Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հունգարական «Դյորի» դեմ տնային խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և թիմի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են թիմի պատրաստվածության, մրցակցի ուժեղ կողմերի, երկրպագուների աջակցության կարևորության և այլ թեմաների վերաբերյալ։
Էդգար Մալաքյան․
«Իմ մարզավիճակը նորմալ է, 100 տոկոսով մասնակցում եմ մարզումներին, բայց մարզիչն է որոշում՝ որքանով կարող եմ օգտակար լինել թիմին։ Թիմում մթնոլորտը շատ լավ է ինչպես միշտ։ Լուրջ կերպով ենք պատրաստվել այս հանդիպմանը։ Կարծում եմ՝ լավ խաղ է սպասվելու վաղը՝ դրական ավարտով։ «Դյորը» լավ թիմ է, արժանի մրցակից, սակայն մենք էլ ենք ուժեղ թիմ և ունենք բոլոր հնարավորությունները՝ երկրպագուների աջակցությամբ հաղթելու համար»։
Եղիշե Մելիքյան․
««Դյորը» լուրջ մրցակից է, մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Մենք պետք է շատ աշխատենք ու չարչարվենք, որպեսզի կարողանանք հաղթել։ Դիտել ենք մրցակցի խաղերը, վերլուծել ենք թիմի խաղաոճը։ Ժամանակակից, արագ ֆուտբոլ են խաղում, ունեն լավ կազմակերպված ստանդարտներ և անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ։ Երիտասարդ թիմ են ու երկար ժամանակ միասին են խաղում, ի տարբերություն մեզ։ Սրանք նրանց ուժեղ կողմերն են, թույլ կողմերի մասին չեմ ուզում խոսել։ Միայն կնշեմ այն, որ մենք ավելի փորձառու թիմ ենք՝ եվրագավաթային իմաստով։ Մենք էլ մեր առավելությունները ունենք, մեր բնավորությունը պակաս չի լինի, ավել կլինի մեր երկրպագուների շնորհիվ։ Շատ կխնդրեմ, որ վաղը նրանք մեզ աջակցեն, որովհետև ես զգում եմ, որ մեր թիմն աջակցելուց ավելի է ոգևորվում, ավելի է ուժեղանում, բարձրանում է թիմային ոգին։ Երկրպագուների շնորհիվ թիմը միացնում է իր տուռբոն, դրա համար էլ շատ կարևոր է նրանց աջակցությունը։
Ինչ վերաբերվում է մարզչական շտաբին, մենք լիովին պատրաստ ենք այս թիմին։ Ինչքան հնարավոր է վերլուծել ենք նրանց, մտքեր, պլաններ և ինֆորմացիա տվել ենք թիմին, հուսով ենք ամեն ինչ արել ենք, որ թիմը ճիշտ պատրաստվի։ Մեր մրցակիցը լուրջ մրցակից է, բայց համոզված եմ, որ իրենք էլ են այդպես մտածում մեր մասին և եկել են այստեղ ու ուզում են հաջողության հասնել: Նրանք պետք է շատ չարչարվեն մեզ մոտ, իսկ մենք կփորձենք չթողնել նրանց հաղթել, որովհետև մենք շատ ենք ուզում անցնել այս թիմին»: