
«Փյունիկը» շարունակում է ընկերական խաղերը արտերկրում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում: Վերջին օրերին մեր թիմը խիտ օրացույցով անցկացնում է ստուգողական հանդիպումներ և փետրվարի 14-ին կխաղա Ուզբեկստանի գործող չեմպիոն «Պախտակորի» դեմ:
«Պախտակորը» հիմնադրվել է 1956 թվականին: Ուզբեկստանի մայրաքաղաքը ներկայացնող թիմը ռեկորդային 16 անգամ դարձել է երկրի չեմպիոն,13 անգամ` գավաթակիր: 2003 թվականից մինչև այս պահն ակումբ դուրս է եկել Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Ձեզ ենք ներկայացնում մեր առաջիկա մրցակցի հետ կապված կարևոր իրադարձությունները, չարաբաստիկ ավիավթարից մինչև երկրի բացարձակ ռեկորդակիր:
Տաքշենդի թիմը ԽՍՀՄ-ում
«Պախտակորը» իր հիմնադրման օրվանից մասնակցել է Խորհրդային Միության բոլոր առաջնություններին: «Բամբակագործներին» ԽՍՀՄ մրցաշարերում հաջողվել է մեկ անգամ դառնալ Առաջին լիգայի հաղթող և կրկնակի անգամ նույն լիգայի գավաթակիր: Ուզբեկական թիմը 1967/68 մրցաշրջանում դուրս է եկել Խորհրդային Միության գավաթի եզրափակիչ, սակայն 0:1 հաշվով պարտություն է կրել Մոսկվայի «Տորպեդոյից»:
Նախորդ դարում «Պախտակորի» նշանակալի նվաճումներից է «IFA Shield» մրցաշարում չեմպիոնությունը, որը նրանք գրանցել են 1993 թվականին: Սա ամենամյա ֆուտբոլային մրցում է, որը կազմակերպում է Հնդկաստանի ֆուտբոլի ասոցիացիան ու ներգրավում թիմեր տարբեր երկրներից:
Բացարձակ ռեկորդակիր
Տաշքենդի թիմը ներքին առաջնությանը մասնակցում է 1992 թվականից: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ անդրանիկ մրցաշրջանում, «Պախտակորը» դառնում է չեմպիոն ու դնում է հեգեմոնիայի մեկնարկը: Այդ տարվանից հետո «Բամբակագործները» ռեկորդային՝ 15 անգամ դարձել են երկրի չեմպիոն, 13 անգամ բարձրացրել են գավաթն ու երկու անգամ՝ Սուպերգավաթը:
Տաշքենդ - Մինսկ՝ չարաբաստիկ չվերթը
1979 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 13:35-ին, Դնեպրոձերժինսկի շրջանում 8400մ բարձրության վրա, բախվել էին երկու մարդատար «ՏՈՒ-134 Ա» ինքնաթիռները, որոնցից մեկը իրականացնում էր Տաշքենդ - Մինսկ չվերթը: Ավիավթարի հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել էր 178 մարդ, այդ թվում՝ «Պախտակորից» 17 ֆուտբոլիստ ու անձնակազմի անդամներ:
Այս ողբերգությունից հետո «Պախտակորի» համար ծանր ժամանակներում նրանց օգնության ձեռք են մեկնում ֆուտբոլիստներ այլ թիմերից և այլ մասնագիտություն ունեցող մարդիկ՝ օգնելով պահպանել ակումբի գոյությունը: Բացի այդ, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության կանոնակարգում ավելանում է նոր կետ, ըստ որի՝ 3 տարի, անկախ արդյունքներից, «Պախտակորը» պետք է պահպաներ իր տեղը Բարձրագույն խմբում։
Մայրցամաքի գլխավոր մրցաշարը
Ասիայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին «Պախտակորը» առաջին անգամ մասնակցել է 1994/95 մրցաշրջանում, սակայն չի կարողացել ապահովել խմբային փուլի ուղեգիր: 2003 թվականին «Բամբակագործները» կոտրել են սառույցը և նորամուտը նշել Ասիայի ամենահեղինակավոր մրցաշարում: Առայսօր՝ 20 մրցաշրջան անընդմեջ, նրանք հայտնվում են խմբային փուլում:
Չեմպիոնների լիգայում մեր մրցակիցը ամենահեռուն գնացել է նորամուտի մրցաշրջանում և դրան հաջորդող տարում: Առաջին անգամ ուզբեկական թիմին եզրափակիչի ճանապարհին պարտության է մատնել թաիլանդական «Պոլիս Տերոն» 2:3 հաշվով: Այնուհետև, հաջորդ տարի «Պախտակորի» առջև է կանգնում հարավկորեական «Սոննամը»՝ դիմակայությունում հաղթելով 2:0 հաշվով:
«Բամբակագործները» մայրցամաքի ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում զբաղեցրել են 3-րդ տեղը և դուրս մնացել պայքարից:
«Պախտակորը»՝ Ուզբեկստանի գործող չեմպիոն
Ուզբեկստանի առաջնությունը՝ Սուպերլիգան, անցկավում է գարուն-աշուն ձևաչափով: Ավարտված մրցաշրջանում մեր առաջիկա մրցակիցը դարձել է երկրի չեմպիոն: «Պախտակորը» վաստակել էր 53 միավոր և թիկունքում թողել «Նասաֆին» ու «Նավբահորին»:
«Պախտակորից» Ուզբեկստանի ազգային հավաքական է հրավիրվում 6 ֆուտբոլիստ, ինչպես նաև Պավել Պավլյուչենկոն հրավիրվում է Բելառուսի ու Կիմի Մերկը՝ Ղրղզստանի ազգային հավաքական: Մայրաքաղաքի թիմից երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներ են հրավիրվում 11 ֆուտբոլիստ:
2022 թվականից «Պախտակորը» գլխավորում է Մաքսիմ Շացկիխը, որը մարզչի ղեկը ստանձնելուց ամիսներ առաջ եղել է ակումբի սպորտային տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հետաքրքական է՝ որպես ֆուտբոլիստ, Շացկիխը 2002/2003 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում Կիևի «Դինամոյի» կազմում մրցել է «Փյունիկի» հետ: Ուզբեկ ֆուտբոլիստը դիմակայության երկու խաղերում էլ գրավել է մեր թիմի դարպասը և ուկրաինական թիմը հաղթել է ընդհանուր 6:2 հաշվով:Մաքսիմ Շացկիխը ֆուտբոլային կարիերայի ընթացքում համարվել է Ուզբեկստանի հանրահայտ անուններից մեկը: Կիևի «Դինամոյի» հետ նա 8 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն, 5 անգամ՝ նույն երկրի գավաթակիր և 4 անգամ՝ Սուպերգավաթակիր: Ինչպես նաև, Շացկիխը 4 անգամ ճանաչվել է Ուզբեկստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Պախտակորը» առաջնության վերջին 5 խաղում տոնել է 3 հաղթանակ, գրանցել մեկական ոչ-ոքի և պարտություն:
Ռեկորդակիրները
Ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Բամբակագործների» հարձակվող Դրագան Չերանն էր՝ 13 գոլով: Սերբ ֆուտբոլիստը «Պախտակորում» է արդեն 6 տարի և հասցրել է դառնալ լեգենդ այս ակումբի համար: Չերանը 184 խաղում հեղինակել է 117 գնդակ ու դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկու՝ շրջանցելով Իգոր Սերգեևին: Ամենաշատ հանդիպումներն ակումբի գույներով անցկացրել է Գենադի Դենիսովը, ԽՍՀՄ շրջանում նա մասնակցել է 404 հանդիպման: