0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Օրդաբասի». Թիմ, որը հեղինակություն ու չեմպիոնություն պարգևեց ղազախական ակումբին

«Փյունիկը» շարունակում է եվրագավաթային ճանապարհը, որտեղ հասել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլ: Մեր թիմի առաջիկա մրցակիցը Ղազախստանի գործող չեմպիոն «Օրդաբասին» է: Շիմկենտը ներկայացնող թիմը այստեղ է նահանջել Չեմպիոնների լիգայից, երբ դիմակայությունում 0:1 հաշվով պարտվել է մոլդովական «Պետրոկուբին»: 

Հայաստանի չեմպիոնը նախորդ փուլում դրամատիկ խաղում կարողացավ շրջանցել «Ստրուգային», իսկ «Օրդաբասին» ուժեղ գտնվեց Լյուքսեբուրգը ներկայացնող «Դիֆերդանժից» 11 մետրանոց հարվածաշարում: Հատկանշական է, որ առաջին խաղից հետո ղազախները զիջում էին հաշվի մեջ, իսկ պատասխան խաղում առաջինը գոլ բաց թողեցին, բայց կարողացան քամբեք կատարել ու գործը հասցնել ֆուտբոլային վիճակախաղին:

«Փյունիկը» տարվա սկզբում ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական խաղ է անցկացրել «Օրդաբասիի» հետ և հաղթել 4:2 հաշվով: Այդ խաղում գոլերով աչքի են ընկել Լուկա Յուրիչիչը, Լուկաս Վիլելան, Արտակ Դաշյանն ու Վագներ Գոնսալվեշը: 

Բայց մեր թիմը վճռական է շտկել վիճակագրությունը ղազախական թիմերի հետ պաշտոնական խաղերում, որը առայժմ բացասական է՝ 4 խաղ, 1 հաղթանակ և 3 պարտություն:

Նշենք, որ  «Օրդաբասիի» հետ դիմակայության առաջին խաղը կայանալու է Ալմաթիի Կենտրոնական մարզադաշտում, քանի որ նրանց տնային մարզադաշտի ստանդարտները չեն համապատասխանում Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլին։

Մեր մամուլի ծառայությունը դեռ ձմռանն անդրադարձել էր «Օրդաբասիի» պատմությանը. առաջարկում ենք վերհիշել Շիմկենտ քաղաքը ներկայացնող ակումբի պատմությունը և ծանոթանալ նոր փաստերի:

«Օրդաբասիի» ակունքները. նախ «Ժիգեր», հետո արդեն՝ «Տոմիրիս»

Շիմկենտ քաղաքի առաջին ակումբը կրել է «Դինամո Շիմկենտ» անվանումը, որը ստեծվել է 1949 թվականին: Հետագայում, մինչև լուծարումը, թիմը ունեցել է 5 տարբեր անվանումներ, սակայն ամենազգալի հաջողությունները գրանցել է «Ժիգեր» անունով:

Խորհրդային Միության տարիներին այս թիմը որևէ եղանակ չի ստեղծել ներքին առաջնություններում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992 թվականին, «Ժիգերը» ընդգրկվել է Ղազախստանի առաջնությունում: 

Անդրանից մրցաշրջանում 4-րդ տեղը զբաղեցնելուց հետո սկսում է թիմի անկումը. շուտով նրանք դուրս են մնում դուրս առաջնության լավագույն տասնյակից, 1994 թվականին «Ժիգերը» գավաթի խաղարկությունում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, սակայն դիմակայությունում 0:1 հաշվով ճանապարհը զիջում է Կարագանդայի «Շախտյորին»:

Կառուցողական նախագծի մեկնարկը

Ճգնաժամային ժամանակներում «Օրդաբասին» դադարեցնում է մասնակցությունը երկրի գլխավոր առաջնությանը, սակայն 2003 թվականին` նորից վերադառնում: 

Ղազախական ակումբի պատմության առաջին ոսկե էջը գրվում է 2011-ին, երբ նրանք Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպում են գործող չեմպիոն «Տոբոլին», որը ֆավորիտի կարգավիճակով էր մոտենում հանդիպմանը: Խաղի 40-րդ րոպեին Մուխտար Մուխտարովը գլխով կատարում է անկասելի հարված և օգնում «Օրդաբասիին» պատմություն կերտել:

Մեկ տարի հետո «Օրդաբասին» երկրորդ տիտղոսն է նվաճում. նրանք Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության են հասնում «Շախտյորի» նկատմամբ:

Եվրագավաթային ճանապարհ

«Օրդաբասին» եվրագավաթներում շոշափելի հաջողություններ չունի: Թիմը երկրորդ փուլից բարձր առաջ գնալ չի կարողացել ոչ մի մրցաշարում: 

Շիմկենտ քաղաքի ներկայացուցիչները իրենց անդրանիկ փորձը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ավարտել են հաղթանակով սերբական «Յագոդինայի» նկատմամբ: Սակայն հետո ղազախները ճանապարհը զիջել են նորվեգական «Ռուսենբորգին»՝ դիմակայությունում պարտվելով 3:4 հաշվով:

Կրկնակի հաջողություն

«Օրդաբասին» 2022 թվականին դառնում է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող: «Ակժայիկի» հետ որոշիչ խաղը դրամատիկ է ստացվում ու ավարտվում 5:4 հաշվով: Էլխան Աստանովը լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին մոտենում է 11 մետրանոց նշակետին և, անվրեպ իրացնելով այն, իր թիմին օգնում է նվաճել գավաթը:

Սակայն հաջորդ տարում պետք էր տեղի ունենալ ակումբի պատմության գլխավոր իրադարձությունը: 2023 մրցաշրջանում «Օրդաբասին» շշմեցրեց բոլորին ու 16-խաղյա անպարտելի շարք գրանցելուց հետո իր պատմության մեջ առաջին անգամ տիրացավ բաղձալի չեմպիոնությանը: 

Պայքար առաջարկելով Ղազախստանի հսկաներին` 50-ամյա մասնագետ Ալեքսանդր Սեդնևը և նրա տղաները հետևում թողեցին «Աստանային»: «Օրդաբասին» նաև ամենաարդյունավետն էր գոլային տարբերությամբ՝ 48 խփած, 21 բաց թողածի դիմաց: 

Չեմպիոնական տարում ամենաարդյունավետը Ասխատ Տագիբերգենն էր, որը դարձավ 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ թիմի պատմության լավագույն ռմբարկուն Դաուրենբեկ Տաժիմբետովն է՝ 40 գոլով:

Ընթացիկ մրցաշրջան. ովքեր են գործող անձիք «Օրդաբասիում»

«Օրդաբասիում» լեգիեոնականները 12-ն են: 

«Օրդաբասիից» 6 ֆուտբոլիստ հրավիրվում է Ղազախստանի ազգային հավաքական` ևս 2-ը Ուզբեկստանի` մեկն էլ Բելառուսի ազգային հավաքական

Ղազախստանում առաջնության ձևաչափը գարուն-աշուն է, և այդ պատճառով հիմնական տրանսֆերները երկրում հաճախակի կատարվում են ձմռանը։ Նոր մրցաշրջանից առաջ «Օրդաբասին» ձեռք էր բերել 9 ֆուտբոլիստի։ 

Տպավորիչ վիճակագրությամբ է առանձնանում թիմի նորեկ Ժասուր Յախշիբաևը, որը 10 խաղից հետո ներքին առաջնությունում խփել է 5 գոլ և կիսում է ռմբարկուների ցուցակում 2-րդ տեղը 3 ֆուտբոլիստի հետ։
Ներկայիս «Օրդաբասին». ինչ է առաջարկում Ալեքսանդր Սեդնևը

Բելառուս մասնագետը թիմին հիմնականում խաղադաշտ է դուրս բերում 3-4-2-1 դասավորությամբ: «Օրդաբասին» խաղերի մեծամասնությունում տիրում է նախաձեռնությանն ու աչքի ընկնում հարձակողական ֆուտբոլով: Սեդնևը այս թիմի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել է 2021 թվականի հունվարին: Ղազախական ակումբի հետ փորձառու մասնագետը նվաճել է երկրի գավաթն ու հաղթել առաջնությունում:

«Օրդաբասին» ներքին առաջնությունում 13 խաղից հետո վաստակել է 26 միավոր և մրցաշարային աղյուսակում 3-րդն է։ Վերջին 5 խաղերում ղազախական թիմը տոնել է մեկ հաղթանակ` գրանցելով երկուական ոչ-ոքի ու պարտություն։

Վերջին նորություններ