Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»:
Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեին գոլ խփելու հնարավորություն. «Արարատի» հարձակվողը դրվագներից մեկում մեն-մենակ մնաց Հենրի Ավագյանի հետ, սակայն չբացեց հաշիվը: Փոխարենը 27-րդ րոպեին, Յուսուֆ Օտուբանջոն գրեթե նույն դիրքից արդյունավետ հարվածով առաջ մղեց իր թիմին:
Երկրորդ խաղակեսում «Արարատի» ֆուտբոլիստները չէին կարողանում ոչինչ առաջարկել մեր պաշտպանությանը:
Եղիշե Մելիքյանը զգալով հաշվի վտանգը՝ դաշտ դուրս բերեց Սերժ Դեբլեին, որը վերջակետ դրեց այս խաղում: Հանդիպման 81-րդ րոպեին հարձակման աջ եզրում Ալեմաոյի օդային յուրօրինակ փոխանցումից հետո Դեբլեն մեկ հպումով անկասելի հարված կատարեց, որից հետո գնդակը դարպասաձողից անդրադարձով հայտնվեց մրցակցի դարպասում:
«Փյունիկի» ու «Նոայի» միջև հաջորդ տուրի հանդիպումը հետաձգվել է, այդ պատճառով Եղիշե Մելիքյանի թիմը նոյեմբերի 7-ին կանցկացնի «Գանձասարի» հետ 4-րդ տուրից հետաձգված հանդիպումը: Իսկ առաջնության փոխչեմպիոնի հետ հարաբերությունները կպարզի նոյեմբերի 24-ին: