0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Մեր մրցակիցը. երիտասարդ, բայց հաջողակ ու նման հայկական ակումբներին

«Փյունիկը» շարունակում է ուսումնամարզական հավաքը արտերկրում: Մեր թիմը մարզումներին զուգահեռ անցկացնում է նաև ստուգողական խաղեր՝ մրցակցելով տարբեր երկրների առաջատար թիմերի հետ:

Մեր առաջիկա մրցակիցը Լատվիան ներկայացնող «Ռիգան» է, որի հիմնադրումից անցել է ընդամենը 9 տարի: Մայրաքաղաքի անունը կրող թիմը կարճ ժամանակահատվածում դարձել է երկրի եռակի չեմպիոն ու երկու անգամ գավաթակիր:

Մեր մամուլի ծառայության խոշորացույցի տակ է «Ռիգային» առնչվող կարևոր իրադարձություններնը և հետաքրքիր փաստերը:

2016-ին Լատվիայի առաջնությանն է միանում նոր անուն

Ակումբը հիմնադրվել է 2015 թվականի սկզբին, երբ միավորել են երկու ակումբներ՝ «Կարամբան» և «Դինամոն»:

2014-ին «Կարամբան» Լատվիայի Երկրորդ լիգայում առաջին տեղն է զբաղեցնում, սակայն հաջորդ մրցաշրջանում լուծարվում է ու միանում տեղական «Դինամոյին»: «Կարամբա/Դինամո» թիմին այդ տարի հաջողվում է նվաճել Լատվիայի Բարձրագույն լիգայի ուղեգիր ու 2015-ին պաշտոնապես հիմնադրվում է «Ռիգա» ակումբը:

Ակումբի առաջին հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս. «Ռիգան» 2018 թվականին դառնում է Ոսկե դուբլի հեղինակ: Առաջնությունում մեր առաջիկա մրցակցին լուրջ պայքար էր առաջարկել «Վենտսպիլսը», որին «Ռիգան» վերջնական արդյունքում գերազանցում է 4 միավորով:  

Առաջին փորձը եվրագավաթներում

«Ռիգայի» առաջին եվրագավաթային փորձը նշանակալի չէր: Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Սոֆիայի ԲԿՄԱ-ն հաղթահարում է լատվիական թիմի արգելքը` հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ:

Լատվիայի անփոփոխ չեմպիոնը

«Ռիգան» երկու մրցաշրջան անընդմեջ պաշտպանում է չեմպիոնական տիտղոսը՝ 2019-ին ու 20-ին: Մեր հակառակորդի հետ պայքարում էր ևս մեկ քաղաքաբնակ թիմ՝ ՌՖՇ-ն, որը չնայած համառ մրցակցությանը, այդպես էլ թեժ մրցավազքում չի կարողանում հասնել «Ռիգային»:

Լուրջ պայքար՝ սայթաքում վերջնամասում

2019/20 մրցաշրջանին «Ռիգան» մասնակցում է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի որակավորման փուլի խաղերին: Գլխավոր եվրագավաթում ամեն ինչ ավարտվում է ակնթարթային` պարտությամբ իռլանդական «Դանդոլկից»: Այնուամենայնիվ, արդեն Եվրոպա լիգայում լատվիացիները սխրանք են գործում՝ հասնելով փլեյ-օֆֆ ու իրենց ճանապարհից հեռացնելով ֆիննական ՀԻԿ-ին ու լեհական «Պիաստին»: Սակայն խմբային փուլի ուղեգրի համար պայքարում ուժեղ է գտնվում ավելի փորձառու դանիական «Կոպենհագենը»:

«Ռիգան» երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի, սակայն մշտապես որակավորման փուլերում ներկայանալի տեսք է ունեցել: Կարելի է հիշել նաև 2021/22 մրցաշրջանը, երբ «Ռիգան» Չեմպիոնների լիգայի առաջին փուլում պարտություն է կրում շվեդական «Մալմյոյից», նահանջելով հզորությամբ երրորդ մրցաշար, թիմը հասնում է մինչև փլեյ օֆֆ՝ հաղթանակներ գրանցելով հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» և մալթական «Հիբերնիանսի» նկատմամբ: 

«Ռիգան» Լատվիայի գործող գավաթակիրն է

Ռիգան» Լատվիայի գավաթի խաղարկության եզրափակիչում անցած տարի դերբի է անցկացրել ՌՖՇ-ի հետ: Թիմերը փոխանակվել են մեկական գոլով և խաղը լրացուցիչ ժամանակից հետո տեղափոխվել է 11 մետրանոց վիճակախաղ, որտեղ «Ռիգան», ունենալով ավելի ամուր նյարդեր, պարտության է մատնել ՌՖՇ-ին՝ նվաճելով Լատվիայի գավաթը:


Լատվիայի առաջնությունը

Լատվիայի առաջնությունը կարելի է համարել բավական երիտասարդ: Վիրսլիգայում նախորդ մրցաշրջանում ընդգրկված էր 10 թիմ, նրանցից միայն երկու ակումբ է, որ ստեղծվել է նախորդ դարում: Օրինակ, գործող չեմպիոն ՌՖՇ-ն հիմնադրվել է 2011 թվականին՝ «Ռիգայից» 4 տարի առաջ: Հետաքրքրական է, որ վերոնշյալ ակումբի հետ «Փյունիկի» ֆուտբոլիստ Լուկաս Վիլելան 3 տարի առաջ նվաճել էր Ոսկե դուբլ:

Մայրաքաղաքային երկու բոլիտը

Լատվիայի առաջնությունը անցկացվում է գարուն-աշուն ձևաչափով, և ահա «Ռիգան» ու ՌՖՇ-ն 2023 մրցաշրջանում խելահեռ երանգներ էին հաղորդել առաջնությանը: Ռիգայի երկու թիմերը չեմպիոնությունը վիճարկում էին հիմնականում միմյանց միջև ու արդյունքում, հաղթում է ՌՖՇ-ն՝ 89 միավորով, իսկ «Ռիգան» մնում է թիկունքում` զիջելով ընդամենը մեկ միավոր: 

Վիրսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Ռիգայի» հարձակվող Մարկո Ռեգժան էր, որը հեղինակել էր 19 գոլ: Այս ցուցանիշի շնորհիվ լատվիացի գոլահարը դառնում է ակումբի պատմության երկրորդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 6 գնդակ զիջելով Դարկո Լեմաիչին:

Հայաստանն ու Լատվիան՝ բազմաթիվ նմանություններով

Հետաքրքական է, որ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի ազգային առաջնությունների վարկանիշային աղյուսակում Հայաստանն ու Լատվիան հարևաններ են` 36-րդ և 37-րդ հորիզոնականներով համապատասխանաբար:

Դրանից զատ, կա ևս մեկ նմանություն առաջնությունում նորաստեղծ ակումբների հարցով: «Արարատ-Արմենիան» մեր առաջիկա մրցակցից՝ «Ռիգայից», ավելի ուշ է ստեղծվել (2017թ.), բայց հասցրել է դառնալ ներքին առաջնության կրկնակի չեմպիոն և մեկ անգամ Սուպերգավաթակիր: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լատվիայում, շատ են ոչ վաղ անցյալում հիմնադրված ակումբները:

Ներկայիս կազմը

Այս թիմից Լատվիայի ազգային հավաքական է հրավիրվում, ընդհանուր առմամբ, 7 ֆուտբոլիստ: «Ռիգայից» ազգային ընտրանու կազմում 37 հանդիպում է անցկացրել Ռայվիս Յուրկովսկիսը, որը համարվում է Լատվիայի վետերաններից մեկը:

«Ռիգան» այս տարվա հունվարից գլխավորում է 50-ամյա ֆինն մասնագետ Սիմո Վալակարին: Նա հաջողություններ գրանցել է բացառապես հայրենի երկրում` դառնալով Ֆինլանդիայի առաջնության հաղթող, լիգայի գավաթակիր և եռակի անգամ գավաթակիր: 

Ինչպես արդեն նշել էինք վերևում, «Ռիգան» դարձել էր երկրորդը ավարտված մրցաշրջանում, ընդ որում` մնալով անպարտելի վերջին 8 խաղերում (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Իսկ ընդհանուր մրցաշրջանում քաղաքային թիմը կրել էր ընդամենը 2 պարտություն:

Վերջին նորություններ