0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է «Փյունիկից»

Նիգերիացի հարձակվողը «Փյունիկում» հանդես էր գալիս 2022 թվականի հունիսից։

Մեր թիմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Օտուբանջոն «Փյունիկի» հետ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ։ Նույն մրցաշրջանում նա մեր թիմի կազմում հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում, որտեղ գրավել է Բրատիսլավայի «Սլովանի» և լիտվական «Ժալգիրիսի» դարպասները։

2022/23 թթ․ մրցաշրջանում Օտուբանջոն մեր թիմի մյուս հարձակվող՝ Լուկա Յուրիչիչի հետ 17-ական գոլով ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության լավագույն ռմբարկու։

Հաջորդ մրցաշրջանում Յուսուֆ Օտուբանջոն օգնել է «Փյունիկին» իր պատմության մեջ 16-րդ անգամ հռչակվել Հայաստանի չեմպիոն, իսկ նիգերիացի ֆուտբոլիստը խփած 21 գոլով այս անգամ երկրորդն էր ռմբարկուների մրցապայքարում։

Այս տարի Յուսուֆ Օտուբանջոյին հաջողվեց եվրագավաթներում մեր թիմի կազմում երկու նվաճման հասնել․ Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» դեմ պատասխան խաղում դառնալով դուբլի հեղինակ, Օտուբանջոն եվրագավաթներում խփած 7 գոլով դարձավ ինչպես «Փյունիկի», այնպես էլ հայկական ակումբների լավագույն ռմբարկուն, իսկ ահա հունգարական «Դյորի» դեմ երևանյան խաղը նրա համար 30-րդն էր եվրագավաթներում «Փյունիկի» կազմում ու այդ ցուցանիշով դարձավ մեր թիմի ռեկորդակիրը։

Հարկ է նշել, որ Օտուբանջոն խփած 90 գոլով համարվում է Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը։

Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկում» անցկացրել է 123 խաղ, որոնցում դարձել է 60 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Յուսուֆ Օտուբանջոն մեր թիմում ունեցած վառ ելույթներով ու անձնական ցուցանիշներով արդեն իսկ դարձել է «Փյունիկի» պատմության լավագույն այլազգի ֆուտբոլիստը։

Շնորհակալություն ենք հայտնում Յուսուֆ Օտուբանջոյին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների համար և մաղթում նրան հաջողություններ հետագա կարիերայում։

Վերջին նորություններ