0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Եղիշե Մելիքյանի և Մատաս Վարեյկայի նախախաղային մամուլի ասուլիսը «Դյորի» դեմ խաղից առաջ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ տեղի ունեցավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստ Մատաս Վարեյկայի նախախաղային մամուլի ասուլիսը։

Մատաս Վարեյկա

– Մատաս, ի՞նչ սպասումներ ունես վաղվա խաղից և ինչպիսի՞ մրցակից է «Դյորը»:

- Սպասում եմ շատ բարդ խաղի՝ ուժեղ մրցակցի դեմ։ «Դյորը» որակով թիմ է, ու վաղը նրանք մեծ էներգիայով դուրս կգան խաղադաշտ՝ իրենց երկրպագուների առաջ։ Մեր խնդիրն է՝ պատասխանել այդ էներգիային ու հավասարեցնել խաղը։ Մենք չենք խաղալու ոչ-ոքիի համար, մենք խաղալու ենք հաղթանակի համար։

– Թիմն արդեն հաղթահարել է առաջին փուլը։ Ի՞նչ տրամադրություն և մոտիվացիա կա երկրորդ փուլից առաջ։

- Թիմի տրամադրությունը շատ լավ է։ Կարծում եմ՝ առաջին փուլում մի փոքր բախտն էլ մեր կողմն էր մրցակցի հարցում։ Այնպես որ, ինձ թվում է՝ մեր իրական եվրոպական ուղին հենց այս փուլից է սկսվում։

– Մատաս, դու արդեն տևական ժամանակ է, ինչ հանդես ես գալիս «Փյունիկում»՝ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբում, որը գարնանը ոչ լավագույն մրցաշրջան ուներ, սակայն այս ամառ արդեն երկու հաղթանակ է գրանցել եվրագավաթներում։ Այս ընթացքում հասցրե՞լ ես լիարժեք ճանաչել «Փյունիկի» արժեքները։ Ինչպե՞ս ես գնահատում ակումբի փիլիսոփայությունն ու նպատակները։

- Ես «Փյունիկին» ճանաչում էի դեռ այն ժամանակվանից, երբ նրանք խաղում էին «Ժալգիրիսի» դեմ, իսկ ես «Ժալգիրիսում» էի։ Գիտեմ, որ սա Հայաստանի ամենամեծ ակումբն է, ու այստեղ միշտ հաղթելու ճնշում կա։ Մենք ցանկանում ենք հաղթել ամեն խաղում։ Դա ինձ շատ դուր է գալիս։ Այդ է պատճառը, որ ես ձմռանն ընտրեցի այս ակումբը։

Եղիշե Մելիքյան

– Ինչպե՞ս եք գնահատում վաղվա խաղը և թիմի պատրաստվածությունը։

- Տանը մենք շատ դժվարությամբ հաղթեցինք։ Այստեղ մրցակցի համար սա տնային խաղ է, և ակնհայտ է՝ նրանք ավելի ուժեղ են հանդես գալու՝ երկրպագուների աջակցությամբ։ Բայց մենք և՛ տակտիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստել ենք թիմին։ Չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք վաղը, որոնք չենք կարողանա լուծել, բայց շատ դժվար է լինելու։ Մենք գիտենք՝ եթե գանք ոչ-ոքիի համար, կպարտվենք։ Դրա համար եկել ենք գոլ խփելու ու հաղթելու համար։ Մենք ուզում ենք այստեղ արդյունքի հասնել հաղթանակով։

– Յուսուֆ Օտուբանջոյի բացակայությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա թիմի վրա։

- Այո, կորուստն, անշուշտ, չնախատեսված էր։ Բայց սա ֆուտբոլ է։ Նրա պայմանագիրն ավարտվում էր օգոստոսի 1-ին, ու նա ուներ լավ առաջարկ։ Մենք չէինք կարող չընդառաջել՝ հաշվի առնելով նրա ներդրումը «Փյունիկում»։ Նա արդեն հոգեպես մեր թիմի հետ չէր, և նման պայմաններում ճիշտ չէր լինի նրան բերել այս խաղին ու պահանջել ամբողջ ուժով պայքարել։ Փորձը ցույց է տալիս՝ եթե ֆուտբոլիստը հոգեբանորեն թիմի հետ չէ, նա չի կարող պայքարել։ Մեզ դուր եկավ թե ոչ, բայց այստեղ ոչ ոք մեղավոր չէ։ Սա պարզապես ֆուտբոլ է։

Վերջին նորություններ