0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» դիմակայության առաջին խաղում հաղթեց «Դյորին»

Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ․ խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունեց հունգարական «ԷՏՕ Դյորին»։

Մեր թիմն ամենայն լրջությամբ էր նախապատրաստվել այս խաղին, առավել ևս, որ մրցակիցը կարգով անհամեմատ ավելի բարձր էր, քան նախորդ փուլում «Փյունիկի» մրցակից՝ Սան Մարինոյի «Տրե Ֆիորին»։

Ինչպես նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշեց մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, «Դյորի» դեմ խաղում նա «Փյունիկի» մեկնարկային կազմն ընտրելիս ավելի շատ նախապատվությունը տվել է թիմի ավելի փորձառու տղաներին։

Խաղի առաջին րոպեները ցույց տվեցին, որ մեր մրցակիցը ֆիզիկապես ամուր թիմ է ու իր կազմում ունի լավ խաղացողներ։ Պատահական չէր, որ գնդակին ավելի շատ տիրում էին «Դյորի» ֆուտբոլիստները, սակայն «Փյունիկն» էլ իր հերթին առիթը բաց չէր թողնում կտրուկ հակագրոհներով անակնկալի բերել մրցակցին։

21-րդ րոպեին մեր թիմի պաշտպան Նիկոլաոս Կայնուրգիոսը դաշտի կենտրոնական հատվածում խլեց գնդակը մրցակցից ու այն փոխանցեց Մատաս Վարեյկային, իսկ վերջինս էլ պատ խաղարկելով Խավի Մորենոյի հետ, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն «Դյորի» շվեդ պաշտպան Ալեքսանդեր Աբրահամսոնը խախտեց խաղի կանոններն ու մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը։

Գնդակին մոտեցավ Մարիուս Նուբիսին և անվրեպ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Կամերունցի հարձակվողը «Փյունիկի» կազմում եվրագավաթային երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ՝ երկուսն էլ 11 մետրանոցից։

36-րդ րոպեին հյուրերն առաջին անգամ լրջորեն սպառնացին Հենրի Ավագյանի դարպասին, երբ Միլան Վիտալիսի վտանգավոր հարվածից հետո գնդակը, բարեբախտաբար, դիպավ Ալեքսանդր Միլկովիչին ու շեղեց ուղղությունը։ Քիչ անց Նադիր Բենբուալիի գլխով հարվածից հետո բախտը ժպտաց մեր թիմին։

Հաջորդ իսկ գրոհի ժամանակ Մարիուս Նուբիսին փորձեց խաղը վերցնել իր վրա, ներխուժեց տուգանային հրապարակ ու նրա հարվածից հետո գնդակի ճանապարհին կանգնեց մրցակցի պաշտպանը, թեպետ, այդ դրվագում մեր հարձակվողը չնկատեց ավելի նպաստավոր դիրքում հայտնված Խավի Մորենոյին։

Երկրորդ կեսի հենց սկզբում «Փյունիկը» հիանալի հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշիվը։ Մատաս Վարեյկան իր եզրով մեծ արագությամբ մտավ «Դյորի» տուգանային հրապարակ, շրջանցեց պաշտպանին, բայց նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։

Դրանից հետո Մարիուս Նուբիսին լավ պահ ունեցավ դառնալու դուբլի հեղինակ, սակայն մրցակցի խաղացող Միլյան Կրպիչը վերջին պահին հասցրեց փակել գնդակի ճանապարհը։

«Դյորի» ֆուտբոլիստներն աստիճանաբար փորձեցին մեծացնել ճնշումը և 58-րդ րոպեին Կլաուդիու Բումբայի փոխանցումից հետո Սամսինդին Օուրոն մոտ տարածությունից գլխով բարձր հարվածեց, իսկ մեկ րոպե անց Ժելկո Գավրիչը պարզապես ներեց մեր թիմին՝ չօգտագործելով հիանալի պահը։

63-րդ րոպեին արդեն Հենրի Ավագյանը ցուցադրեց իր վարպետությունը, երբ սկզբում հետ մղեց մրցակցի ֆուտբոլիստի հեռու տարածությունից հարվածն, ապա վրա հասած Կլաուդիու Բումբայի հարվածից հետո, Հենրին գերազանց ռեակցիա դրսևորեց ու փրկեց մեր թիմին։

Բարեբախտաբար, «Փյունիկը» հաջողությամբ դիմագրավելով մրցակցի ճնշումը, 66-րդ րոպեին կարողացավ խփել երկրորդ գնդակը։ Աջ թևում Ալեմաո-Խավի Մորենո զույգի լավ համագործակցության արդյունքում, մրցակցի տուգանային հրապարակում գնդակը ստացավ Մարիուս Նուբիսին ու այն փոխանցեց դեպի գրոհին միացած Դանիիլ Կուլիկովն, ով էլ հաշիվը դարձրեց 2:0: Դա արդեն «Փյունիկի» կողմից հաղթանակի լուրջ հայտ էր։

Թվում էր, որ այդ հաշիվը լիովին ձեռնտու կլինի մեր թիմին պատասխան խաղից առաջ, սակայն 78-րդ րոպեին Միլան Վիտալիսի փոխանցումից հետո, «Փյունիկի» ավագ Ալեքսանդր Միլկովիչն անհաջող հեռացրեց գնդակն ու այն հայտնվեց մեր դարպասում։ Բաց թողած ոչ պարտադիր գոլը փոքր-ինչ փչացրեց «Հանրապետական» մարզադաշտում տիրող ընդհանուր ոգևորությունը։

Այնուամենայնիվ, խաղի ավելացված ժամանակում մեր թիմը կարող էր հետ բերել 2 գնդակի առավելությունը, բայց Սերգեյ Վակուլենկոն լավ դիրքում նշանակված տուգանայինից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա։

«Փյունիկն» առավելության հասավ 2:1 հաշվով ու լավ հնարավորություններ է պահպանում հաղթելու այս դիմակայությունում, որի պատասխան խաղը կկայանա հուլիսի 31-ին։

Վերջին նորություններ