«Փյունիկը» նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղն անցկացրեց՝ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելով Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»։
Հանդիպումից առաջ մեր թիմի հաջողությանը գրեթե ոչ ոք չէր կասկածում և խաղի ընթացքն էլ ցույց տվեց, որ «Փյունիկը» մրցակցին կարող էր հաղթել նույնիսկ խոշոր հաշվով։
Եղիշե Մելիքյանը մեր թիմի մեկնարկային կազմում ընդգրկել էր վեց նորեկների՝ Հենրի Ավագյանին, Ֆիլիպե Ալմեյդային, Ալեքսանդր Միլկովիչին, Սեադ Իսլամովիչին, Գևորգ Տարախչյանին և Սարգիս Մեթոյանին։ Ընդ որում, տևական դադարից հետո «Փյունիկ» վերադարձած սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը ստանձնել էր թիմի ավագի պարտականությունները։
Հենց խաղասկզբից մեր ֆուտբոլիստները դրության տերն էին ու փորձում էին տարբեր ուղղություններով գրոհներ ձեռնարկել։ Արդեն 8-րդ րոպեին Միլկովիչի հեռահար հարվածից հետո մրցակցի դարպասապահ Միկելե Նարդին գնդակը շեղեց անկյունային։
Առաջին կեսում մեր թիմի կազմում ամենաակտիվներից մեկը՝ Յուսուֆ Օտուբանջոն էր, ում մի քանի դրվագներում հիանալի հնարավորություն ընձեռվեց աչքի ընկնելու համար։ Սակայն նիգերիացի հարձակվողին համառորեն բախտը չէր ժպտում այս խաղում։ Ի դեպ, Յուսուֆի համար այս հանդիպումը 28-րդ էր «Փյունիկի» կազմում եվրագավաթային խաղերում ու այդ ցուցանիշով նա դարձավ ռեկորդակիր։
30-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո դարպասը գրավելուն շատ մոտ էր Սերգեյ Վակուլենկոն, ում գլխի հարվածից հետո «Տրե Ֆիորիին» օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։
Առաջին կեսում մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանն ընդամենը մեկ անգամ լրջորեն մտավ խաղի մեջ, երբ Մարիո Ֆերրին մոտ տարածությունից հարվածեց ուղիղ նրա վրա։
Ընդմիջումից հետո դրության տերը կրկին «Փյունիկն» էր ու տպավորություն կար, որ մեր թիմը ուր որ է կհասնի արդյունքի։
Սակայն 63-րդ րոպեին անսպասելի հանգուցալուծում եղավ․ «Տրե Ֆիորիի» սակավաթիվ գրոհներից մեկի ժամանակ, Մատեո Պրանդելին մեկ հպումով գնդակը փոխանցեց Մատեո Մանֆրոնիին, իսկ վերջինս էլ ընթացքից կատարած հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը։
Բնականաբար, մեր թիմը անակնկալի եկավ ընդունած գոլից հետո և Եղիշե Մելիքյանը միանգամից եռակի փոփոխություն կատարեց՝ ասպարեզ դուրս բերելով «Փյունիկի» երեք նորեկների՝ Նիկոլաոս Կայնուրգիոսին, Դանիել Աղբալյանին և Խավի Մորենոյին։
75-րդ րոպեին «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս եկավ ևս մեկ նորեկ՝ կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին, ով բավականին ակտիվ մտավ խաղի մեջ ու երկու անգամ լրջորեն սպառնաց մրցակցի դարպասին։
Խաղի ավելացված ժամանակում «Փյունիկն» իսկական գրոհների հեղեղ ստեղծեց «Տրե Ֆիորիի» դարպասի մոտ և դրվագներից երկուսում Յուսուֆ Օտուբանջոյի հարվածներից հետո Նարդին հրաշքով փրկեց իր թիմին վերահաս գոլերից։
Մեր թիմին այդպես էլ չհաջողվեց փրկել խաղն ու 0։1 հաշվով պարտություն կրեց, սակայն «Փյունիկն» ի զորու է պատասխան խաղում հետ բերել կորցրածն ու լուծել դիմակայության հաղթողի հարցը։