Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» 5։0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Գանձասարին»։
Հանդիպման ամբողջ ընթացքում մեր թիմը տիրում էր նախաձեռնությանը։ Առաջին խաղակեսում դարպասապահի սխալից օգտվեց Ագդոն Մենեզեսը և բացեց հանդիպման հաշիվը։ Արդեն խաղակեսի վերջնամասում 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Յուսուֆ Օտուբանջոն։
Հայաստանի գործող չեմպիոնը երկրորդ խաղակեսի մեկնարկում հաշիվը խոշոր դարձրեց. Արտակ Գրիգորյանը մեկ հպումով՝ բիլիարդային հարվածով գրավեց «Գանձասարի» դարպասը։ Յուսուֆ Օտուբանջոն ևս 2 անգամ պատժեց մրցակցին՝ ձևակերպելով հեթ-տրիկ ու հանդիպման վերջնաարդյունքը՝ 5։0։
Այս խաղում «Փյունիկի» հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշեց 16-ամյա Ժիրայր Աշիկյանը։ Ժիրայրը այս խաղում նշում էր ոչ միայն իր դեբյուտային հանդիպումը, այլ նաև ծննդյան տարեդարձը:
«Փյունիկը» այս խաղից հետո գնում է միջազգային դադարի։ Եղիշե Մելիքյանի թիմը նոյեմբերի 21-ին տնային հանդիպում կանցկացնի «Վեստ Արմենիայի» հետ։