«Փյունիկը» այսօր ավարտում է մեկամսյա ուսումնամարզական հավաքը արտերկրում: Մեր թիմը վերջին երկու օրվա ընթացքում նախ, 1:1 հաշվով ոչ-ոքի է գրանցել ուզբեկական «Պախտակորի» հետ, այնուհետ՝ 2:3 հաշվով համառ պայքարում զիջել է ուկրաինական «Ալեքսանդրիային»:
Ուզբեկստանի գործող չեմպիոնի հետ խաղը հարուստ չի եղել պահերով, սակայն թիմերը փոխանակվել են մեկական գոլով: Սեմ Հենդրիկսի գոլին ուզբեկական թիմից պատասխանել է Սայիդնուրլաև Սայիդումարը:
«Ալեքսանդրիայի» հետ եզրափակիչ ընկերական խաղում 5 է գոլ խփվել, և ուկրաինացիները հաղթանակի են հասել միայն հանդիպման վերջին րոպեներին: Մեր թիմից աչքի են ընկել Արտակ Դաշյանն ու Լուկա Յուրիչիչը:
Մեր թիմը հավաքի ընթացքում 7 հանդիպում է անցկացրել. «Նռնագույնները» մրցակցել են տարբեր երկրների հզորագույն թիմերի հետ՝ Դոնեցկի «Շախտյոր», «Ռիգա», «Օրդաբասի» և այլն: Ընդհանուր առմամբ, «Փյունիկը» հավաքի ստուգողական խաղերում գրանցել է 3-ական հաղթանակ և պարտություն, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: