0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Մեր առաջիկա մրցակիցը. Թիմ, որը հեղինակություն ու չեմպիոնությունը պարգևեց ղազախական ակումբին

Մեկամսյա ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկը» կանցկացնի երրորդ ընկերական հանդիպումը: 

Մեր առաջիկա մրցակիցը Ղազախստանի գործող չեմպիոն «Օրդաբասին» է: Մեր մրցակիցի համար այս խաղը ևս երրորդն է հավաքի ընթացքում, մինչև մեզ հետ հանդիպումը «Օրդաբասին» երկու խաղում նույն` 0:1 հաշվով պարտվել է «Պրիշտինային» (Կոսովո) և «Լեգիային» (Լեհաստան):

Թիմի պատմությունը սկսվում է 21-րդ դարի սկզբից, երբ Շիմկենտ քաղաքի երկու ակումբներ՝ «Ժիգեր» և «Տոմիրիս» միավորվել ու ներկայացել են «Օրդաբասի» անվանումով (նախկինում` «Դոստիկ» ): Կարճ ժամանակահատվածում «Օրդաբասին» վերելքի ուղի է բռնել և լուրջ հաջողությունների հասել երկրում: Այսօր ուսումնասիրելու ենք` որտեղից են գալիս մեր առաջիկա մրցակցի ակունքներն ու, թե ովքեր են գունավորել ժամանակին Շիմկենտ քաղաքը:

«Օրդաբասիի» ակունքները. նախ «Ժիգեր», հետո արդեն՝ «Տոմիրիս»

Շիմկենտ քաղաքի առաջին ակումբը կրել է «Դինամո Շիմկենտ» անվանումը, որը ստեծվել է 1949 թվականին: Հետագայում, մինչև լուծարումը, թիմը ունեցել է 5 տարբեր անվանումներ, սակայն ամենազգալի հաջողությունները գրանցել է «Ժիգեր» անունով:

Խորհրդային Միության տարիներին այս թիմը որևէ եղանակ չի ստեղծել ներքին առաջնություններում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992 թվականին, «Ժիգերը» ընդգրկվել է Ղազախստանի առաջնությունում: 

Անդրանից մրցաշրջանում 4-րդ տեղը զբաղեցնելուց հետո սկսում է թիմի անկումը. շուտով նրանք դուրս են մնում դուրս առաջնության լավագույն տասնյակից, 1994 թվականին «Ժիգերը» գավաթի խաղարկությունում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, սակայն դիմակայությունում 0:1 հաշվով ճանապարհը զիջում է Կարագանդայի «Շախտյորին»:

Կառուցողական նախագծի մեկնարկը 

Ճգնաժամային ժամանակներում «Օրդաբասին» դադարեցնում է մասնակցությունը երկրի գլխավոր առաջնությանը, սակայն 2003 թվականին` նորից վերադառնում: 

Ղազախական ակումբի պատմության առաջին ոսկե էջը գրվում է 2011-ին, երբ նրանք Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպում են գործող չեմպիոն «Տոբոլին», որը ֆավորիտի կարգավիճակով էր մոտենում հանդիպմանը: Խաղի 40-րդ րոպեին Մուխտար Մուխտարովը գլխով կատարում է անկասելի հարված և օգնում «Օրդաբասիին» պատմություն կերտել:

Մեկ տարի հետո «Օրդաբասին» երկրորդ տիտղոսն է նվաճում. նրանք Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության են հասնում «Շախտյորի» նկատմամբ:

Եվրագավաթային ճանապարհ

«Օրդաբասին» եվրագավաթներում շոշափելի հաջողություններ չունի: Թիմը երկրորդ փուլից բարձր առաջ գնալ չի կարողացել ոչ մի մրցաշարում: 

Շիմկենտ քաղաքի ներկայացուցիչները իրենց անդրանիկ փորձը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ավարտել են հաղթանակով սերբական «Յագոդինայի» նկատմամբ: Սակայն հետո ղազախները ճանապարհը զիջել են նորվեգական «Ռուսենբորգին»՝ դիմակայությունում պարտվելով 3:4 հաշվով:

Կրկնակի հաջողություն

«Օրդաբասին» 2022 թվականին դառնում է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող: «Ակժայիկի» հետ որոշիչ խաղը դրամատիկ է ստացվում ու ավարտվում 5:4 հաշվով: Էլխան Աստանովը լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին մոտենում է 11 մետրանոց նշակետին և, անվրեպ իրացնելով այն, իր թիմին օգնում է նվաճել գավաթը:

Սակայն հաջորդ տարում պետք էր տեղի ունենալ ակումբի պատմության գլխավոր իրադարձությունը: 2023 մրցաշրջանում «Օրդաբասին» շշմեցրեց բոլորին ու 16-խաղյա անպարտելի շարք գրանցելուց հետո իր պատմության մեջ առաջին անգամ տիրացավ բաղձալի չեմպիոնությանը: 

Պայքար առաջարկելով Ղազախստանի հսկաներին` 50-ամյա մասնագետ Ալեքսանդր Սեդնևը և նրա տղաները հետևում թողեցին «Աստանային»: «Օրդաբասին» նաև ամենաարդյունավետն էր գոլային տարբերությամբ՝ 48 խփած, 21 բաց թողածի դիմաց: 

Չեմպիոնական տարում ամենաարդյունավետը Ասխատ Տագիբերգենն էր, որը դարձավ 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ թիմի պատմության լավագույն ռմբարկուն Դաուրենբեկ Տաժիմբետովն է՝ 40 գոլով:

Լեգեոնականներ և ազգային հավաքական

«Օրդաբասիում» լեգիեոնականները 10-ն են, թիմի միջին տարիքը` 27.6: 

Ղազախստանի ազգային հավաքական «Օրդաբասիից» հրավիրվում է 4 ֆուտբոլիստ: Նրանցից Ասխատ Տագիբերգենը գլխավոր դերակատարներից էր, երբ ազգային թիմին մեկ քայլ էր բաժանում Եվրոյի որակավորումից, իսկ նրա գոլը Դանիայի դարպասը նոմինացվել էր Պուշկաշի անվան մրցանակին: Տագիբերգենը ներքին առաջնությունում ստացել էր ծանր վնասվածք, որի պատճառով բաց էր թողել ազգային հավաքականի վերջին երկու որոշիչ խաղերը: «Օրդաբասիի» առաջատարը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև մեր դեմ հանդիպումը:

Ներկայիս «Օրդաբասին». ինչ է առաջարկում Ալեքսանդր Սեդնևը

Բելառուս մասնագետը թիմին հիմնականում խաղադաշտ է դուրս բերում 3-4-2-1 դասավորությամբ: «Օրդաբասին» խաղերի մեծամասնությունում տիրում է նախաձեռնությանն ու աչքի ընկնում հարձակողական ֆուտբոլով: Սեդնևը այս թիմի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է 2021 թվականի հունվարին: Ղազախական ակումբի հետ փորձառու մասնագետը նվաճել է երկրի գավաթն ու հաղթել առաջնությունում:

«Օրդաբասին» վերջին պաշտոնական հանդիպումը անցկացրել է նախորդ տարվա նոյեմբերին՝ գավաթի եզրափակիչում պարտվելով «Տոբոլին» (0:1): Դրանից առաջ հետևել են առաջնության հանդիպումները, որտեղ մեր մրցակիցը վերջին 5 խաղում տոնել է երեք հաղթանակ և կրել երկու պարտություն:

Վերջին նորություններ