Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունեց «Գանձասարին»։
Նախորդ տուրում «Վանից» կրած պարտությունից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը 4 փոփոխություն էր կատարել «Փյունիկի» մեկնարկային կազմում։ Որակազրկված Ալեքսանդր Միլյկովիչի, Սերոբ Գալստյանի, Դանիել Աղբալյանի և Մատաս Վարեյկայի փոխարեն՝ խաղադաշտ էին դուրս եկել Ֆիլիպե Ալմեյդան, Միխայիլ Կովալենկոն, Կառլեն Հովհաննիսյանը և Գևորգ Տարախչյանը։
Առաջին սուր պահը ստեղծեցին մեր ֆուտբոլիստները․ Միխայիլ Կովալենկոյի լավ փոխանցումից հետո Գևորգ Տարախչյանի գլխով հարվածը բարձր ստացվեց։
31-րդ րոպեին «Փյունիկը» ստացավ տուգանային հարվածի իրավունք, որը վարպետորեն իրացրեց Ալեմաոն՝ պատ կազմած ֆուտբոլիստների գլխավերևով գնդակն ուղարկելով դարպասը՝ 1։0։
Մինչև ընդմիջման գնալը, Մարիուս Նուբիսին կարող էր իր հերթական գոլը խփել, սակայն նրա ուժեղ հարվածից հետո հաջող խաղաց «Գանձասարի» դարպասապահ Նիկիտա Լոբուսովը։
Երկրորդ կեսում դարպասը գրավելու հիանալի պահ ունեցավ Խավի Մորենոն, երբ մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, չկարողացավ դիպուկ հարվածել։
Այդուհանդերձ, րոպեներ անց մեր թիմին հաջողվեց կրկնապատկել հաշիվը։ Մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Դանիիլ Կուլիկովի փոխանցումից հետո, Միխայիլ Կովալենկոն մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասը։
«Փյունիկը» հաղթեց 2։0 հաշվով և ընդամենը մի քանի օրից տանը կրկին կընդունի «Գանձասարին», այս անգամ՝ գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում։