0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում հյուրընկալվեց առաջնության հետնապահ «Գանձասարին»։

Երեք օր առաջ Հայաստանի Սուպերգավաթի մրցավեճում կրած դառը պարտությունից հետո, մեր թիմին անպայման հաղթանակ էր անհրաժեշտ այս խաղում՝ հոգեբանորեն վերակագնվելու համար։ «Փյունիկի» մեկնարկային կազմում այս տարի առաջին անգամ ասպարեզ էր դուրս եկել ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն, ով ապաքինվել էր վնասվածքից։

Ցավոք, առաջին կեսն անհաջող դասավորվեց մեր թիմի համար։ 27-րդ րոպեին Վահագն Հայրապետյանը գնդակը կախեց «Փյունիկի» տուգանային հրապարակ, որտեղ առաջինն արձագանքեց Լյուկ Մերիլն, ում փոխանցումից հետո գնդակը դարպասաձողից անդրադարձով դիպավ Սերգեյ Վակուլենկոյին ու հատեց դարպասային գիծը։

Մինչև ընդմիջման գնալը «Փյունիկը» իրական պահ ուներ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Էդգար Մալաքյանի նուրբ փոխանցումից հետո Դանիիլ Կուլիկովը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։

Երկրորդ կեսի մեկնարկից առաջ Եղիշե Մելիքյանը կրկնակի փոփոխություն կատարեց․ Արթուր Գրիգորյանի և Թեմուր Ջիկիայի փոխարեն ասպարեզ դուրս եկան Սերժ Դեբլեն ու Յուսուֆ Օտուբանջոն։ Փոխարինումները որոշակիորեն ակտիվացրին մեր թիմի խաղն առջևի գծում։

66-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն կրնկով փոխանցումով պատ խաղարկեց Սերժ Դեբլեի հետ, ապա ներխուժելով տուգանային հրապարակ, վարպետորեն շրջանցեց պաշտպան Վահե Մուրադյանին ու գնդակն ուղարկեց «Գանձասարի» դարպասը՝ 1-1։ Ի դեպ, այդ գոլով նիգերիացի ֆուտբոլիստը դարձավ Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը (87 գոլ)՝ շրջանցելով մեր թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելիին։

Ընդամենը 2 րոպե անց, «Փյունիկն» արդեն հայտնվեց հաղթողի դերում։ Վագներ Գոնսալվեշի փոխանցումից հետո Ժոել Բոպեսուն հայտնվեց ճիշտ տեղում ու առաջ մղեց մեր թիմին։ Իսկ մրցավարի ավելացված ժամանակի վերջին րոպեին փոխարինման մտած Մատաս Վարեյկան գրեթե դաշտի կենտրոնից մրցակցի դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկեց «Գանձասարի» դարպասն ու դարձավ հրաշալի գոլի հեղինակ։

«Փյունիկը» հաղթեց 3-1 հաշվով ու վաստակած 47 միավորով առայժմ գտնվում է 4-րդ տեղում։ Առաջնության հաջորդ խաղում՝ ապրիլի 19-ին, մեր թիմը կմրցի «Ուրարտուի» հետ։

Վերջին նորություններ