեգենդար հարձակվող և մարզիչ, «սպարտակյան ֆուտբոլի» հիմնադիրներից մեկի` Կոնստանտին Բեսկովի: «Բեսկովը և նրա թիմը» ռուսական ֆուտբոլի ամենահին մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է «Սպարտակի» ակադեմիայի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ։ «Բեսկովի և նրա թիմի» մրցաշարի մշտական մասնակիցների թվում են երկրի առաջատար ֆուտբոլային դպրոցները՝ «Սպարտակը», «Դինամոն», ԲԿՄԱ-ն և «Լոկոմոտիվը»: Այս տարվա մրցաշարում ներգրաված է ևս 12 թիմ, որոնցից կարելի է առանձնացնել «Կրասնոդարը», ինչպես նաև հյուրի կարգավիճակով մրցանակային տեղերի համար կպայքարեն Մինսկի «Դինամոն» ու ղազախական «Ակտոբեն»:
«Բեսկովը ու նրա թիմը» կազմակերպվելու է ՖԻՖԱ-ի ձևաչափով՝ խմբային փուլ ու փլեյ-օֆֆեր: Հատկանշական է` անկախ գրանցած արդյունքներից, բոլոր թիմերը շարունակելու են պայքարը միմյանց միջև մյուս տեղերի համար:
Խմբային փուլում մեր թիմի մրցակիցները բացառապես ռուսական թիմեր են` Մոսկվայի «Սպարտակը», Կալինինգրադի «Վեստը» և «Իրկուտսկը:
Մանկապատանեկան մրցաշար ամբողջ ընթացքը կլինի մեր ուշադրության կենտրոնում, իսկ ամենավերջին թարմացումներին կարող եք հետևել «Փյունիկի» ակադեմիայի ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում:
Մեր թիմին մաղթում ենք արդյունավետ ճանապարհորդություն: