
Ուրախ ենք հայտնել, որ «Փյունիկի» ակադեմիայի աղջիկների թիմերից Արևիկ Համբարձումյանը, Լիլիթ Հակոբյանը, Սոֆի Մհերյանը և Սյուզի Սայրատյանը մրցաշրջանի երկրորդ հատվածում հանդես են գալու հիմնական թիմում:
Արևիկ Համբարձումյանը և Սոֆի Մհերյանը դեռ նախորդ մրցաշրջանից, երբ «Փյունիկ Աղջիկները» դարձան չեմպիոն, նշել էին իրենց նորամուտը գլխավոր թիմում:
«Մեր զարգացման ծրագրին համաձայն՝ որոշեցի ակադեմիայի սաներից մի քանիսին հնարավորություն տալ Բարձրագույն խմբում: Սա կարևոր քայլ է, քանի որ ունենք փորձառու ֆուտբոլիստներ, որոնցից մեր պատանիները վստահաբար շատ բան կսովորեն: Այս պահին առաջնությունում անպարտելի լինելը հնարավորություն է ընձեռում ավելի շատ խաղաժամանակ տրամադրելու մեր երիտասարդ ֆուտբոլիստուհիներին»,-նշել է գլխավոր մարզիչ Արմեն Բարեղամյանը:
«Փյունիկ Աղջիներն» ընթացիկ մրցաշրջանում 10 խաղից հետո տոնել են նույնքան հաղթանակ: Մեր ֆուտբոլիստուհիները 17 միավորով առաջ են մոտակա հետապնդողից և մոտ են երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի չեմպիոն դառնալուն: