0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Դյոր ԷՏՕ». Ներկայացնում ենք մեր մրցակցին

Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման 2-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցն է՝ հունգարական «Դյորը»։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է հուլիսի 24-ին, Երևանում։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 31-ին, Հունգարիայի Դյոր քաղաքում։

«Դյոր ԷՏՕ» ակումբը ստեղծվել է 1904 թվականին և ներկայացնում է Հունգարիայի Դյոր քաղաքը։

«Դյորը» 4 անգամ (1963, 1981/82, 1982/83, 2012/13 թթ․) դարձել է Հունգարիայի չեմպիոն, նույնքան անգամ (1965, 1966, 1967, 1978/79 թթ․) գավաթակիր և մեկ անգամ (2013 թ․) նվաճել է երկրի սուպերգավաթը։

Թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է Դյոր քաղաքում գտնվող «ԷՏՕ Պարկ» մարզադաշտում, որը տեղավորում է 15600 հանդիսական։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2008 թվականին և այն փոխարինել է նախկին ԷՏՕ մարզադաշտին։

Նախորդ ամիս ակումբը ներկայացրեց իր նոր տարբերանշանը, որում պահպանվել են թիմի ավանդական կանաչ և սպիտակ գույները, վահանը և ծաղկեպսակը։

Հատկանշական է, որ հենց «Դյորում» է սկսել իր կարիերան հունգարացի ֆուտբոլիստ Միկլոշ Ֆեհերն, ով 2004 թվականի հունվարին Լիսաբոնի «Բենֆիկայում» հանդես գալու ընթացքում խաղերից մեկի ժամանակ մահացել էր սրտի կանգի պատճառով։ Հարգանքի տուրք մատուցելով Միկլոշ Ֆեհերին՝ «Դյոր» ակումբը նրա անունով է անվանակոչել իր ֆուտբոլի ակադեմիան։

2024 թվականի ապրիլից «Դյորը» գլխավորում է 45-ամյա սլովակ մասնագետ Բալաժ Բորբելին։ Վերջինս իր ֆուտբոլային կարիերայում հասցրել է խաղալ Սլովակիայի «Արտմեդիա Պետրժալկայում», գերմանական «Կայզերսլաուտերնում» և ռումինական «Տիմիշոարայում»։ Ի դեպ, ռումինական թիմում նրա խաղընկերներն են եղել 2000-ականների սկզբների «Փյունիկի» առաջատարներից՝ Արման և Արտավազդ Քարամյանները։ Բորբելին նաև 15 հանդիպում է անցկացրել Սլովակիայի ազգային հավաքականում։

«Դյորը» 19-րդ անգամ դուրս կգա եվրոպական մրցասպարեզ։ Հունգարական թիմը եվրագավաթների խաղարկություններում իր լավագույն արդյունքը գրանցել է Եվրոպական չեմպիոնների գավաթի (ներկայիս՝ Չեմպիոնների լիգա) 1964/65 թթ․ խաղարկությունում, երբ հասել էր մինչև կիսաեզրափակիչ ու երկու հանդիպումներում (0:1, 0:4) զիջել Լիսաբոնի «Բենֆիկային»։ Եվրագավաթներում հունգարական թիմն առայժմ վերջին անգամ մասնակցել է Եվրոպա Լիգայի 2014/15 թթ․ խաղարկությունում, որտեղ երկու խաղերի արդյունքով (0:3, 1:0) զիջել է շվեդական «Գյոտեբորգին»։

Հունգարիայի 2024/25 թթ. առաջնությունում, «Դյորը»՝ որպես առաջնության նորեկ, զբաղեցրեց պատվավոր 4-րդ տեղն ու եվրագավաթային ուղեգիր նվաճեց։

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին՝ «Դյորը» նախապատրաստական շրջանի ընթացքում ստուգողական հանդիպումներ է անցկացրել չեխական «Արտիս Բրնոյի» (1:1), սերբական «Բաչկա Տոպոլայի» (3:1), իսրայելական «Մաքքաբի Հայֆայի» (0:2) և ուկրաինական «Կարպատների» (2:1) հետ։

«Փյունիկի» դեմ խաղի «Դյորի» հայտացուցակի 25 ֆուտբոլիստներից`12-ը հունգարացիներ են, 3-ը ներկայացնում են Ռումինիան, 2-ը՝ Սերբիան, ինչպես նաև հայտավորված են մեկական ֆուտբոլիստ Սլովակիայից, Շվեդիայից, Ալժիրից, Գամբիայից, Տոգոյից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Ավստրիայից։

Վերջին նորություններ