«Փյունիկը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում 1:0 հաշվով հաղթեց «Գանձասարին»:
Առաջին խաղակեսում «Փյունիկի» սպառնալից գրոհներին հյուրերը նույնպես պատասխանում էին, սակայն հաշիվն առաջին 45 րոպեներին չբացվեց:
Երկրորդ խաղակեսում Հայաստանի գործող չեմպիոնը սկսեց ինտենսիվ փորձերը, բայց առաջնության նորեկը կարողանում էր անառիկ պահել սեփական դարպասը:
Մրցավարի ավելացված ժամանակում Յուսուֆ Օտուբանջոյի հարվածից հետո հյուրերի պաշտպանը տուգանային հրապարակում ձեռքով գործեց և 11 մետրանոց բերեց սեփական դարպասին:
Գնդակին մոտեցավ Սերժ Դեբլեն և անկասելի հարվածով խփեց հանդիպման հաղթական գնդակը:
Այս խաղով իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց Արտակ Գրիգորյանը: Մեր 10 համարը «Փյունիկի» հետ անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն՝ իր կարիերայում 6-րդ անգամ: Բացի դրանից, Գրիգորյանը անցկացրած խաղերի քանակով 3-րդն է Հայաստանի առաջնության պատմության մեջ:
Եղիշե Մելիքյանի թիմը ձմեռային դադարի է գնում 16 խաղից հետո վաստակած 34 միավորով: Հավելենք, որ դեռ «Փյունիկին» չի տրվել «Վեստ Արմենիայի» հետ խաղի 3 միավորը, երբ մրցակիցը չէր ներկայացել հանդիպմանը: