0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ալեքսանդրիա». Պայքար ֆուտբոլային քարտեզում մնալու համար

Ավարտին է մոտենում «Փյունիկի» մեկամսյա ուսումնամարզական հավաքը: Մեր թիմը այս ընթացքում իր ուժերը չափեց տարբեր երկրների չեմպիոների ու գավաթակիրների հետ: «Նռնագույնները» ստուգողական հանդիպումները կեզրափակեն Ուկրաինան ներկայացնող «Ալեքսանդրիայի» հետ խաղով:

Քաղաքի համանուն ակումբը ունի 76 տարվա պատմություն: ԽՍՀՄ շրջանում և դրանից հետո «Ալեքսանդրիայի» համար ոչինչ հեշտ չի դասավորվել: Վերելքներն ու վայրէջքները պարբերաբար հետապնդել են ուկրաինացիներին և միայն 2015 թվականին է հաջողվել հաստատակամ քայլ անել ու ամրապնդվել երկրի էլիտայում:

Ամենասկզբում

Ալեքսանդրիայում ֆուտբոլի պատմությունը սկսվում է 1948 թվականից։ Հետպատերազմյան շրջանում քաղաքում հիմնադրվել է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբը։ Ստեղծման տարում թիմը մասնակցել է ֆիզիկական կուլտուրայի Ուկրաինայի ԽՍՀ առաջնությանը:

1950-ականներին «Շախտյորը» դարձել է Կիրովոգրադի մարզի չեմպիոն։ Իսկ արդեն Խորհրդային Միության առաջնություններում թիմը հանդես է եկել «B կարգում» և անցկացրել 9 մրցաշրջան՝ չգրավելով մրցանակային տեղեր:
1990 թվականին՝ «Շախտյորի» լուծարումից հետո, քաղաքային ակումբի էստաֆետը ստանձնել է «Պոլիգրաֆտեխնիկա» թիմը։ Երկու տարի անց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ակումբը ելույթներն է սկսել Ուկրաինայի Առաջին լիգայում։ 13 տարվա ընթացքում «Պոլիգրաֆտեխնիկան» մեկ անգամ բարձրացրել է ուժեղագույնների խումբ, բայց հետո նահանջել է ու ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել գործոնեությունը 2000-ականների սկզբում:

Նոր մեկնարկ և ծանր աշխատանք

Այս քաղաքի թիմը, որպես «Ալեքսանդրիա» ակումբ, ներկայացել և մեծ ֆուտբոլ է վերադարձել 2004/2005 մրցաշրջանում: Նրանք պայքարը սկսել են Ուկրանիայի երկրորդ լիգայի Բ խմբից: Մեր առաջիկա մրցակիցը այդ տարիներին կատարած ինտենսիվ աշխատանքի շնորհիվ կարողացել է հասնել հզորությամբ երկրորդ լիգա: 

2010/2011 մրցաշրջանում թիմը դարձել է Առաջին լիգայի չեմպիոն ու նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր: Այնուհետև կրկին անկում ու քաղաքային թիմը նահանջել է այնտեղ, որտեղից եկել էր: 

2014-ին «ՈւկրԱգրոԿոմ» ակումբը միացել է «Ալեքսանդրիային»: Թիմը այդ տարում կարողացել է չեմպիոն դառնալ Առաջին լիգայում՝ վերադարձը նշելով Ուկրաինայի Պրեմիեր լիգայում: Դրանից հետո, մինչև այս պահը, «Ալեքսանդրիան» դուրս չի մնացել երկրի գլխավոր առաջնությունից, սակայն ամենաբարձր տեղը գրավել է 2018/19 մրցաշրջանում՝ եզրափակելով առաջնության լավագույն եռյակը:

Եվրագավաթներ

2016/17 մրցաշրջանում «Ալեքսանդրիան» առաջնությունում 6-րդ հորիզոնականը գրավելու շնորհիվ վաստակել էր Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Պայքարը ուկրաինական թիմը սկսել էր 3-րդ փուլից ու ակնթարթային պարտություն կրել խորվաթական «Հայդուկից» (1:3, 0:3): 

Հաջորդ մրցաշրջանում «Ալեքսանդրիան» կրկին մասնակցություն է ունեցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին և տոնել առաջին հաղթանակը: Մեր մրցակցին այդ ժամանակ հաջողվում է շրջանցել ռումինական «Աստրային»՝ դիմակայությունում խփած մեկ գոլի շնորհիվ: Արդեն փլեյ-օֆֆում ուկրաինական թիմի ճանապարհին է կանգում բելառուսական ԲԱՏԷ-ն, որը դիմակայությունում հաղթում է 3:2 և գնում Եվրոպա լիգա:
Ուկրաինայում 2018/19 մրցաշրջանում 3-րդը լինելը «Ալեքսանդրիային» շնորհում է Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր: Մեր մրցակցին խմբում բաժին էին հասել գերմանական «Վոլֆսբուրգը», բելգիական «Գենտն» ու ֆրանսիական «Սենտ-Էտյենը»: 

«Ալեքսանդրիային» հաջողվել էր 3 ոչ-ոքի անցկացնել, որոնցից երկուսը «Սենտ-Էտյենի»՝ մեկը «Գենտի» հետ: 

Ռեկորդակիրներ

«Ալեքսանդրիայի» պատմության լավագույն ռմբարկուն Վասիլի Գրիցուկն է՝ հեղինակած 44 գոլով: Ուկրաինացին ակումբի կողքին է եղել ծանր ժամանակներում և օգնել Առաջին լիգայից հասնել մինչև ուժեղագույնների մրցավազք:

«Ալեքսանդրիայի» գույներով ամենաշատ հանդիպումներին մասնակցել է Անդրեյ Զապորոժան՝ 12 տարի և 330 պաշտոնական մրցավեճ: 

Պարբերական հանդիպումներ

«Փյունիկն» ու «Ալեքսանդրիան» տարբեր տարիներին ընկերական խաղի շրջանակում հանդիպել են միմյանց: Դիմակայությունում առավելությունը ուկրաինական թիմի կողմն է՝ 2:1: Սակայն, վերջին խաղում «Փյունիկը» Արտակ Դաշյանի հեռվից կատարած դիպուկ և շքեղ հարվածի շնորհիվ կարողացել էր հաղթանակ տոնել նվազագույն հաշվով:

«Ալեքսանդրիան» 2022 թվականի դեկտեմբերից գլխավորում է 42-ամյա Ռուսլան Ռոտանը, որը որպես մարզիչ աշխատել է բացառապես Ուկրաինայում: Մասնագետը սիրում և հաճախ կիրառում է 4-2-3-1 դասավորությունը: Նորամուտի մրցաշրջանում (2022/23) Ռոտանին և իր թիմին մեկ միավոր չի բավականացնում եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար:

Ռուսլան Ռոտանը 4 ամիս եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և այժմ, ակումբից բացի, գլխավորում է նաև երկրի ֆուտբոլի Օլիմպիական հավաքականը:

Ռոտանը մեծ ճանաչում է վայելել Ուկրաինայում ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում: Նա 15 տարի հանդես է եկել ազգային հավաքականում և 2014/15 մրցաշրջանում թիմի ավագի կարգավիճակով «Դնիպրոյի» հետ դարձել է Եվրոպա լիգայի փոխչեմպիոն:
Ուկրաինայի ընթացիկ մրցաշրջանում «Ալեքսանդրիան» 16 խաղից հետո վաստակել է նույնքան միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը: Քաղաքային թիմը վերջին 5 պաշտոնական խաղում տոնել է 2 հաղթանակ և կրել 3 պարտություն՝ զուգահեռ դուրս մնալով նաև Ուկրաինայի գավաթի խաղարկությունից: 

Այս տարվա մարզական հավաքի ընթացքում «Ալեքսանդրիան» 7 խաղ է անցկացրել, գրանցել 3 հաղթանակ, մեկ ոչ-ոքի ու 3 պարտություն:

Վերջին նորություններ