0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Մեր առաջիկա մրցակիցը. Հնագույն ակումբը` փոփոխական հաջողություններով, հարուստ պատմությամբ ու չեմպիոնության ուղի բռնած

Մեկամսյա ուսումնարամարզական հավաքի ընթացքում «Փյունիկը» կանցկացնի երկրորդ ընկերական հանդիպումը: Վաղը մեր մրցակիցն է լինելու Բոսինա և Հերցեգովինան ներկայացնող «Բորաց Բանյա Լուկան», որը նախկին Հարավսլավիայի հնագույն ֆուտբոլային ակումբներից մեկն է։ Բանյա Լուկան ունի մոտ 190,000 բնակիչ, գտնվում է Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիսում և հանդիսանում է նաև Սերպսկայի Հանրապետության կառավարության նստավայրը։ 

Բոսնիացիները, ինչպես և մենք, արդեն մեկ ընկերական հանդիպում են անցկացրել ձմեռային հավաքի ընթացքում` պարտվելով ռուսական «Բալթիկային» 0:2 հաշվով:

Պատմություն

«Բորաց» ֆուտբոլային ակումբն հիմնադրվել է 1926-ին ու ի սկզբանե, անվանվել Radnički sportski klub Borac, որը նշանակում է աշխատավորների սպորտային ակումբ Բորաց, իսկ «Բորացը» թարգմանվում է որպես «պայքարող»: Այս անվան արմատները անմիջականորեն կապված են 20-րդ դարում մեծ տարածում ստացած Բանվորական շարժման հետ: Ակումբի հիմքերը դրել են մի խումբ խանդավառ մարդիկ`բանաստեղծ, ակտիվիստ, ֆուտբոլասեր և այլք:


1961-ին «Բորացը» մի քանի անհաջող փորձից հետո առաջին անգամ իրավունք է ձեռք բերել հանդես գալու Հարավսլավիայի Առաջին լիգայում, որը տարածաշրջանի բարձրագույն առաջնությունն էր, սակայն առաջին իսկ մրցաշրջանում նրանք նահաջել են երկրորդ լիգա: Այնուհետև, ակումբից պահանջվել է գրեթե մեկ տասնյամյակ բարձրագույն առաջնություն վերադարձի համար. այս անգամ նրանք այնտեղ անցկացրել են 4 անընդմեջ մրցաշրջան, հասել Հարավսլավիայի գավաթի եզրափակիչ: Արդյունքում, որպես արծաթե մեդալակիներ` նրանք նվաճել են ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի ուղեգիր, որտեղ առաջին փուլում երկու խաղերի հանրագումարում 14:1 հաշվով հաղթահարել են Լյուքսեմբուրգի «Ռումելանժի» արգելքը, երկրորդ փուլում նրանց բաժին է հասել բելգիական «Անդերլեխտը»: Չնայած բոսնիացիները առաջին խաղում հաղթանակի են հասել, բայց ի վերջո, ճանապարհը զիջել են մրցաշարի ապագա չեմպիոններին` դառնալով միակ թիմը, որը հաղթել էր բելգիացիներին գավաթային մրցաշարում:

«Բորացի» պատմության նշանակալի էջերից է 1988-ին նվաճած Հարավսլավիայի գավաթը: Մարզիչ Հուսնիջի Ֆազլիչի ղեկավարությամբ նրանք դարձան Հարավսլավիայի պատմության երկրորդ թիմը, որը լինելով երկրի հզորությամբ երկրորդ լիգայի մասնակից, նման արդյունք է գրանցում: Նրանք Բելգրադում կայացած խաղում 1:0 հաշվով առավելության են հասել հարավսլավական ֆուտբոլային հսկա «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ, իսկ պատմական գոլը խփել է Սենադ Լուպիչը` «Բորացի» լեգենդներից մեկը:


2000-ականների գերկայությունը ներքին առաջնությունում

Երբ Առաջին լիգան դեռ Սերբական Հանրապետության գլխավոր առաջնությունն էր, մեր առաջիկա մրցակցին հաջողվել է եռակի անգամ դառնալ չեմպիոն այդ ասպարեզում (2001, 2006  և 2008), ընդ որում` նրանք հինգ անգամ էլ նվաճել են Հանրապետության գավաթը:

Նոր ժամանակաշրջան

2002 թվականին ստեղծվեց Բոսնիա և Հերցոգովինայի Պրեմիեր լիգան, որը մինչև այսօր ներկայացնում է տեղական ակումբային ֆուտբոլի էլիտան: Միաժամանակ ձևավորվել է նաև Բոսնիա և Հերցոգովինայի գավաթի մրցաշարը, որտեղ «Բորացը» տիրացել է գլխավոր մրցանակին 2010-ին, իսկ առաջնությունում այդ տարում դարձել երրորդը: Սակայն հաջորդ մրցաշրջանը պատմական է ստացվում «կարմրակապույտների» համար. նրանք առաջին անգամ տիրանում են երկրի գլխավոր առաջնության գավաթին ու հեղինակություն ձեռք բերում: «Բորացը» 30 խաղում կրել էր ընդամենը 4 պարտություն ու ընդունել 15 գնդակ:


2015/2016 մրցաշրջանում «Բորացը» նահանջում է երկրորդ լիգա ու վերադառնում լավագույնների մրցավազք մեկ մրցաշրջան անց: Սակայն 2017/2018 մրցաշրջանում նորից լքում է Պրեմիեր լիգան` փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով և նորից մեկ մրցաշրջան անց միանում էլիտային, բայց այս անգամ լուրջ հավակնություններով եվրագավաթներում:

Եվրոպական մրցաշարեր

Չնայած «Բորացը» վերջին տարիներին կայունությամբ հանդես է գալիս ազգային առաջնությունում` մշտապես պայքար մղելով չեմպիոնության համար, բայց ՈւԵՖԱ-ի մրցաշարերում բոսնիական ակումբը դեռևս չունի նշանակալի հաջողություններ, թեև մի քանի անգամ հնարավորություն է ստացել մասնակցելու ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարերին:

2011-ի չեմպիոնությունից հետո նրանք իրավունք են ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանին, որտեղ առաջին փուլում նրանց որպես մրցակից բաժին է հասել «Մաքքաբին Հայֆան»: Իսրայելում կայացած առաջին խաղի մեկնարկում «Բորացին» անսպասելիորեն հաջողվել է հաշվի մեջ առաջ անցնել, սակայն ավելացված ժամանակում տանտերերը հավասարացրել են հաշիվը, հետո «Բորացի» պաշտպանությունում մեծ անցք է առաջացել ու ընդամենը երեք րոպեում «Բորացը» 4 գոլ է ընդունել` պարտվելով 1:5 հաշվով: Պատասխան խաղում բոսնիացիները մեծ կամք են դրսևորել ու հաղթել 3:2 հաշվով, սակայն մրցաշարն ավարտվել է նրանց համար:


Այնուհետև, շուրջ 8 տարի «Բորացը» չի մասնակցում եվրոպական մրցաշարերին, իսկ 2019/20 մրցաշրջանում ներքին առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելուց հետո իրավունք է ստանում հանդես գալու Եվրոպա լիգայի առաջին փուլում, որտեղ առաջին անգամ նրանց հաջողվում է դուրս գալ հաջորդ փուլ եվրագավաթների ժամանակակից ձևաչափի պատմության մեջ, նրանք երկու խաղերի արդյունքում առավելության են հասնում չեռնոգորական «Սուտյեսկայի» նկատմամբ, բայց հաջորդ փուլում զիջում են պորտուգալական «Ռիու Ավեին»: Արդեն հաջորդ` 2020/21 մրցաշրջանում, նրանք նվաճում են երկրի գլխավոր առաջնության գավաթը պատմության մեջ երկրորդ անգամ ու սկսում պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ առաջին խաղում ռումինական «Կլուժից» 3 գոլ են ընդունում, բայց սեփական երկրպագուների աջակցությամբ պատասխան խաղում հաղթում են 2:1 հաշվով:

Մարզավիճակն ու ներկայիս կազմն 

«Բորացը» այս պահին գլխավորում է Բոսիա ու Հերցեգովինայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակ` 18 խաղում հավաքած 45 միավորով ու 7 միավորի առավելություն ունի առաջիկա հետապնդողի նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում նրանք կրել են ընդամենը մեկ պարտություն, իսկ գոլային հարաբարեկացությունը կազմում է 38:11: 

Նրանց կազմում հանդես է գալիս 11 լեգեոանական ու թիմի միջին տարիքը 26.7 է:

Բոսնիական թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը սերբ կենտրոնական հարձակվող Միլան Մակարիչն է, որի տրանսֆերը գնահատվում է 500 հազար եվրո: Իսկ ամբողջ կազմն միասին վերցրած արժե 6.05 մլն եվրո: Թիմի լավագույն ռմբարկուն այս պահին 25-ամյա Յովո Լուկիչն է` 18 խաղում նրա անվան դիմաց գրանցվել է 6 գոլ ու 3 գոլային փոխանցում:


2022-ից թիմը գլխավորում է բոսնիացի 52-ամյա մասնագետ Վիկո Մարինովիչը, որը ժամանակին «Սարաևոյին» ու «Զրինսկիին» առաջնորդել է ազգային առաջնությունում չեմպիոնությունների: Նա նաև երեք տարի եղել է Բոսիա և Հերցոգովինայի մինչև 21 տարեկանների գլխավոր մարզիչը:

Մարինովիչի «Բորացը» սիրում է խաղալ 4-2-3-1 մարտավարությամբ: 

Սա լինելու է «Փյունիկի» ու «Բորացի» առաջին հանդիպումը: Երևանյան թիմը բոսնիական թիմերի դեմ անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում` 2013-ին, նորից ձմեռային հավաքի ընթացքում: Այդ ժամանակ «Փյունիկը» չորս գնդակ է ընդունել Սարաևոյի «Օլիմպիկից»:

Վերջին նորություններ