
Կիպրոսի Այիա Նապա քաղաքում ավարտվեց «Elite Neon Cup» միջազգային ամենամյա մրցաշարը, որին մեր ակադեմիայից մասնակցում էր «Փյունիկ 2010» թիմը:
Մեր թիմն ընդգրկված էր E խմբում: Մեկնարկային հանդիպումը փյունիկցիների համար հաջող ստացվեց, որտեղ 2:0 հաշվով Գագիկ Գրիգորյանի և Ռոբերտ Հովակիմյանի գոլերի շնորհիվ առավելության հասանք «Ատրոմիտոսի» նկատմամբ: Մի քանի ժամ անց մեզ սպասվում էր խմբում մյուս հանդիպումը, որտեղ համառ պայքարում տղաները գոլազուրկ ոչ-ոքի անցկացրեցին ՊԱԵԵԿ-ի հետ: Խմբային փուլում վերջին հանդիպումը դանիական «Միթյուլանդի» դեմ էր, որտեղ մենք կրեցինք մրցաշարի առաջին պարտությունը 0:2 հաշվով:
«Մրցաշարը մի քանի մասի կարելի է բաժանել», – նշել է գլխավոր մարզիչ Ստեփան Հարությունյանը։ «Առաջին երկու խաղերից հետո գրանցել էինք մեկ հաղթանակ և մեկ ոչ-ոքի: Արդեն 3-րդ տուրում դանիական լավ պատրաստված թիմից պարտություն կրեցինք, բայց տղաները պայքարեցին մինչև վերջ, և, կարող եմ ասել, որ ամենաշատ փորձը հենց այդ պարտությունից ունեցանք»։
Արդյունքում «Փյունիկ 2010»-ը խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը: Հաջորդ խաղում մեր թիմը 0:2 հաշվով զիջեց կիպրական «Պաֆոսին»։ «Ֆուտբոլիստների մոտ հոգնածությունը զգացվեց «Պաֆոսի» հետ խաղում, սակայն, այստեղ ևս կարևորը փորձն էր, որը տվեց մեզ այդ խաղը։ Վնասվածքներ ստանալու ռիսկ ևս կար, բայց սպասվածից ավելի քիչ կորուստներ եղան այս ծանրաբեռնված խաղերի ընթացքում», – հավելել է մարզիչը։
Արդեն երկրորդ հանդիպման ժամանակ մեր տղաները 3:0 հաշվով հաղթեցին՝ Հայաստանը ներկայացնող «Ուրարտու»-ին։ Հաղթական խաղում գոլերով աչքի ընկան Վարդան Մինասյանը, Ռոբերտ Հովակիմյանը և մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ:
«Այսպիսի մրցաշարերը կարևոր նշանակություն ունեն մեր սաների համար՝ հնարավորություն տալով միջազգային մակարդակում փորձել իրենց ուժերը։ Շնորհակալ ենք ակումբի ղեկավարությանն այսպիսի հնարավորության և մեծ փորձի համար: Մենք Հայաստան ենք վերադառնում ավելի ուժեղ»,-եզրափակել է թիմի գլխավոր մարզիչը։